Կադրերի կարեւորության մասին դեռեւս Վ.Ի.Լենինն ասել է, որ «կադրերն են ամեն ինչ որոշում»: Դժվար է այս հարցում չհամաձայնել բոլշեւիկների առաջնորդի հետ: Հատկապես այսօր, երբ յուրաքանչյուր հայաստանցի իր մաշկի վրա է զգում անհաջող կադրերի «աշխատանքի» հետեւանքները:
Եվ նման իրավիճակում անհասկանալի են դառնում հայաստանյան նշանակումների կոալիցիոն սկզբունքները: Փորձենք բացել փակագծերը: Քաղաքակիրթ աշխարհում կոալիցիա ասվածը ընդունված երեւույթ է: Այսինքն, երբ ընտրությունների արդյունքում որեւէ քաղաքական ուժ չի հավաքում բացարձակ մեծամասնություն (50%+1 ձայն), ապա երկու կամ ավելի կուսակցություններ, կառավարություն ձեւավորելու նպատակով, կնքում են կոալիցիոն պայմանագիր: Եվ այդ պայմանագրի հիման վրա բաժանվում են նախարարական պորտֆելները: Իսկ հիմա եկեք տեսնենք` ի՞նչ է կատարվում Հայաստանում: Ինչպես ամեն ինչ, այնպես էլ կոալիցիա հասկացողությունը Հայաստանում դառնում է ոչ թե կառավարման բանաձեւ, այլ ապրելակերպ: Մեզ մոտ կոալիցիոն սկզբունքները չեն տարածվում միայն կառավարության անդամների վրա, ինչպես ընդունված է ողջ աշխարհում: Հայկական կոալիցիան սկսում է նախարարներից ու մարզպետներից եւ ավարտվում է հավաքարարներով ու պահակներով: Երբ ասում են, որ կադրերի խնդիրը շատ լուրջ է, դա չի նշանակում, որ կադրեր ընդհանրապես չկան: Վերջին 17-18 տարիների ընթացքում Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆ-ում հայերին աշխատանքի էին ընդունում ոչ միայն որպես պիցցա բաժանող կամ «ասֆալտ փռող»: Թեեւ անգամ վերոնշյալ աշխատանքների համար անհրաժեշտ են մասնագետներ, ոչ թե կոալիցիոն կուսակցությունների անդամներ:
Չէի ասի, որ մինչեւ 2003թ. կադրային առումով Հայաստանում իրավիճակը կատարյալ էր, սակայն 2003թ. սկսած այն պարզապես ծիծաղելի դարձավ: Եվ ոչ մի քաղծառայության խորհուրդ չի կարող փրկել այդ պատկերը: Եթե չեք հավատում` մտեք պետական գերատեսչություններ եւ կհամոզվեք: Փոխնախարարից մինչեւ հավաքարարի հաստիքները բաժանված են ըստ «կոալիցիոն համաձայնագրի»: Եվ նման պարագայում հայ մասնագետները, բնականաբար, հին անեկդոտի օրինակով, «մնացել են փշալարերից կախված»: Խոսքը չի վերաբերում միայն այն հաստիքներին, որտեղ «քյաշ փող է ֆռռում»` Ոստիկանություն, կադաստր, դատական համակարգ եւ այլն: Այստեղ աշխատանքի կարելի է ընդունվել բացառապես նույն սկզբունքով` «քյաշ փողով»: Բնականաբար` մաղարիչի «դրույքաչափը» կախված է ապագա աշխատանքից սպասվող «ավարի» չափից: Պարզ է, որ, օրինակ, դատավորի եւ հանրակրթական դպրոցի ուսուցչի դրույքաչափերը խիստ տարբերվում են: Եվ այսքանից հետո, առնվազն զարմանալի է, որ, օրինակ, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը զայրանում է դատավորների եւ դատախազների վրա: Չէ՞ որ նրանց կարողությունների մասին Հայաստանում իրենից լավ որեւէ մեկը պատկերացում չէր կարող ունենալ: Շատերին, այդ թվում եւ ինձ, երկու ամիս առաջ զայրացրեց եթերում կրիմինալ սերիալների առկայությունը: Կոնկրետ ինձ համար ցավալին ոչ թե այդ սերիալներն էին, այլ դրանց վարկանիշերը: Ստացվում է այնպես, որ ազգի կեսից ավելին հաճույքով դիտում է այդ սերիալները: Բայց դա ընդամենը առաջին արձագանքն է: Մի փոքր մտորելուց հետո հասկացա, թե ի՞նչն է այդ բարձր վարկանիշի պատճառը: Սերիալներում ներկայացված է մեր իրականությունը: Բարձրաստիճան չինովնիկների ժարգոնը, Ոստիկանության եւ կրիմինալի սերտաճումը, «ախռաննիկների բեսպրեդելը», անչափահաս «լակոտների» լկտիությունը եւ այլն: Հայկական եթերում լրատվական բազմամյա «լավատեսական» լուրերից հետո, որն ավելի շատ ֆանտաստիկ հաղորդում էր հիշեցնում, քան տեղեկատվական, հանդիսատեսը վերջապես տեսավ այն, ինչ իրականում իրեն շրջապատում է: Կարծում եմ` սա է նման բարձր վարկանիշի պատճառը: Իհարկե դա չի նշանակում, որ մենք դա պետք է ցուցադրենք եթերում: Որովհետեւ ամեն մի իրականություն չէ, որ կարելի է քարոզել: Այնպես, ինչպես, օրինակ, արգելվում է գովազդել ծխախոտը կամ ոգելից խմիչքը: Ի դեպ, այս խնդիրը եւս ունի «կադրային» արմատներ: Երբ ռեժիսորներն ու օպերատորները, սցենարիստներն ու դերասանները «պիցցա բաժանող են եւ ասֆալտ փռողներ», իսկ հեռուստատեսությունների ղեկավարների գերագույն նպատակը «Տոյոտա Պրադոն» կամ «Լեքսուս» ջիփն է, հետեւանքները երկար սպասել չէին տալու:
Իսկ հեռուստաեթերը հզոր զենք է: Այնպես, ինչպես եւ կրթությունը, որի «վերջնական արդյունքը» ապագա կադրերն են: Իսկ մեր ուսուցիչները «նեղացան», երբ ասացին, որ դպրոցներում արգելվում է դրամահավաքը: Այնքան «նեղացան», որ երեխաներին այլեւս բարձր թվանշաններ չեն նշանակում: Պարզ մեխանիզմ է` եթե չեն թույլատրում «օրինական» դրամ հավաքել, պետք է երեխաներին հասկացնել, որ իրենք վատ են սովորում, եւ առաջադիմությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ են արտաժամյա պարապմունքներ: Այս պարապմունքների նպատակը ոչ թե երեխային որեւէ բան սովորեցնելն է, այլ ծնողից գումար վերցնելը, եւ տնօրենի «նալոգը» ժամանակին տեղ հասցնելը: Բուհերում սեսիոն քննություններ են սկսվել: Կոալիցիոն սկզբունքով ռեկտոր դարձած անձանց եւ նրանց աշխատակիցների մոտ տոները դեռ նոր են սկսվում: Քննության «մինիմալ արժեքը» 100 դոլար է: Ինչպես ասում են` կադր առաջին, դուբլ երկրորդ: