Հայ Ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակը երեկ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Բանտախցերում քաղբանտարկյալներին ծեծի առիթով բարձրացված բողոքի ալիքը մեղմելու եւ այդ փաստերով քրեական գործեր հարուցելու պահանջը շրջանցելու համար, Արդարադատության նախարարությունը, այսպես կոչված, «ծառայողական քննություն» նշանակեց։ Ի սկզբանե պարզ էր, որ դրա նպատակը կատարված խայտառակ հանցագործությունը կոծկելն էր։ Եվ ահա իշխանությունը հայտարարում է, թե քաղբանտարկյալներից առնվազն երկուսի նկատմամբ մեր մատնանշած բռնությունների դեպքերը չեն համապատասխանում իրականության, որ Գեւորգ Մանուկյանը ու Արմեն Խուրշուդյանը ժխտում են դա։ Բայց ահա նրանք իրենց այցելած Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին եւ «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանին ու Անահիտ Բախշյանին կրկին հայտնել են, որ իրենց նկատմամբ իրոք բռնություններ են գործադրվել։ Այսինքն, ինչպես եւ ենթադրելի էր, վարչախումբն այս ընթացքում զբաղված է եղել ոչ թե ծառայողական քննությամբ, այլ ահաբեկման նոր մեթոդների գործադրմամբ փորձ է արել կոծկել կատարված փաստերը, թույլ չտալ դրանց հրապարակումը։ Սրանով մեկ անգամ եւս ապացուցվում է նաեւ, թե խոշտանգումների ինչպիսի ստորագույն ու անբարոյական միջոցներ են գործադրվել ու գործադրվում քաղբանտարկյալներից ներման խնդրագրեր կորզելու համար։ Մենք դատապարտում ենք քաղբանտարկյալների նկատմամբ այս հանցագործ վերաբերմունքը եւ պահանջում անհապաղ պատասխանատվության կանչել դրանց հեղինակներին»։