Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ երեկ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Հայաստանում, Ադրբեջանում ու Վրաստանում խոզերի շրջանում աֆրիկյան ժանտախտի դեպքեր են արձանագրվել: Սակայն Հայաստանի համապատասխան պաշտոնյաները հերքում են այդ տեղեկատվությունը: Մասնավորապես «Ա1+»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ Առողջապահության, ՀՀ Գյուղատնտեսության նախարարություններում եւ Սննդի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչությունում այս տեղեկատվությունը ոչ միայն հերքվել է, այլեւ զարմանք առաջացրել: Հիշեցնենք, որ 2007 թ. աֆրիկյան ժանտախտը բռնկվել էր Հայաստանում` մասնավորապես Տավուշի եւ Լոռու մարզերում: Այս մարզերում ոչնչացվել էր մոտ 4800 գլուխ խոզ: Իսկ ռուսների ուշադրությունը այս հիվանդությունը գրավել է այն պատճառով, որ աֆրիկյան ժանտախտը այս օրերին «արթնացել է» ՌԴ տարածքում: Մասնավորապես Սոչիում արդեն կարանտին է հայտարարված: Խոզի մսի բացակայության պայմաններում տավարի եւ գառան մսի գները Կրասնոդարի երկրամասում հասել են մինչեւ 250 ռուբլու (2250 դրամ): Սոչիի քաղաքապետարանի բյուջեից 4 մլն ռուբլի է հատկացվել հիվանդության տարածումը կանխելու նպատակով: Իսկ աֆրիկյան ժանտախտը կասեցնելու միակ միջոցը հիվանդ կենդանիների ոչնչացումն է: Հատկացված գումարով Սոչիի բնակիչներից` 1 կգ-ն 60 ռուբլով գնվում են կենդանի խոզերը եւ ոչնչացվում: Չի բացառվում, որ այս քաղաքում ընդհանրապես վերացվեն բոլոր խոզերը: