Տնտեսագետներից շատերը ներկայիս տնտեսական ճգնաժամը համարում են նորագույն պատմության ամենամեծ տնտեսական կոլապսը եւ զուգահեռներ են անցկացնում 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ճգնաժամերի հետ։ 20-րդ դարի սկզբին Ամերիկայում սկիզբ առավ մի ճգնաժամ, որը, ինչպես հետո պնդում էին որոշ փորձագետներ, մի խումբ մարդկանց կողմից լավ ծրագրված եւ հստակ նպատակներ ունեցող սցենարի արդյունք էր։
Ջոն Մորգանը, ով համարվում էր իր ժամանակների ֆինանսական արքան, սեփական ազդեցությունն ու ռեսուրսները օգտագործելով՝ խուճապ առաջացնելու նպատակով՝ լուրեր տարածեց այն մասին, որ Նյու Յորքի խոշորագույն բանկերից մեկը սնանկացման եզրին է։ Մարդիկ, անհանգստանալով իրենց փողերի համար, սկսեցին բանկերից հապշտապ հետ վերցնել խնայողությունները։ Բանկերն իրենց հերթին սկսեցին իրենց պարտապաններից պահանջել պարտքերը։ Վերջիններս էլ սկսեցին վաճառել իրենց ունեցվածքը, ինչը հանգեցրեց համատարած սնանկության, անվճարունակության եւ անկարգությունների։ Տարիներ անց վերլուծելով այս իրադարձությունները՝ ամերիկացի վերլուծաբան Ֆրեդրիկ Ալլենը «Life» ամսագրում գրեց. «Մորգանը սեփական շահերից ելնելով կազմակերպեց 1907թ. խուճապը»։ Կոնգրեսի հանձնաժողովը, ուսումնասիրելով այդ դեպքերը, առաջարկեց ստեղծել Ֆեդերալ ռեզերվային համակարգ (ԱՄՆ-ի Կենտրոնական բանկ)՝ ապագայում նման անցանկալի զարգացումներից խուսափելու համար։ Ալլենի եւ այլ վերլուծաբանների կարծիքով, ՖՌՀ-ն հենց այն էր, ինչին ձգտում էին Մորգանը եւ ֆինանսական մյուս մագնատները։ 1913-ին, երբ խոշոր բանկիրների օգնությամբ Վուդրո Վիլսոնն ընտրվեց ԱՄՆ նախագահ, ՖՌՀ-ի ստեղծման օրինագիծն ընդունվեց։ Տարիներ անց Վիլսոնը խոստովանեց. «Մեր մեծ ինդուստրիալ երկիրը կառավարվում է կրեդիտային համակարգի միջոցով, որը կենտրոնացված է մի քանի հոգու ձեռքում։ Նրանք ղեկավարում են մեր ազգին։ Որքան էլ նրանք ազնիվ լինեն եւ մտածեն երկրի մասին, միեւնույն է՝ մտահոգված են իրենց փողերով։ Հետեւաբար, անխուսափելիորեն ոչնչացնում են իրական տնտեսական ազատությունը։ Մենք դարձել ենք ամենակամազուրկ, ամենավերահսկելի կառավարությունը ժամանակակից աշխարհում։ Մենք ոչ թե ժողովրդի կողմից ընտրված, նրանց կամքով գործող կառավարություն ենք, այլ՝ մարդկանց մի փոքր խմբի կամքով գործող կառավարություն»։
Փորձագետների կարծիքով, ՖՌՀ-ն դարձավ հարստանալու գործիք՝ միջազգային բանկիրների ձեռքում։ 1914-1919թթ. ընկած ժամանակահատվածում ՖՌՀ-ն մոտ երկու անգամ ավելացրեց փողի զանգվածը՝ մեծ ծավալի վարկեր տրամադրելով փոքր բանկերին։ Իսկ 1920-ին պահանջեց վերադարձնել վարկերը։ Բանկերն իրենց հերթին պահանջեցին հաճախորդներին վերադարձնել վարկերը, եւ կրկնվեց 1907-ը՝ սնանկություն, անվճարունակություն եւ ճգնաժամ։ ՖՌՀ-ի մեջ չմտնող ավելի քան 5400 մանր բանկեր սնանկացան՝ խորացնելով շուկայի մոնոպոլիզացիան։ Կոնգրեսմեն Չարլզ Լինդբերգը 1921թ. հրապարակավ հայտարարեց. «Ֆեդերալ ռեզերվի մասին ակտը հնարավորություն է տալիս ստեղծել ճգնաժամեր՝ գիտական հիմքի վրա։ Ներկայիս խուճապը նման եղանակով ստեղծված առաջին ճգնաժամն է, որն աշխատեց մաթեմատիկական ճշտությամբ»։
Սակայն սա դեռ ամենը չէր։ 1921-1929թթ. ՖՌՀ-ն կրկին մեծացրեց փողի զանգվածը՝ ավելացնելով վարկավորման ծավալները մասնավոր բանկերին եւ ֆիզիկական անձանց։ Մեծ տարածում գտավ, այսպես կոչված, մարժային վարկը, որը ներդրողին հնարավորություն էր տալիս ձեռք բերել արժեթղթեր՝ վճարելով արժեթղթի արժեքի 10%-ը, 90%-ը պարտք մնալով բրոքերին։ Այդ վարկի «հմայքն» այն էր, որ բրոքերը կարող էր ցանկացած ժամանակ պահանջել մարել պարտքը, եւ ներդրողը պարտավոր էր 24 ժամվա ընթացքում կատարել նրա պահանջը։ 1929թ. կեսերին ֆինանսական շուկայի «գայլերը» աննկատ մի կողմ քաշվեցին։ Իսկ հոկտեմբերի վերջին «մարժային վարկ» տրամադրած բրոքերները հանկարծ սկսեցին մասսայաբար հետ պահանջել իրենց գումարները։ Բոլորը սկսեցին ձերբազատվել արժեթղթերից, որպեսզի խուսափեն վարկը մարելուց։ Իսկ դա իր հերթին հանգեցրեց բանկերի միջոցների անբավարարությանը։ Սնանկացան մոտ 16 հազար բանկեր, ինչը ֆինանսական մագնատներին թույլ տվեց չնչին գներով գնել ոչ միայն մանր բանկերը, այլեւ՝ բավական մեծ ընկերություններ։ Շատերը դա համարում են ամերիկյան պատմության մեջ տեղի ունեցած ամենամեծ թալանը։ ՖՌՀ-ն այնուհետեւ փոքրացրեց փողի զանգվածը, ինչը հանգեցրեց մեծ տնտեսական ճգնաժամի։ Կոնգրեսմեն Լուիս Մակֆադենը հայտարարեց. «Սա մանրամասն մշակված սցենար էր. միջազգային բանկիրները դիտավորյալ խուճապ ստեղծեցին, որպեսզի վերահսկողության տակ պահեն մեզ բոլորիս»։
Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Գրեթե նույն բանը. բանկերը (եւ ոչ միայն) սնանկանում են եւ միաձուլվում։ Տարբերությունն այն է, որ այդ գործընթացը տեղի է ունենում ոչ միայն ԱՄՆ-ում, այլ գրեթե ամբողջ աշխարհում։ Գուցե տարիներ անց որոշ տնտեսագետներ ապացուցեն, որ սա նույնպես նախապես ծրագրված «միջոցառում» էր՝ իր հստակ եւ հեռուն գնացող նպատակներով։ Սակայն առայժմ կա այն, ինչ կա՝ ճգնաժամը մոլեգնում է՝ ֆինանսականից վերածվելով տնտեսականի։ Իսկ կառավարությունները հայտարարում են, որ քայլեր են ձեռնարկում ճգնաժամի դեմ պայքարելու համար։
ԱՄՆ աշխատուժի շուկան փլուզման եզրին է
2008 թվականի միայն դեկտեմբերին ԱՄՆ-ում փակվել է 524 հազար աշխատատեղ։ Այսպիսով, ԱՄՆ-ը տարին փակեց գործազուրկների 2.6 միլիոնանոց բանակով։ Նման բան Ամերիկան չէր տեսել Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր։ Գործազրկության մակարդակը կազմում է 7.2%՝ ամենաբարձր ցուցանիշը վերջին 16 տարվա ընթացքում։ ԱՄՆ Ֆեդերալ ռեզերվային համակարգը այլեւս չի կարողանում ազդել իրավիճակի վրա՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու միջոցով. դրանք այժմ էլ գրեթե զրոյական մակարդակի են։ Չնայած այս ամենին, ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ կաշխուժացնի տնտեսությունը եւ կստեղծի 3 միլիոն աշխատատեղ։
Ճգնաժամը «կերավ» Բուշի փողերը
ԱՄՆ հեռացող նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է, որ ֆինանսական ճգնաժամը «կերել» է իր անձնական ֆինանսական ակտիվները։ Բուշի խոսքերով, իր եւ կնոջ անձնական հաշիվները տնօրինում է, այսպես կոչված, «կույր» թրաստային ընկերությունը, եւ դրանց մասին տվյալներն իրենց հասանելի կլինեն միայն նախագահի պաշտոնից հեռանալուց հետո։ Հիշեցնենք նաեւ, որ իր հրաժեշտի ասուլիսի ժամանակ, գնահատական տալով իր ղեկավարման 8 տարիներին, Բուշը հայտարարել է, որ չի պատրաստվում հունվարի 20-ից հետո «նստել ծովի ափին՝ ծղոտե գլխարկով եւ հավայան վերնաշապիկով»։ Փաստորեն, ԱՄՆ նախագահը նույնպես չի պատրաստվում դառնալ ամենաերիտասարդ թոշակառուն։
Չինաստանը տուժում է
Չինական ապրանքների արտահանումը 2008-ի դեկտեմբերին նվազել է 2.8%-ով։ Մասնագետները դա բացատրում են չինական արտադրանքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի անկմամբ։ Չնայած դրան, Չինաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը շարունակում է դրական մնալ. դեկտեմբերին այն կազմել է 39 միլիարդ դոլար։ Նշենք նաեւ, որ Չինաստանի տնտեսությունը միայն 30%-ով է կախված արտահանումից (արտադրանքի հիմնական մասը սպառվում է ներքին շուկայում), երկրի ղեկավարները լրջորեն անհանգստացած են արտահանման ծավալների նվազմամբ։ Չինացիները թերեւս ճիշտ կանեին՝ գործարարների եւ պետական պաշտոնյաների պատվիրակություն ուղարկեին Հայաստան։ Արտադրել եւ արտահանել նրանք մեզանից, ճիշտ է, չէին սովորի, բայց կսովորեին զարմանալի հանգստությամբ եւ լավատեսությամբ վերաբերվել նման ցուցանիշներին։
Բրիտանացիները մեզ նման լավատես չեն
Բրիտանական Առեւտրային պալատի ներկայացուցիչները հայտարարել են, որ 2008թ. վերջի դրությամբ երկրի տնտեսության վիճակը «սարսափելի վատթարացել է»։ Պալատը ուսումնասիրություն է անցկացրել 6000 ընկերությունների շրջանում, որոնցում աշխատում է մոտ 680 հազար մարդ։ Արդյունքները ցույց են տվել, որ տնտեսության ցուցանիշները ամենավատն են՝ 1989 թվականից ի վեր. արձանագրվել է արտադրության եւ ներքին պահանջարկի նվազում, արտահանման եւ ներդրումների ծավալների կրճատում։ Հետազոտողներն իրենք իսկ խոստովանում են, որ տնտեսության մեջ դրական որեւէ երանգ հայտնաբերել չի հաջողվել։ Առեւտրային պալատի ավագ տնտեսագետ Դեւիդ Քերնի կարծիքով, 2009-ին երկրի տնտեսական աճի տեմպը կնվազի 2.4%-ով։
Խուճապ՝ անշարժ գույքի շուկայում
Ըստ «Ռեգնում» գործակալության, Մոսկվայում վաճառքի է հանված մոտ 3.5 միլիոն քմ բնակմակերես, սակայն իրացվելու հույս կարծես չկա։ Մոսկվայի կառավարության հերթական նիստի ժամանակ քաղաքապետ Յուրի Լուժկովը խիստ քննադատության է ենթարկել վերլուծաբաններին եւ ԶԼՄ-ներին։ Լուժկովը ապատեղեկատվություն է համարել այն կանխատեսումները, որոնք խորհուրդ են տալիս չշտապել անշարժ գույք գնելու հարցում եւ սպասել մինչեւ հերթական էժանացումը։ Իսկ մայրաքաղաքային շինկոմպլեքսի ղեկավար Վլադիմիր Ռեսինը կարծիք է հայտնել, որ մեղավորները ԶԼՄ-ներն են, որոնք լուրեր են տարածում, թե անշարժ գույքը 50%-ով էժանանալու է։ Այս լուրերի, ինչպես նաեւ վարկերի բարձր տոկոսադրույքների պատճառով, Ռեսինի խոսքերով, շինարարների մոտ կյանքը կանգ է առել։ «Չեմ հասկանում՝ որտեղի՞ց են վերցրել այդ թիվը։ Նման բան չի կարող լինել, գնանկում կարող է լինել մի քանի տոկոսով ընդամենը, բայց ոչ 50»,- ասել է նա։ Ինչեւէ, մոսկվաբնակներին այս խոսքերը կարծես չեն համոզում, եւ նրանք դեռ սպասում են՝ խուճապի մատնելով խոշոր շինարարական ընկերություններին եւ քաղաքային իշխանություններին։
Նշենք նաեւ, որ ռուսաստանյան անշարժ գույքի շուկայի անկումը բացասաբար է ազդում Հայաստանի վրա, քանի որ Ռուսաստան աշխատանքի մեկնած հայաստանցիների մեծ մասը զբաղված է հենց այս ոլորտում։