Հանրապետությունում 2008-ին հայտնաբերվել է ապօրինի հատված 2080 ծառ, որից 1214-ը` «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, մնացածը` ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Հայանտառի» գլխավոր տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը: Ըստ նրա, 2004-ից ապօրինի հատումների ծավալը հանրապետությունում նվազել է շուրջ 10 անգամ: Դրան նպաստել են նաեւ վերջին տարիներին անտառամերձ բնակավայրերում ընթացող գազիֆիկացման աշխատանքները: 2008թ. «Հայանտառի» կողմից օրինական հատվել է 32.830 խմ ծառ` 2007թ. 41.125 խմ-ի դիմաց: Ըստ Մ.Մաթեւոսյանի` վերջին տարիներին հանրապետության անտառների պահպանությունը բարձր մակարդակով է իրականացվում, բարձրացել է նաեւ անտառապահների աշխատավարձը: Եթե 2003թ. այն ընդամենը 6000, իսկ անտառտնտեսության տնօրենինը՝ 18.000դրամ էր, ապա այժմ, համապատասխանաբար՝ 50.000 եւ 130.000 դրամ: Այս տվյալների արժանահավատությունը, մեղմ ասած, կասկածելի է հատկապես վերջին շրջանում մամուլում հրապարակված զանգվածային անտառահատումների մասին պատմող հրապարակումների ու լուսանկարների ֆոնին: