Քաղաքաշինությունից՝ բնապահպանության նախարարություն

17/01/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հրավիրել էր այս տարվա առաջին ասուլիսը, որի ժամանակ ներկայացրեց Բնապահպանության նախարարության, «Սեւան ազգային պարկի», Դավիթաշեն համայնքի, ինչպես նաեւ՝ Համաշխարհային բանկի վարկերով իրականացվող ծրագրերում` թվով 7 ոլորտներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները: ՎՊ նախագահը հատուկ անդրադարձ կատարեց նաեւ «Լավանդա» ընկերության սեփականատեր Արայիկ Հայրապետյանի «Լավանդա սիթի» ընկերությանը, որի մասին տվյալներ էր հրապարակել անցած տարեվերջին:

«Լավանդա սիթիի» առեղծվածը

Հիշեցնենք, 2008թ. դեկտեմբերին Գեղարքունիքի մարզում անցկացված արտագնա նիստի ժամանակ Ի. Զաքարյանը հայտարարել էր, որ Սեւանի քաղաքապետը 1 քմ-ի համար տարեկան 14 դրամ վարձավճարով «Լավանդա սիթիին» 99 տարով 47 հեկտար տարածք էր տրամադրել: Սեփականատեր Ա.Հայրապետյանն էլ խախտումներով այդտեղ կառուցել է հարյուրավոր տնակներ: Տնակների վաճառքը ձեւակերպել է 1,3 կամ 5 մլն դրամով՝ այն դեպքում, երբ դրանց շուկայական արժեքը 15-20 մլն դրամից ավելի է եղել: Ըստ ՎՊ նախագահի` Ա.Հայրապետյանը բազմակի անգամ ցածր գներով է ներկայացրել տնակների վաճառքը, որպեսզի խուսափի հարկեր վճարելուց: Այն ժամանակ Ա.Հայրապետյանը հայտարարեց, որ ՎՊ-ն իր մոտ ստուգումներ չի անցկացրել, եւ ինքը չգիտի, թե ինչ փաստերի մասին է խոսքը: Այս անգամ արդեն պատասխանով հանդես եկավ Ի. Զաքարյանը: Նա հայտարարեց, թե իր մոտ կան տարբեր գերատեսչություններից ստացած տեղեկանքներ, որոնք ապացուցում են «Լավանդա սիթիի» տարածքում Ա.Հայրապետյանի կողմից իրականացված կառուցապատումների անօրինական լինելը: «Եղան իմ համար առնվազն տարօրինակ մեկնաբանություններ, թե՝ մենք չենք ստուգել: Իհարկե, մենք չենք ստուգել այդ ընկերությունը: Մենք ստուգել ենք Սեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետը 1 քմ-ի համար՝ տարեկան 14 դրամ, ամիսը անում է՝ 1,2 դրամ վարձավճարով 47 հեկտար հող է տվել Ա.Հայրապետյանին: Դրանից հետո տվել է շինթույլտվություն: Սկզբում դեռ «Լավանդա սիթի» չի եղել: Այդ ամբողջ տարածքում տնակները կառուցվել են 1902 մետր նիշի վրա: Մինչդեռ կառավարության որոշման համաձայն՝ Սեւանի ափին 1908 մետրից պակաս մակարդակի վրա չի թույլատրվում իրականացնել կառուցապատում: Ասել եմ, որ շուկայական արժեքը վաճառքի գներից շատ ավելի բարձր է, եւ դա արվել է, որ հարկային դաշտից խուսափեն: 71 քմ տնակները 78 քմ հողատարածքով նույն թվականին վաճառվել են 13 մլն, 11 մլն եւ 1,9 մլն դրամով: Ո՞րն է տրամաբանությունը»,- հարցնում է ՎՊ նախագահը:

Իր այս հայտարարություններն ապացուցելու համար Ի. Զաքարյանը երեկ նաեւ նշեց, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահից գրություն է ստացել այն մասին, որ 2006թ. պետռեգիստրի Սեւանի բաժնում Ա.Հայրապետյանը գրանցվել է որպես անհատ ձեռներեց եւ այդ տարի գործունեություն չի իրականացրել: Հարկային ծառայության Սեւանի տարածքային բաժնում հաշվետվություն չի ներկայացրել: «Լավանդա սիթին» գրանցել է 2007թ. ապրիլի 20-ին: Ի. Զաքարյանը տեղեկանք է ստացել նաեւ Կադաստրի պետական կոմիտեից, որտեղ նշված է, որ անցած 3 տարիներին «Լավանդա սիթին» վաճառել է 232 տնակ: Ընդ որում, տնակներից 63-ը վաճառել է նույն 2006թ., 2007-ին վաճառել է՝ 99, իսկ անցած տարի` 66 տնակ: Այսինքն` հարկայինի ու կադաստրի տվյալներն իրար հակասում են. եթե հարկայինը տեղեկացնում է, թե Ա.Հայրապետյանը 2006-ին գործունեություն չի իրականացրել եւ հարկեր չի վճարել, ապա Կադաստրի պետական կոմիտեն վկայում է, որ այդ նույն տարում արդեն 63 տնակ-առանձնատուն է վաճառվել:

Երեկ մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ Ա.Հայրապետյանը կրկին հերքեց Ի. Զաքարյանի ներկայացրած փաստերը: «Ինձանից դեռ ոչ ոք տվյալներ չի ուզել: Ես այդ թղթերն ուզել եմ իրենցից, այն, ինչ նրանք ներկայացնում են, իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ա.Հայրապետյանը: Մեր հարցին, թե 2006թ. արդեն տնակներ վաճառե՞լ է, Ա.Հայրապետյանը պատասխանեց, որ չի հիշում, փաստաթղթերը Սեւանում են, կհամեմատի, հետո կպատասխանի: «Կադաստրից ստացած տվյալներով` 1 մլրդ 280 մլն դրամ արժեքով տնակներ են վաճառվել: Պետեկամուտների նախագահի տվյալներով, ընդհանուր շրջանառությունը կազմել է 89 մլն 346 հազար դրամ, որից շահույթ է ցույց տվել 54.800 դրամ: Գործերն ուղարկել եմ Դատախազություն, թացն ու չորը թող Դատախազությունում պարզեն»,- երեկ հայտարարեց Ի. Զաքարյանը:

Հայտնի է, որ Ա.Հայրապետյանը ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ ունի մտերիմ հարաբերություններ: Անցած խորհրդարանական երկու ընտրությունների ժամանակ Ա. Հովսեփյանն աջակցում էր նրան ԱԺ ընտրություններում, սակայն Ա. Հայրապետյանին ոչ մի անգամ չհաջողվեց պատգամավոր դառնալ: Իսկ այժմ, փաստորեն, «Լավանդայի Արայիկի» գործը գտնվում է իր իսկ ընկերոջ վերահսկողության տակ, եւ չի բացառվում, որ Ա.Հովսեփյանն ինչ-որ ձեւով «փակի» այդ գործը: Երեկ մենք փորձեցինք տեղեկանալ, թե արդյոք քրեական գործ հարուցվա՞ծ է այդքան խախտումներ եւ կասկածելի գործարքներ կատարած «Լավանդա սիթիի» նկատմամբ: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը պատասխանեց, որ առայժմ միայն ստուգումներ են իրականացվում, քրեական գործ չի հարուցվել:

Նորից Սեւանի ավազանի մասին

ՎՊ տվյալներով, անցած տարիների ընթացքում «Սեւան ազգային պարկի» տարածքում 904 հողօգտագործման իրավունք է տրվել: 492 հողակտորի վրա դեռեւս ոչ մի աշխատանք չի իրականացվել, իսկ 412 դեպքում տարբեր բնույթի խախտումներ են կատարվել: 227 հողակտորները գտնվում են թույլատրելի` 1908 մետր նիշից ցածր: Դրանցից 142-ի դեպքում շինությունները ինքնակամ են, շինթույլտվություն ունի ընդամենը 4 հողակտոր: Կան հողազավթման 12 դեպքեր: Իհարկե, 78 կառույցները թույլատրելի նիշի սահմաններում են իրականացվել, սակայն դրանցից էլ 30-ը ինքնակամ են: Եվ այդպիսով 412 հողակտորներում իրականացված կառուցապատումներից ընդամենը 25-ն են կատարվել առանց խախտումների: Ի. Զաքարյանը նաեւ ավելացրեց, որ հողակտորները շուկայականից շատ ցածր գներով` 1 քմ-ն՝ տարեկան 10-14 դրամով է տրվել վարձակալության: Բացի այդ, ինչ-որ «Ուեյթ Գեյթ» կազմակերպություն բյուջեից գումար է ստացել Սեւանի ափից բավականին մեծ կտոր մաքրելու` ծառերից ու շինություններից ազատելու համար, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չի ավարտել: «Եթե հասցված վնասները չվերականգնվեն, գործերը գնում են Դատախազություն: Տնօրենին (Սեւանի ազգային պարկի տնօրենին.- Ա.Ա.) կարծում եմ, շատ ճիշտ կլինի, որ փոխեն»,- եզրափակեց Ի. Զաքարյանը: Ավելացնենք, որ Ի. Զաքարյանի տրամադրած տեղեկանքի մեջ խախտումներով իրականացված կառույցներից են` Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Կապուտաչյա Սեւանը», ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ Վելլի» ընկերության ենթակայության տակ գտնվող ինչ-որ շինություն եւ այլն:

Հերթը Բնապահպանության նախարարությանն է

«Բնապահպանության նախարարության մասով մեր կողմից հայտնաբերվել է մոտ 226 մլն դրամի տարբեր բնույթի խախտումներ, եւ դրանց մեծ մասը վերաբերում է անարդյունավետ ծախսերին: Արձանագրել ենք մի դեպք, երբ գնվել է հիդրոլոգիական սարք 79,5 մլն դրամով, մաքսային ձեւակերպումն այդքան է եղել, բայց պետական բյուջեից պայմանագրով ստացել են 153 մլն դրամ: Արձանագրել ենք 30 մլն դրամի անարդյունավետ ծախս: Բյուջեից այդքան գումար են ստացել, բայց ծախսել են 27,762 մլն դրամ: Դա վերաբերում է Սեւանի ափին նավերի ակումբի հետ կապված նախագծային աշխատանքներին: Գումարը ծախսվել է «Ծովային շինարարություն եւ տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի միջոցով: Ձեռնարկ է մշակվել, բայց մինչեւ օրս որեւէ հետեւանք չի ունեցել: Եվ մենք համարում ենք, որ 27,7 մլն դրամի ծախսն ուղղակի անարդյունավետ է: 31,7 մլն դրամի մեկ այլ անարդյունավետ ծախս` Ծաղկաձորը միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն դարձնելու համար այդ գումարով հիդրոօդերեւութաբանական սարքավորումներ ձեռք բերել, բայց շենքը չկա, որ դրանք տեղադրվեն: 63 մլն դրամի տարբեր բնույթի այլ խախտումներ, որոնք նորից պետք է վերականգնվեն պետբյուջե»,- հայտարարեց Ի. Զաքարյանը:

Բնապահպանության նախարարությանն առնչվող մեկ այլ ծրագրով էլ կատարվել են 13,5 մլն դրամի խախտումներ:

Դավիթաշեն համայնքի խախտումների մասին

Դավիթաշեն համայնքում 2006-2007թթ. որոշ աշխատանքների ստուգման արդյունքում հայտնաբերել են 91 մլն դրամի խախտումներ: 43,6 մլն դրամը սխալ հաշվարկված գումար է եղել, որը բյուջեից պետք է հատկացվեր 2009թ., բայց հաշվարկվել է անցած տարվա վերջին: Հայտնաբերվել է 11,5 մլն ուղղակի յուրացման դեպք «Կանաչապատում եւ բարեկարգում» ՍՊԸ-ի կողմից աշխատանքից ազատված աշխատակիցների անունով: Մոտ 31 մլն դրամ էլ խախտում կապված է ոչ բնակելի շենք-շինությունների վաճառքի հետ: Մեկ այլ դեպքում քաղաքապետարանի կողմից վարձակալության վերցրած 6445 քմ տարածք թաղապետարանը մաս-մաս վաճառել է: «Նույնիսկ կադաստրային արժեքներից շատ ցածր գներով են վաճառվել: Այս բոլոր գումարները պետք է վերադարձվեն պետբյուջե»,- ասաց Ի. Զաքարյանը: Ի դեպ, այդ ժամանակ Դավիթաշեն համայնքի ղեկավարը Սուրեն Ղուկասյանն էր, ով անցյալ տարի Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից լավ աշխատանքի համար պարգեւատրվեց ոսկե մեդալով:

Ուսումնասիրած մյուս ծրագրերը դեռեւս կատարման ընթացքում են, այդ պատճառով Ի. Զաքարյանը խախտումների վերաբերյալ փաստեր չներկայացրեց: Ավելացրեց, որ անցած տարվա ներկայացրած ոլորտներից 8 գործ ուղարկվել է դատարան: Մինչեւ հունվարի վերջ կներկայացնեն անցած տարվա ողջ ծրագիրը, իսկ 2009թ. ծրագրերը կհրապարակվեն միայն ապրիլին: