Շփվենք համայնքներով

03/07/2005

Նախօրեին Ադրբեջանի Արտգործնախարարությունը հայտարարել է, որ հունիսի
19-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք խորհրդարանական ընտրությունների
անցկացումը չի համապատասխանում բանակցային գործընթացի ոգուն, որի
շրջանակներում «վերջին ժամանակներս դրական միտումների հույսեր են
հայտնվել»: «Տարածքների զավթման եւ էթնիկ զտման պայմաններում
ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ
սկզբունքներին ու Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրությանը եւ
իրավական ուժ չունի»,- նշված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ Ադրբեջանը նախկինում էլ նույն կերպ է արձագանքել Ղարաբաղում
կայացած բոլոր մակարդակի մարմինների ընտրություններին: Այս անգամ սակայն,
բացի ընտրությունները գնահատելուց, ադրբեջանական կողմն առաջարկում է
միջհամայնքային շփումներ կազմակերպել եւ այդ ճանապարհով հասնել առկա
խնդիրների համալիր լուծմանը: