Նախօրեին ամերիկյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հրապարակվել Ջորջիա նահանգում բացահայտված մի հանցախմբի մասին, որի անդամները ենթադրաբար ռուսական մաֆիային պատկանող եւ ապօրինի ճանապարհով ԱՄՆ մուտք գործած չորս հայ երիտասարդներ են` Կարեն Խալաթյանը, Արա Ավտունին, Բորիս Թումասյանն ու Էդմոնդ Ալեքսանյանը: Ըստ այդ տեղեկությունների, վերջիններս օգոստոսին Գլենդելից տեղափոխվել եւ հաստատվել են Ալֆարետա քաղաքում ու ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մտել են քաղաքի պատմության մեջ` որպես կեղծված կրեդիտ քարտերի միջոցով կատարված ամենամեծ կողոպուտի հեղինակները: Ըստ պաշտոնական աղբյուրների, նրանք մոտ 4 ամսվա ընթացքում ավելի քան 150 հազար դոլար են հափշտակել տեղի բնակիչներից: «Հանցախմբի մշակած սցենարը շատ լավ էր մտածված եւ կազմակերպված,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, ասել է տեղի Ոստիկանության ներկայացուցիչ Ջորջ Գորդոնը եւ մանրամասնել,- Կասկածյալներից մեկը` Կարեն Խալաթյանը, աշխատանքի է տեղավորվել բենզալցակայաններից մեկում, եւ գիշերային ժամերին` ավելորդ վկաներից հեռու, հաճախորդների կրեդիտ քարտերը լցակայանի տերմինալ ներմուծելու փոխարեն՝ տեղադրել սեփական` կրկնօրինակող մեքենայում»: Արդյունքում, օգտագործելով քաղաքացիների անձնական ու բանկային տվյալները, ավազակախումբը բազմացրել է քարտերը, հազարավոր դոլարներ հանել բանկոմատներից ու գնումներ կատարել խանութներում: «Կասկածյալները կիրառել են ժամանակակից տեխնոլոգիաների` մեզ հանդիպած ամենաառաջատար միջոցները,- ասել է Ոստիկանության ներկայացուցիչը՝ հավելելով,- Հանցագործները, թերեւս, հույսները դրել են այն բանի վրա, որ քարտերի սեփականատերերը` Ալֆարետայի հարուստ բնակիչները, չեն նկատի կողոպուտը, սակայն սխալվել են իրենց հաշվարկներում»: Առաջին բողոքը Ոստիկանությունը ստացել է հանցախմբի գործունեության սկզբից շուրջ մեկ ամիս անց, իսկ արդեն հաջորդ ամիսներին տուժածների թիվն անցել է հարյուրից: «Սա մեր պրակտիկայում հանդիպած ամենակատարելագործված հանցագործությունն էր, սակայն, շնորհիվ հմուտ հետախուզության, այս անձինք ձերբակալվեցին»,- նշել է Գորդոնը: Հանցագործությունը բացահայտելու համար տեղի Ոստիկանությունը ստիպված է եղել դիմել հատուկ ծառայությունների ու խուզարկուների օգնությանը: Քննությունը շարունակվել է շուրջ երկու ամիս, եւ 2008 թվականի դեկտեմբերին իրավապահները խուզարկել են ավազակախմբի վարձած բնակարանն ու հայտնաբերել 50 հազար դոլար կանխիկ գումար, քարտերի կրկնօրինակման եւ բազմացման տեխնոլոգիաներ, ինչպես նաեւ 10 հազար դոլարի հերոին եւ կոկաին: Ավազակախմբի ներկայացուցիչներից երկուսը ձերբակալվել են, մյուս երկուսի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: «Մենք ի վերջո կգտնենք նրանց: Կասկածյալներից յուրաքանչյուրին առաջադրվել է հարյուրից ավելի մեղադրանք, եւ եթե դրանք ապացուցվեն, նրանք բավական երկար ժամանակ կանցկացնեն դաշնային բանտերում»,- ասել է Ոստիկանության ներկայացուցիչը: