Հակաեվրոպական հիստերիան` Ռաֆիկ Պետրոսյանի կատարմամբ

17/01/2009 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Եվրախորհրդի համապատասխան կառույցները, գերազանցելով իրենց լիազորությունները, Հայաստանին ստիպում են անել բաներ, որը դեմ է մեր ինքնիշխանությանը: Այդ կարգադրությունները կատարելուց հետո Հայաստանը կդադարի ինքնիշխան պետություն լինելուց»,- երեկ հրավիրված ասուլիսում նման խրոխտ հայտարարություն արեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Պետրոսյանը: Ընդունելով, որ մեր դատական համակարգը բազմաթիվ թերություններ ունի, նա կրկնեց իշխանական գործիչների համար վերջին շրջանում շուտասելուկ դարձած արտահայտությունները` «չի կարելի դատողություններ անել, քանի դեռ չի կայացվել դատավճիռը», «1609 եւ 1620 բանաձեւերի 90 տոկոսը կատարված են», եւ այլն: Ընդհանրապես, Ռ. Պետրոսյանը երեկ խիստ վրդովված էր եւ դա չէր էլ փորձում թաքցնել: «Ինձ զարմացնում է ընդդիմադիր բազմաթիվ գործիչների ուրախությունը այն կապակցությամբ, թե՝ տեսեք-տեսեք, շուտով Եվրախորհրդարանը Հայաստանի պատվիրակությանը կզրկի ձայնի իրավունքից: Դա հորթի հրճվանք է, հայրենասեր մարդու վերաբերմունք չէ»,- հայտարարեց նա: «Այս ամենի մեջ մեղքն ունի նաեւ ՀՀ պատվիրակությունը»,- ձայնակցելով վերջին շրջանում ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հասցեին իշխանական պատգամավորների կողմից հնչող մեղադրանքներին, հայտարարեց Ռ. Պետրոսյանը` հիշելով երանելի ժամանակները, երբ Արտաշես Գեղամյանն էր ընդդիմություն խաղում: «Ինչպիսի՜ ելույթներ էր ունենում Գեղամյանը տարբեր հարցերի հետ կապված, եւ ի՜նչ կրքոտությամբ էր պաշտպանում Հայաստանը»,- հառաչեց Ռ. Պետրոսյանը: «Բայց այս մեր պատվիրակությունը մատը մատին չի տալիս: Մեկը` ընդդիմությունից է, Արեւմտյան կիսագնդից, նրանց տված փողերով, նրանց պատվիրաններն է կատարում (երեւի ուզում էր ասել՝ պատվերը.- Հ.Մ.): Մյուսը, լինելով հանրապետական՝ գոնե պետք է պաշտպանի հանրապետության շահերը, որովհետեւ Հանրապետական կուսակցության ձեռքում է գտնվում այդ իշխանությունը: Իմ կարծիքով՝ Ռոստոմյանից բացի, այդ պատվիրակության մեջ մնացածները սրտացավ ձեւով չեն աշխատում: Այդ եվրոկառույցներին չեն ասում, թե ինչո՞ւ Ադրբեջանում կան քաղաքական բանտարկյալներ` ամեն ինչով հաստատված, դատավճիռներով հաստատված (՞), եւ դուք չեք զրկում Ադրբեջանի պատվիրակությանը ձայնի իրավունքից: Այդ պատվիրակության կազմի մեջ անհրաժեշտ է կատարել որոշակի փոփոխություններ»,- ուղիղ հայտարարեց Ռ. Պետրոսյանը: Իսկ ովքե՞ր ավելի լավ փոխարինողներ կլինեն պատվիրակության ներկայիս անդամների համար: Այս հարցին ի պատասխան՝ Ռ. Պետրոսյանն ասաց, թե մի երեսուն հոգի կլինեն ԱԺ-ում դրա համար: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, ըստ նրա՝ այդ 30-ի մեջ չի մտնում: Իսկ Դավիթ Հարությունյանի դեմ ուղղված քննադատությունը այսքանով չսահմանափակվեց: «Այս վերջին տարիների ընթացքում Պետաիրավական հանձնաժողովը Հայաստանի օրենսդրությունը այնպես փչացրեց, որ հիմա ուղղակի խայտառակություն է մեր օրենսդրության վիճակը: Եվ այսօր նա (Դ. Հարությունյանը.- Հ.Մ.) չի ցանկանում, որ իր ներդրած այդ ինստիտուտները, որոնք զուտ սուբյեկտիվ նպատակներ են հետապնդել ժամանակին, հանվեն կամ շտկվեն»:

Անդրադառնալով «7-ի գործով» դատավարությանը, մասնավորապես՝ մեղադրող կողմի` դատավարությունն առանց մեղադրյալների անցկացնելու առաջարկին, Ռ. Պետրոսյանը նշեց, որ նման բան չի կարող տեղի ունենալ: «Մեղադրող կողմը եթե այդպիսի առաջարկություն է արել, հակասահմանադրական, հակաօրինական առաջարկ է դա: Նախկին Քրեական օրենսգիրքը թույլ էր տալիս դատական նիստում կարգը խախտող ամբաստանյալներին հեռացնել եւ գործը քննել առանց նրանց: Այս կարգը անցած տարի դեկտեմբերին դժբախտաբար վերացավ: Սա էլ այդ նույն մարդու սխալն է (դարձյալ նկատի ունի Դ. Հարությունյանին.- Հ.Մ.)»,- հայտարարեց Ռ. Պետրոսյանը: Վերջինս չհամաձայնեց իր կուսակից Սամվել Նիկոյանի այն կարծիքին, որ դժբախտություն չի լինի, եթե Դ. Հարությունյանը մի քանի ամիս չքվեարկի ԵԽ ԽՎ-ում: «Խոսքը Հայաստանի հեղինակության մասին է: Բացի այդ` մեր պատվիրակությանը դրանից հետո այլ աչքով են նայելու, այսինքն` որպես իրենից ոչինչ չներկայացնող մի երկրի պատվիրակություն: Մյուս կողմից էլ՝ սա կունենա բացասական տնտեսական հետեւանքներ»,- նշեց Ռ. Պետրոսյանը, ով նաեւ խիստ վրդովված էր «Ժառանգության» պատգամավորներից: «Ժառանգության» գործունեությունը ԱԺ-ին որեւէ դրական բան չի տալիս, եւ նրա բացակայությունն էլ չի վնասելու աշխատանքներին: «Ժառանգության» պատգամավորները ինտելեկտուալ մարդիկ են, բայց ամբողջ իրենց ինտելեկտը օգտագործում են զուտ քննադատելու եւ ուրիշ ոչ մի բան չանելու համար»,- հայտարարեց Ռ. Պետրոսյանը: