Հերքել է նաեւ ՌԴ-ն

17/01/2009

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունում հերքել են Հայաստանին անցյալ տարի 800 միլիոն դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդումները: «Հայաստանին ռուսական սպառազինության մատակարարում չի իրականացվել, այդ մասին հաղորդագրություններն իրականությանը չեն համապատասխանում»,- հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Մամուլի եւ տեղեկատվության վարչության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Դրոբիշեւսկին: Վերջինիս փոխանցմամբ` Ռուսաստանի ՊՆ-ն տվյալ խնդրի առնչությամբ ստացել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հարցումը, եւ պաշտոնական պատասխանը պատրաստ կլինի մոտ ապագայում: Երկուշաբթի օրը նույն հարցով Ադրբեջանի Արտգործնախարարություն էր կանչվել Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը, ում ընդունել էր փոխնախարար Արազ Ազիմովը: Նշենք, որ Հայաստանը նույնպես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդագրությունը: Պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը հայտարարել է, թե «չի հասկանում` որտեղից կարող էին առհասարակ հայտնվել նման տվյալներ», եւ դրանք որակել է՝ որպես «ապատեղեկատվություն»: