«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Հովհաննիսյանը 1998-2005թթ. ղեկավարել է Երեւանում ամերիկյան HPLA ծրագրային ընկերությունը: Մինչ 1998թ.` վեց տարի եղել է ԱՄՆ դեսպանի օգնականը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցը, որից հետո եղել է ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի ներկայացուցիչ եւ Երեւանում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն ծառայության ղեկավար: Հանդիսացել է ՀՀ-ում Ամերիկյան պալատի համահիմնադիրներից մեկը: Բիզնես կրթությունը ստացել է Կանադայում եւ ԱՄՆ-ում: Ներդրումային միջավայրի բարելավման ակտիվ լոբբիստ է:
Հեղինակ է գործարար եւ ՀՀ-ում ՏՏ ոլորտի զարգացման թեմաներով բազմաթիվ հրապարակումների եւ վերլուծությունների:
– Անդրադառնո՞ւմ է արդյոք տնտեսական ճգնաժամը ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի ընկերությունների գործունեության վրա:
– Իհարկե, անդրադառնում է: Հայաստանը առանձնացված կղզյակ չէ, առավել եւս այստեղ գործող ՏՏ ընկերությունները: Օրինակ, Ամերիկյան ընկերությունների կլաստերը Երեւանում, որի մեջ է նաեւ «Սինոփսիսը», եւ որն ապահովում է միկրոէլեկտրոնիկայի միջազգային արդյունաբերության պահանջները, չի կարող դա չզգալ: Ամբողջ աշխարհում բնակչությունն այժմ նվազեցրել է ռադիոէլեկտրոնային սարքավորումների գնումները, եւ շղթայական կերպով հարվածը հասել է նրանց, ովքեր օգնում են նախագծել այդ միկրոսխեմաներն ու նրանց ծրագրային միջուկները:
Այլ բան է, թե ինչպես է այս կամ այն ընկերությունը տանում այս ժամանակավոր ճգնաժամը, եւ որքանով է այն նախապատրաստված եղել դրան: Ոչ առանց բավականության կնշեմ, որ շնորհիվ կիրառված լավ բիզնես մոդելի, արտոնագրերի վաճառքի եւ շահույթի հաշվառման լավ մտածված համակարգի, «Սինոփսիսը» փայլուն կերպով հաղթահարեց այն՝ հաջողությամբ ավարտելով 2008թ. ֆինանսական տարին: Ինչը չի կարելի ասել մեր մի շարք մրցակիցների մասին: Իհարկե, մենք իրատես ենք եւ գիտակցում ենք, որ ճգնաժամը շարունակվում է, եւ մենք, ինչպես եւ մյուսները, համապատասխանաբար պատրաստվում ենք դրան եւ կիրառելու ենք ծախսերի կրճատման ծրագիր, ինչը, սակայն, չի նշանակում կադրերի կամ նրանց աշխատավարձերի կրճատում: Ուրիշ պահուստներ էլ կան: Հայաստանի մեր մասնաճյուղը շարունակում է մնալ մեզ համար ԱՄՆ-ից դուրս գործող ամենաառաջնային գիտաարտադրական կենտրոններից մեկը:
– Բայց ՀՀ-ում արդեն սկսվել են արտասահմանյան ՏՏ ընկերություններ փակվել: Արդյունքում՝ մի քանի հարյուր բարձրակարգ ճարտարագետներ այժմ առանց աշխատանքի են: Արդյո՞ք հույս կա, որ այս գործընթացը մեզ մոտ համընդհանուր բնույթ չի ստանա:
– Անշուշտ կա: Եթե ավելի ուշադիր լինեք, կնկատեք, որ փակվել են այնպիսի ընկերություններ, որոնց ֆինանսական վիճակը տարիներ շարունակ վատ է եղել: Ճգնաժամը միայն արագացրեց այնտեղ հասունացած իրավիճակը: Արտասահմանում հարյուրավոր ընկերություններ են փակվում առանց որեւէ ճգնաժամի: Դա բիզնես է. մրցակցությունում մեկը շահում է, մյուսը՝ կորցնում: Պետք է դրան վերաբերվել առանց ավելորդ դրամատիզմի: Մենք մեկուսացված կղզում չենք:
Անշուշտ, Երեւանում շատ ՏՏ ընկերություններ ստիպված կլինեն միառժամանակ սառեցնել իրենց աճն ու առավելագույնս տնտեսել: Որոշները գուցե ստիպված լինեն կադրեր կրճատել, միգուցե ՝ ոչ, քանի որ ավելի շահավետ է կրճատել մեկ արեւմտյան ճարտարագետի՝ փոխարենը պահելով տեղական մի քանի ճարտարագետ: Առավել հաջող ընկերությունները կարող են օգտվել առիթից եւ գրավել միանգամից շատ արժեքավոր ճարտարագետների:
Հնարավոր են նաեւ այնպիսի կառուցվածքային փոփոխություններ, ինչպիսիք են ընկերությունների գնումը կամ միաձուլումը, քանի որ մրցակից խմբերի ներսում բաժնետոմսերի կտրուկ եւ անհամաչափ անկումն ի վիճակի է հաշված օրերում ստեղծել լրիվ հակառակ մրցակցային իրավիճակ եւ մի ընկերությունը դարձնել հեշտ խոցելի մյուսների կողմից: Սրանք բոլորը ճգնաժամային եւ շուկայական բավական բնական գործընթացներ են: Բացառված չէ, որ որոշ ամերիկյան եւ եվրոպական ընկերություններ այս իրավիճակից դուրս գան հենց ընդլայնելով աութսորսինգը, այդ թվում՝ նաեւ Հայաստանում:
– Դուք սկսել եք որպես ճարտարապետ, զբաղվել եք քաղաքացիական դիվանագիտությամբ, եղել եք ՀՀ-ում ԱՄՆ-ի առաջին դեսպանի օգնական, այնուհետեւ՝ ամերիկյան դեսպանատան կոմերցիոն ատաշե, 1994-ին դարձել եք ԱՄՆ-ում հրատարակված ՀՀ-ում բիզնեսի վերաբերյալ լայնածավալ ուղեցույցի հեղինակ, հաջողությամբ ղեկավարել եք Երեւանում առաջին ամերիկյան HPLA ծրագրային ընկերությունը, ակտիվ եք եղել ներդրումային միջավայրի բարելավման հարցում, մի շարք օրենսդրական բարեփոխումների հեղինակ եք, մի խոսքով՝ միշտ ձեր ձեռքը պահել եք երկրի տնտեսական զարկերակին: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ընթանում կառավարության կողմից հայտարարված բարեփոխումների գործընթացը:
– Շատ կետերով այդ բարելավման պլանները վերջապես արտացոլեցին այն, ինչի համար ես եւ իմ գործընկերները երկար տարիներ պայքարել ենք: Դա ոգեւորում է: Տարբեր բարեփոխումների համար պլանավորվող ժամկետները նույնպես տպավորիչ են, եւ վերջերս իմ հոդվածում ես բոլորին կոչ էի անում եւ այժմ էլ կոչ եմ անում նպաստել դրանց իրագործմանը, քանի որ կոռումպացված չինովնիկների ազդեցությունն այդ բարեփոխումների վրա շատ մեծ է: Այս ամենին անպատեհ գումարվեց նաեւ համաշխարհային ճգնաժամը: Այս դեպքում կարեւոր է, որպեսզի կառավարությունը խուճապի չմատնվի, այլ հնարավորինս ռեալ գնահատի իրավիճակն ու չնվազեցնի բարեփոխումների տեմպերը, այլապես կպարտվենք: Ընդհակառակը, այդ տեմպերը հարկավոր է արագացնել:
Սակայն, վերջին տարիներին ՀՀ-ում լուրջ խնդիր է առաջացել, եւ պարզ չէ՝ արդյո՞ք բարեփոխումների ներկայիս տեմպերը թույլ կտան լուծել այդ խնդիրը: Ես նկատի ունեմ արժանապատիվ կյանքի գնի ահռելի աճը ՀՀ-ում, հատկապես՝ Երեւանում (չշփոթել պաշտոնական սպառողական զամբյուղի հետ, որը ոչ մի ընդհանրություն չունի արժանապատիվ կյանքի հետ), այն դեպքում, երբ բնակչության, հատկապես պետծառայողների եւ վարձակալված աշխատողների եկամուտների աճը զգալիորեն ետ է մնում: Վերջին ժամանակների նվազագույն եւ սովորական աշխատավարձերի եւ թոշակների պաշտոնական բարձրացումները, որոնց համար այդքան քննարկումներ են լինում, իրականում չեն կարող համեմատվել մարդկանց իրական պահանջների հետ: Կյանքի գնի արժեքով մենք շուտով կհաղթենք «Հասնել եւ անցնել ԱՄՆ-ին» մրցարշավում: Գնային մի շարք պարամետրերում մենք արդեն հաղթել ենք: Տեղական տնտեսությունը նման եկամուտներ չի գեներացնում, եւ այն օտարերկրյա ներդրողների առաջնային նպատակներից չէ: Արդյունքում նույնիսկ համեմատաբար բարձր վարձատրվող ՏՏ ոլորտում, որտեղ երկար ժամանակ կադրերի նախանձելի հաստատունություն կար, արդեն նկատվում է արտագաղթի նոր ալիք դեպի Ռուսաստան եւ Արեւմուտք: Միջազգային ճգնաժամը, ճիշտ է, այն դանդաղեցրել է, սակայն բնակչությունը գտնվում է այնպիսի գնային բեռի ճնշման տակ, որ ամբարտակը կփլվի, հենց որ արտասահմանում նորից բազում թափուր աշխատատեղեր հայտնվեն:
Ելքը փոքր եւ միջին բիզնեսի եւ դրանց հարկային դաշտի անհապաղ եւ արմատական լիբերալացումն է եւ կիսահանցավոր մենաշնորհների արմատական վերացումը: Եվ ամենակարեւորը պաշտպանությունն է՝ հուսալի եւ ժամանակին իրավաբանական պաշտպանություն: Ցանկացած ձեռնարկատեր, ով սկսում է քիչ թե շատ եկամտաբեր բիզնես, պետք է վստահ լինի, որ իրենց բաժինն անմիջապես չեն ուզի ուժային կառույցները, տեղական կառավարման, արտոնագրող, հարկային եւ մաքսային մարմինները, իսկ ովքեր կհամարձակվեն դա անել՝ չեն խուսափի արդարադատությունից եւ խիստ կպատժվեն: Այս քաջ հայտնի անօրինություններին պետք է վերջ տալ: Եվ, իհարկե, մարդկանց պետք է կոչ անել հայտնելու օրենքի խախտումների մասին միայն այն բանից հետո, երբ կառավարությունը գործնականում եւ հանրայնորեն կապացուցի, որ ի վիճակի է արդյունավետ պաշտպանել նրանց «վրեժից»: Այլապես նմանատիպ կոչերը ցինիզմի կնմանվեն:
Դրա համար միայն օրենքները բավական չեն. համաշխարհային փորձն ապացուցում է, որ անհրաժեշտ է ինքնատիպ, խարիզմատիկ, ազնիվ եւ հաստատակամ անձնավորություն՝ ի դեմս նախագահի կամ վարչապետի: Երկրի ղեկավարի հաստատակամությունից շատ բան է կախված: Կարելի է տարիներով վաստակել ժողովրդավար բարերարի համբավ՝ հեշտությամբ համաձայնելով տարբեր օգտակար բարեփոխումների եւ տեխնիկական օգնության ծրագրերի, որոնցից բոլորն առաջարկված եւ ֆինանսավորված կլինեն օտարերկրյա կառավարությունների կողմից: Այստեղ նախաձեռնություն եւ քաջություն առանձնապես հարկավոր չէ: Սակայն քաջություն է հարկավոր, որպեսզի հետեւողական եւ անզիջում քայլեր ձեռնարկվեն այս փոքր երկրում կոռուպցիայի դեմ պայքարելու համար՝ իմանալով այդ աշխարհի բոլոր գլխավոր դերակատարներին եւ նրանց հետ, կամա թե ակամա, կապված լինելով տարբեր աշխատանքային, կենցաղային, ընկերական, բարեկամական մոտ եւ հեռու կապերով: Հուսանք, որ ներկայիս ղեկավարությունն իր մեջ բավական ուժ եւ սկզբունքայնություն կգտնի այս չարիքի հետ ակտիվ եւ բաց պայքար սկսելու համար:
– Ի՞նչ կասեք ՀՀ-ում ՏՏ ոլորտի ապագայի մասին:
– Հայաստանում, մասնավորապես Երեւանում, արեւմտյան հայտնի ընկերությունների մասնաճյուղերի եւ հայ ճարտարագետների տաղանդի շնորհիվ ձեւավորվել է տարածաշրջանային կենտրոն՝ յուրօրինակ փոքրիկ «Սիլիկոնային Հովիտ», որտեղ միջազգային էլեկտրոնային արդյունաբերության համար մշակվում են բարդագույն ծրագրային միջոցներ եւ այլ մտավոր սեփականություն: Շատերն, ովքեր պարտավոր են, չեն տեսնում այս փաստը կամ չեն ուզում գիտակցել դրա արժեքը: Սակայն վաղուց արդեն հպարտանալու առիթ կա, եւ ֆինանսներն ու խելքն ուղղորդելու ոլորտ: Մինչդեռ, եթե այդ ուղղությունը խրախուսվի եւ զարգացվի, իր մեջ անհավանական պոտենցիալ ունի երկրի տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ ամրապնդման, բարձր տեխնոլոգիաների ոլորտ նրա վերադարձման եւ Հայաստանի՝ համաշխարհային տնտեսության առավել աչքի ընկնող եւ պատվաբեր ոլորտներում արագ ինտեգրման համար: