Էս թաղում էն գլխից ճգնաժամ էր

17/01/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Խումհարաթափ քաղաքի խելահեղ արագությունը կամաց-կամաց վերածվում է զգայուն նյարդի: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետեւանքները պտտահողմի արագությամբ ներխուժում են ամենուր… Բոլորս վախեցած ենք… Ամանորյա տոների պայծառատեսությունն աստիճանաբար վերածվում է հոռետեսության: Ճգնաժամի մասին ամբիոններից հնչող ցանկացած մխիթարանք աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին դառնում է զավեշտալի:

Գնում եմ Էրեբունի համայնքում գտնվող Վարդաշենի հանրակացարանում բնակվող Աստղիկենց տուն: Էս թաղում էն գլխից ճգնաժամ էր: Ութ հոգանոց բազմանդամ ընտանիքը սովից մեռնում էր: Մեկ տարի առաջ նրանց մասին թերթում ռեպորտաժ էի պատրաստել: Աստղիկի երկու եղբայրները կալանավայրում էին: Մեկն ալյումին էր գողացել, որպեսզի հանձներ ու այդ գումարով օրվա հաց գներ, իսկ մյուսը` մի քաղաքացու էր դանակահարել: Աստղիկի այս եղբայրը էպիլեպսիկ հիվանդ էր, որին բուժօգնություն ցուցաբերելու համար Աստղիկի ծնողները վախենում էին բուժհաստատություն դիմել: Փող չկար: Երկուսն էլ այժմ գաղութում են, որտեղ իրենց ավելի լավ են զգում, քան հոգեվարքի մեջ գտնվող հանրակացարանի իրենց սենյակ-խցում: Աստղիկի եղբայրները գաղութում տրվող «բուխանկեն» փոխել են ազատության հետ, բայց հանրակացարանի էն սենյակն, ուր նրանք ապրում էին, հաստատ ցանկացած անազատությունից դժոխային էր: Աստղիկենց 4-5քմ տարածությամբ սենյակում ամբողջ օրը իրիկուն էր հիշեցնում, ու այդ խավարը սողոսկել էր նաեւ տան մեջ ապրող մարդկանց մեջ: 17-ամյա Աստղիկը 5-րդ դասարանից դպրոցը թողել-«համբալություն» էր անում, որ ծնողներին օգներ: Իր երազանքների մասին պատմելիս մի սիգարետը հանգցնելով` մյուսն էր վառում: Չարանում, նյարդային էր դառնում: Ասում էր` «Էրեբունի-Մասիվում տուն ունեինք, մարդավարի ապրում էինք: Ծախեցինք, որ սովից չմեռնենք: Եկանք էս բոմժանոց. կործանվում ենք… Էլ չենք դիմանում էս կյանքին»: Մեկ տարի առաջ Աստղիկի գրկին` կեղտակորույս բարուրի մեջ, փոքրիկ երեխա կար: Այդ ժամանակ մանկական դեմքով մայր դարձած, տառապած Աստղիկն իր 5-րդ դասարանցու ուղեղով՝ քաղաքական ընտրություններից մեկի մասին բաներ էր պատմում` թե ընտրողի մեկ ձայնն այդ թշվառ թաղամասում ինչ արժե: Նախագահական ընտրություններից հետո մի տեսակ հավատում էր, որ իրենց կյանքը լավանալու է:

Աստղիկենց տուն գնալու ճանապարհին հիշում եմ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերը` «Քաղելով դասեր անցյալից, մենք բոլորս մտածում ենք ապագայի մասին»: Հետո վարչապետն իր հեռուստաելույթում անդրադարձավ ֆինանսական ճգնաժամին: Հավատացրեց, որ այն ոչ մի կերպ չի անդրադառնալու Հայաստանի Հանրապետության թոշակառուների վրա: Ասում էր` կենսաթոշակները տրամադրվելու են ժամանակին: Հիշում եմ Աստղիկի թոշակառու հորը` Ժորժիկին, ով հոնգուր-հոնգուր լաց էր լինում իրենց անհուսալի վիճակը նկարագրելիս: Երիկամների անբավարարություն եւ թոքային ասթմա հիվանդություններով տառապող ծերունու մարմինն այտուցված էր, նա անշարժ, քարացած պառկած էր: Կենսաթոշակով միայն ցավազրկող դեղորայքն էին կարողանում հասցնել: Ասում էր` «Ուզում եմ մեռնել, չեմ դիմանում էս զրկանքներին, ցավերին: Էս աղքատությունից երեխեքս վայրագ դարձան, ընկան գաղութների դռները»: Ժորժիկը ժամանակին կարգին հարգված արհեստավոր է եղել: Կինը` տիկին Գոհարն, ասում էր, որ շտապօգնության ծառայության աշխատակիցներն իրենց շատ վատ են վերաբերվում, Ժորժիկին «շան տեղ» չեն դնում: Երբ գալիս են ծանր հիվանդին բուժօգնություն ցուցաբերելու` բենզինի փող են ուզում, բայց այլեւս չեն էլ գալիս, որովհետեւ բենզինի փող չեն տալիս. «Ժորժիկին հիվանդանոց չեն տանում, ասում են` մեր վրա կմնա»: Գոհարն իրեն պատեպատ էր խփում, բայց չգիտեր` ինչպես օգնել ցավից ոռնացող Ժորժիկին: Հարեւաններն էլ բողոքում էին ընդհանուր զուգարանը երկար ժամանակ զբաղեցնող ու բարձրաձայն ոռնացող հիվանդ Ժորժիկից: Ժորժիկը չէր կարողանում միզել, ու էդ հեղուկը կուտակվում էր մարմնի մեջ, մարմինն էլ դառնում էր «փուչիկ»:

Աստղիկենց տուն գնալու ճանապարհին հիշում եմ ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի՝ համակարգի բարելավումների մասին հայտարարությունները: Հավաստիացումներն այն մասին, որ շտապօգնության եւ պոլիկլինիկ ծառայությունների սպասարկումն անվճար է: «Բնակչության առողջությունն ամեն ինչից վեր է»,- բոլորի շուրթերից ողջ տարին հնչում էր այս միտքը:

Մեր թերթում տպագրված ռեպորտաժից հետո Ժորժիկին տեղափոխեցին հիվանդանոց ու անվճար բուժեցին: Մի օր տեսա` չճանաչեցի: Ասաց` լիտրերով ջուր են քաշել օրգանիզմից: Բայց որոշ ժամանակ անց Ժորժիկն էլի «ուռել» էր: Ժորժիկի փոքր դուստրը` Լուսինեն, երազում էր բժշկուհի դառնալ, որ հորն անվճար բուժեր, բայց սեպտեմբերի 1-ից մինչեւ եսիմ երբ լաց էր եղել, որ իրեն չստիպեն ճղած-հնամաշ շորերով դպրոց գնալ: Ասում էր` «Ես տեսել եմ ուրիշ երեխեքի դպրոցական շորերը: Ամաչում եմ իմ շորերով դպրոց գնամ»: Քանի որ Լուսինեի՝ բժշկուհի դառնալու երազանքը ճղած շորերի պատճառով հօդս էր ցնդել` նա սկսել էր երազել տղա դառնալու մասին: Ասում էր` «Ուզում եմ տղա դառնամ, որ բոլորին ծեծեմ: Իմ վրա շատ են ծիծաղում, նեղացնում են, որ աղքատ ենք: Բոլորին ծեծում եմ, որ բերանները փակեն»: Լուսինեի ընտանիքին «Փարոսի» նպաստառուների ցանկում չէին ընդգրկել: Էլ ո՞ւմ են ընդգրկել, եթե ոչ անդունդի մեջ հայտնված այս ընտանիքին:

Աստղիկենց տուն գնալու ճանապարհին հիշում եմ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի՝ ընտանեկան նպաստի համակարգի բարելավման մասին հայտարարությունները: Հետո հիշում եմ, որ Սոցապ նախարարության աշխատանքներում մեծ չարաշահումներ բացահայտեցին: Մանկատան շրջանավարտների բնակարանների փողերն էին յուրացվել: Հիշում եմ ողջ տարվա հայտարարություններն այն մասին, թե կյանքը լավացել է, դրա համար էլ մանկատները բեռնաթափվում են:

Աստղիկի ընտանիքի պատմությունն ինձ հետ երթեւեկում է ամբողջ քաղաքով: Անցնում է Հանրապետության հրապարակի մայր տոնածառի շրջակայքով, որն այդպես էլ 5-րդ դասարանից «համբալություն» անող Աստղիկն ու Լուսինեն չտեսան: Ի դեպ, Երեւանի քաղաքապետարանը սովից մեռնող Աստղիկի ու Լուսինեի քաղաքի բյուջեից 29 մլն դրամ է հատկացրել տոնածառի ու Ամանորյա միջոցառման վրա: Աստղիկենց պատմությունն ինձ հետ շրջում է քաղաքով մեկ, հասնում է Վարդաշենի հանրակացարան ու դառնում մի նոր, սարսափելի պատմություն:

«Բարեւ՛»,- ասում եմ հանրակացարանի միջանցքում հայտնված Աստղիկին: «Վա՞յ, բարեւ: Ես էլ ուզում էի ձեր խմբագրություն գալ, վերջին հույսս դուք եք»,- զարմացած պատասխանում է: Հարցնում եմ` «Ի՞նչ կա, որ… Պապայիդ հարցո՞վ: Ո՞նց ա առողջական վիճակը»: Շփոթված պատասխանում է` «Պապաս մահացել ա»: «Ո՞նց թե, այ քեզ բան… ցավակցում եմ, իսկ մայրդ ո՞նց ա»,- անակնկալի եկած` հարցնում եմ: Սառնասրտորեն պատասխանում է` «Մամաս ա պապայիս սպանել»: Աստղիկի խոսքերը բարբաջանք են թվում, քանի որ այդ ամենը նա ասում է ինչ-որ անհասկանալի թեթեւությամբ: Միջանցքով բարձրանում ենք նրանց սենյակ, ու սառը ցնցուղի պես այդ դաժան լուրը ակամայից քայլերս դանդաղեցնում է: Նույնիսկ մտածում եմ` միգուցե 5-րդ դասարանից «համբալություն» անող Աստղիկը հավանաբար կյանքի դառնությունից խելագարվել է: Մտնում ենք նրանց սենյակ, որտեղ մեկ տարի առաջ ութ հոգի կար, իսկ հիմա անսովոր դատարկ է: Մարդկանց փոխարեն՝ սենյակը լցվել է մրից ու կեղտից գորշացած փալասներով: 8-ամյա Լուսինեն սաստիկ ցրտին ամառային կիսավարտիք հագած` հատակից մանրահատակը պոկում ու գցում է վառարանը: «Ես տանը չէի: Մաման զանգեց, բա թե` պապան ուզում ա քեզ տեսնի: Հասնում եմ տուն, տեսնեմ` պապան մեռած: Դու մի ասա` լուսադեմ ժամը 4-ին մաման պապային խեղդամահ ա արել: Տարան մորգ, մորգում պապայի վրայից շորը քաշեցի` տեսա պապան կապտած պառկած ա: Հետո ես էլ հետները քաղմաս գնացի: Մի քանի օր հետո եկան, ինձ տնից տարան: Մամային ու Լուսոյին էլ բերեցին քաղմաս: Բանից պարզվեց, որ մաման ա խեղդել, մատնահետքերն էլ կոկորդի վրա եղել են: Պապայի կոկորդի ջիլը ջարդված ա եղել»,- պատմում է Աստղիկն` ասելով, որ մորն առաջին ատյանի դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանը 7 տարվա պատժաչափ է սահմանել: Լուսինեին ուզում են հանձնել մանկատան խնամքին, բայց Աստղիկը թույլ չի տալիս: Երկու եղբայրները, մայրը գտնվում են գաղութում, իսկ Աստղիկն ու Լուսինեն ամեն օր հարեւաններին խնդրում են մի կտոր հաց տալ իրենց: Աստղիկն ասում է, որ էս ընթացքում մի երեխա էլ է լույս աշխարհ բերել: Երկուսն էլ մանկահասակ են` «Մեկը մեկ տարեկան հինգ ամսական ա, մյուսը` յոթ ամսական: Հիմա սկեսուրիս մոտ են»: Աստղիկն ամուսնու մասին չի ցանկանում խոսել, միայն ասում է` «Որ ունեմ ի՞նչ: Ոչ օգնում ա, ոչ բաժանված ենք, ոչ էլ ամուսնացած»: Աստղիկը մի տեսակ տարօրինակ է: Խոսում է անորոշ, չարացած ու անտարբեր: Լուսինեն ամեն օր լաց է լինում` մորը կարոտում է: Չի ցանկանում, որ իրեն մանկատուն տանեն, բայց դատելով նրա հագնվածքից ու վարքագծից` կարելի է ենթադրել, որ այս երեխան շոկ է ապրել: Հարցերիս պատասխանում է ոչ ադեկվատ ծիծաղով ու հրճվանքով: Հարցնում եմ` «Գոնե նպաստ ստանո՞ւմ եք, ինչո՞վ եք ապրում»: Աստղիկն ասում է` «Չէ՛, չենք ստանում, ոչ մի կոպեկ փող չի մտնում էս տուն: Հարեւաններից հաց ենք մուրում, որ չմեռնենք»:

Աստղիկենց սենյակից բառիս բուն իմաստով փախչում եմ: Մտքում դատավարություն եմ անում, բայց չեմ հասկանում, թե տիկին Գոհարն ինչո՞ւ է ամուսնուն խեղդամահ արել ու երկու աղջիկներին որբ թողել: Տիկին Գոհարը հավանաբար երկու որդիների պես մեկ «բուխանկեն» ազատությունից գերադասել է: Հիվանդ ամուսինն էլ թերեւս մահն է կյանքից գերադասել: Պայմանավորվածությո՞ւն է այս դեպքը, չոր հաշվա՞րկ… Իսկ երկու աղջիկնե՞րը… Թե՞ սովորական հանցանք…

Իսկ դրսում բոլորը դարձյալ համաշխարհային ֆինանսական ճգնաժամից են խոսում, գների թանկացումից, աշխատատեղերի կրճատումից, Հայաստանում ճգնաժամի հետեւանքներից… Աստղիկենց թաղում էն գլխից ճգնաժամ էր…