Իմ բղավոցներն ինձ փրկեցին

03/07/2005

Գվինեայի «Սեւ լողափ» բանտում հայ օդաչուները դեղորայքն անգամ իրենք էին
առնում. «Ասում էին` փող չունես` մեռի, մեզ չի հետաքրքրում»: Բոլոր
օդաչուները բերդում մի քանի հիվանդություններ են ձեռք բերել: Գվինեայի
բերդում, ինչպես նշեց ինժեներ Աշոտ Սիմոնյանը, հիմնականում
քաղբանտարկյալներն են, որոնց ավելի դաժան են վերաբերվում, քան
մարդասպաններին:
Ա. Սիմոնյանն ասում է, որ իրենք այս տարօրինակ պատմությունից դուրս գալու
հույսեր ունենում էին միայն այն ժամանակ, երբ իրենց այցելում էին
Հայաստանի ներկայացուցիչները: «Երբ իմացանք, որ Գվինեայի նախագահի փեսան
գնում է Ռուսաստանում Գվինեայի դեսպան, ուրախացանք, որ գուցե մերոնք
կարողանան նրա հետ համագործակցել: Պահեր կային, որ ամբողջովին հուսահատ
էինք ու մտածում էինք, որ մեզ տիրություն անող չի լինի, բայց այդպես
չեղավ, մեր դեսպանները գալիս էին մեզ մոտ, ու մենք այդ անհույս վիճակը
հաղթահարեցինք,- ասում է Ա. Սիմոնյանը` նկատելով,- եթե մենք տղաներով մեզ
հույս չտայինք, այսպես ասած, «սպայկա» չլինեինք, դժվար թե այնտեղից դուրս
գայինք: Մեկս մեկիս հույս էինք տալիս: Մեզ չէր կարելի թուլանալ, մենք
օտարերկրացի էինք ու չէինք կարող հայի պատիվը գցել: Իրենք էլ էին ասում,
որ հայերի նման համախմբված մարդկանց իրենք չէին տեսել ու չէին էլ տեսնի:
Եթե մեկիս կպնեին, ընկերներով կգզեինք նրանց: Շատ դժվար պահեր ենք ապրել:
Ամեն անգամ հիշելիս մեջս նույն ապրումներն են լինում: Երեկ ինտերնետում
մեր դատավարության նկարն աչքիս ընկավ ու նորից նույն զգացողություններն
ունեցա: Արդեն տանն եմ, բայց միեւնույն է` չեմ կարողանում գոնե մի պահ
մոռանալ, ու դա երեւի դեռ երկար կտեւի: Ասում ենք` անցավ-գնաց, բայց չի
ստացվում»: