Վիգեն Չիթեչյանը` Ֆրանսիայում ՀՀ դեսպան

17/01/2009

Շուրջ մեկ տարի է` Հայաստանը դեսպան չունի այնպիսի կարեւոր երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան եւ Պորտուգալիան: Հիշեցնենք, որ Իտալիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյանը 2008թ. փետրվարին մի շարք դեսպանների եւ դիվանագետների հետ համատեղ հայտարարությամբ հանդես եկավ` միանալով Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած համաժողովրդական շարժմանը: Հայտարարությունից հետո, ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հայտարարության հեղինակները զրկվեցին իրենց կոչումներից եւ պաշտոններից:

Ռ. Շուգարյանը, մեր տեղեկություններով, դիմել է ԱՄՆ-ին` քաղաքական ապաստան խնդրելով, եւ տեղափոխվել մշտական բնակության: Այդ օրերին նույնիսկ լուրեր էին շրջում, թե Իտալիայում ՀՀ դեսպան դառնալ է ցանկանում Արտաշես Գեղամյանը: Այս ընթացքում նույնիսկ Իտալիայում ՀՀ դեսպանատանը գողություն տեղի ունեցավ. անհետացան բազմաթիվ փաստաթղթեր եւ անձնագրեր: Իսկ Ֆրանսիայում ՀՀ-ն դեսպան չունի նախկին դեսպան Էդվարդ Նալբանդյանի` ՀՀ ԱԳՆ նախարար նշանակվելու օրից: Ըստ հավաստի տեղեկությունների՝ շուտով Ֆրանսիայում դեսպան է նշանակվելու Բելգիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիթեչյանը: Դեռեւս հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան Բելգիայում, եւ ով կլինի Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ դեսպանը: