Օրեր, որ ցնցեցին Հայաստանը, բայց մնացին աննկատ

17/01/2009 Արա ԳԱԼՈՅԱՆ

Ամանորի տոներից մի քանի օր առաջ ծանոթներիցս մեկն անհավանական բան պատմեց: Նա վստահեցնում էր, որ Ուռուցքաբանական հիվանդանոցի բոլոր հիվանդներին պարտադրել են դուրս գրվել եւ գնալ տուն: «Բոլորին, պատկերացնո՞ւմ ես, բոլորին»,- պնդում էր ծանոթս: Նա հույս ուներ, որ մամուլի հրապարակումն այդ մասին կարող էր փոխել իրավիճակը: Անկեղծ ասած՝ չհավատացի: Հայաստանի առողջապահական համակարգի մասին՝ ընդհանրապես, իսկ ուռուցքաբանության ոլորտի մասին՝ մասնավորապես շատ քիչ բան գիտեմ: Բայց ծանոթիս չհավատացի: Իմ ունեցած աղքատիկ տեղեկություններով՝ այդ մասնագիտացված հիվանդանոցը եզակի կենտրոն է: Ուստի ենթադրեցի, որ ծանոթս ինչ-որ բան շփոթում է: Ծանրագույն ու մեծավ մասամբ անտանելի ցավեր ունեցող հիվանդներին մասնագիտական խնամքից մի քանի օրով զրկելը անհավանական թվաց: Ի վերջո, վայրենի չենք: Պատրաստվում ենք նշել Քրիստոսի ծննդյան 2009-րդ տարեդարձը: Պետություն ու կառավարություն ունենք: Առողջապահության ու այլ նախարարություններով: Համապատասխան կրթությամբ նախարարներով: Նրանց մեծ մասը ամենատարբեր առիթներով ազգին, պետությանը (իսկ մեկն անձամբ՝ նաեւ Հիպոկրատին) երդում տված մարդիկ են: Երդվել են ծառայել: Ոչ թե աբսուրդի հասցնել օբյեկտիվ իրականությունն ու հասարակական կյանքը: Վստահ եմ, որ Քանաքեռի գերեզմանոցի հարեւանությամբ երկու հիվանդանոց կառուցողները եւս ժամանակին նման մտադրություն չեն ունեցել: Բայց աբսուրդը վաղուցվանից է հայ իրականության բաղկացուցիչ դարձել: Կրկնում եմ` տոնական օրերին հիվանդանոց փակելու լուրին չհավատացի: Անհավանական թվացող այդ պատմությունը մի քանի օր անց նորից էի լսելու: Երբ հունվարի 6-ին այցելեցի օնկոլոգիական հիվանդ ընկերոջս: Նա լույս 5-ի գիշերը ծանր նոպա էր տարել: Որդին ստիպված էր եղել շտապ օգնության մեքենա կանչել հորը ուռուցքաբանական հիվանդանոց տեղափոխելու համար: Անհավատալի է, բայց հիվանդանոցի հսկա ու բազմահարկ շենքում որեւէ լույս վառված չի եղել: Բացառությամբ, իհարկե, ընդունարանի պահակային հարկաբաժնի: Պահակը հիվանդանոցի դուռը բացել էր մի քանի րոպե թակելուց հետո միայն: Բացել ու հիվանդի հարազատներին տեղեկացրել էր, որ շենքում ոչ ոք չկա, բացառությամբ 1 (մեկ) հերթապահ բժշկի: Իսկ տվյալ պահին որտեղ էր գտնվում հերթապահ բժիշկը, պահակին հայտնի չի եղել: Հիվանդի որդին բազմահարկ հիվանդանոցի բոլոր հարկերում փորձել է գտնել հերթապահ բժշկին: Հետո ոչ մեկին չհանդիպելով՝ հորը տեղափոխել է այլ հիվանդանոց: Պռոշյան փողոցի հիվանդանոցում հերթապահ բուժանձնակազմը հիվանդի հարազատներին բացատրել է, որ իրենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել չեն կարող: Հիվանդին խիստ կոնկրետ օգնություն է պետք` համապատասխան մասնագիտական սարքավորումներով: Հիվանդի հարազատներին հաջողվել է Ուռուցքաբանականի պահակից իմանալ հերթապահ բժշկի բջջայինի համարը: Բայց հերթապահը ողջ գիշեր զանգերին չի պատասխանել: Միայն լուսադեմին է հաջողվել կապվել մասնագիտացած հիվանդանոցի մասնագիտացած հերթապահի հետ: Մասնագիտացած հիվանդանոցի մասնագիտացած բժիշկը հիվանդի հարազատներին բացատրել է, որ ինքը տվյալ պահին չի տարբերվում տոնականորեն դատարկ հիվանդանոցի պահակից: Հետեւաբար, բժշկական օգնություն ցուցաբերել չի կարող: Որովհետեւ ինքը միայնակ է: Բոլոր մասնագետները տոնականորեն արձակուրդում են: Հետեւաբար, անհրաժեշտ սարքավորումներն անջատված են: Անհավանական թվացող այս պատմությունը մեկ հիվանդի ու մեկ ընտանիքի պատմություն է: Թե քանի ընտանիք է գիշերներ լուսացրել ամանորյա տոների ընթացքում փակված հիվանդանոցի դռանը, հավանաբար Առողջապահության նախարարությանն էլ չհաջողվի պարզել: Նախարարությունն էլ հավանաբար տոնական արձակուրդի մեջ էր: Ինչպես կառավարությունը: Ինչպես բոլորս: Տոնական խումհարից դանդաղ դուրս եկող հայ չինովնիկն ու քաղքենին կարող է չհավատալ այս պատմությանը: Կամ ձեւացնել, թե չի հավատում: Իսկապես անհնար է պատկերացնել, որ համընդհանուր արձակուրդները բոլորին են վերաբերել: Եթե առողջապահական մասնագիտացված հիվանդանոցները չեն աշխատել, ապա ինչո՞ւ պիտի աշխատեն կենսապահովման համակարգեր սպասարկող հիմնարկությունները, հրշեջ ծառայությունը եւ այլք: Եթե Ամանորին չաշխատելը բժիշկներն ավանդույթ են դարձրել, մյուսները կարող են հետեւել նրանց օրինակին: Ոստիկանները կարծես մասամբ միացել են: Երկու շաբաթ է՝ մայրաքաղաքը գիշերային պայթյուն-ճայթյուններից չի քնում: Մեծ ու մանուկ հրավառության ջատագով են դարձել: Հաջորդ տարվանից հավանաբար հրշեջները հրդեհի հայտարարություններ չեն ընդունի: Հավանաբար այն պատճառով, որ Ջրմուղը ջուր չի մատուցի: Եվ այդպես շարունակ: Մինչեւ հայրենի առողջապահական հիմնարկներում ձեւավորված աշխատաոճը կատարյալ աբսուրդի վերածի մեր համայնական կյանքը: Քաղաքագետներից մեկի պնդմամբ՝ հասարակության քաղաքակրթվածության աստիճանը կարելի է որոշել թույլի ու տկարի նկատմամբ ունեցած վերաբերմունքով: Մեր քաղաքակրթվածության մասին մեր իսկ պատկերացումները խիստ չափազանցված են: Որովհետեւ օգնության խիստ կարիք ունեցող օնկոլոգիական հիվանդները 10 օր զրկված էին մասնագիտական օգնությունից: Մինչդեռ հասարակությունը տոնական խումհարի մեջ նույնիսկ չարձանագրեց այդ փաստը: