Գործազրկությունը կհասնի 40-45 տոկոսի

17/01/2009

«Բլեֆ է, սուտ: Իշխանությունը երբեք չի կտրի այն գերանը, որի վրա նստած է»,- երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության գրասենյակում Հայաստանի սոցուժերի միության հերթական կլոր սեղան-կոնֆերանսի ժամանակ հայտարարեց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությանը:

Հ.Բագրատյանը նաեւ «անհեթեթ» անվանեց հարկային վարչարարությունը բարելավելու իշխանության մտադրությունը, քանի որ 2009թ., երբ «աշխարհում մոլեգնում է ֆինանսատնտեսական համընդհանուր ճգնաժամը, հարկ է մտածել ոչ թե վարչարարության, այլ հարկային մեղմացումների մասին»: Նրա կարծիքով՝ այդ մեղմացումները պետք է վերաբերեն մանր ու միջին բիզնեսին, քանի որ հենց այս հատվածից է հավաքագրվում հարկային եկամուտների մեծ մասը: «75 տոկոսը տալիս է մանր ու միջին բիզնեսը, որը ունի տնտեսության մեջ 26 տոկոս տեսակարար կշիռ: Միայն 25 տոկոսն է տալիս խոշոր բիզնեսը` ներառյալ կորպորատիվ բիզնեսը: Հասարակ ժողովուրդն է հարկերը տալիս»,- ասում է Հ.Բագրատյանն ու ավելացնում` ոչ ոք չի պատրաստվում լիարժեքորեն հարկել խոշոր բիզնեսը: «Խոշոր բիզնեսը հարկել, կնշանակի՝ մտցնել պրոգրեսիվ եկամտահարկ: Իսկ այսպիսի բան չի ենթադրվում: Խոշոր բիզնես հարկելը կնշանակեր՝ այսօր արդեն մտցնել կապիտալի արտահանման հարկ: Իրենց իսկ տվյալներով, անցյալ տարի մեկ միլիարդ դոլար է արտահանվել երկրից: Մենք արդեն կամաց-կամաց տրանսֆերտներ ստացող երկրից դառնում ենք դոլար արտահանող երկիր: Այսօր մեկ շնչի հաշվով, իմ հաշվարկներով, դոլարի արտահանումը կազմում է 300 դոլար: Սա միակ ցուցանիշն է, որ համեմատելի է կապիտալիստական առաջադիմական երկրների հետ: Այ, եթե վարչապետը այդ ամեն ինչին զուգահեռ՝ այս բոլորն ասեր, ես կասեի` մենք գործ ունենք լուրջ մի գործչի հետ»,- նշում է ՀՀ նախկին վարչապետը: Հանդիպմանը մասնակցող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը նույնպես չի հավատում խոշոր բիզնեսը հարկելու մասին իշխանության արած հայտարարություններին: «Եթե վարչապետն ասում է, թե խոշոր բիզնեսը բերելու է հարկային դաշտ, նշանակում է` օլիգարխները պետք է կանգնեն դատարանի առաջ: Օլիգարխ են բոլորը. ոչ թե միայն գործարարները, այլեւ երկրում ամենաբարձր պաշտոններ զբաղեցրած մարդիկ»,- ասում է Վ. Շիրխանյանը:

Մինչդեռ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը գտնում է, որ իշխանությունն իսկապես հարկման դաշտն արդարացիորեն կարգավորելու անկեղծ ցանկություն ունի: «Ես համոզմունք ունեմ, որ ցանկությունը կա պետության կողմից, բայց համակարգն ինքը իներտ է եւ բարդ: Սա մշտական լարված աշխատանք է պահանջում եւ հետեւողական թիրախային հարված»,- ասում է Ա.Ղազարյանը:

Հ. Բագրատյանը լրագրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ նաեւ ավելացրել է, թե Հայաստանի եւ ԱՊՀ մյուս երկրների տնտեսական ճգնաժամը կապ չունի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետ: Նրա կարծիքով՝ մեր երկրում տնտեսական ճգնաժամն անցնելու է 2 փուլերով: Առաջին փուլը կվնասի վարկային քաղաքականությանը, քանի որ ամեն ինչի պատճառը վարկավորումն է, եւ դա, բանախոսի կարծիքով, պայթեցնելու է բանկերը: Պղնձի գներն էլի կիջնեն, շինարարությունը կկանգնի, կվնասվի լեռնամետալուրգիան, կպակասեն տրանսֆերտները: «Երկրորդ փուլում կտեսնեք գործազրկություն` փետրվար-մարտ ամիսներին, եւ դրամի արժեւորում: Եթե այժմ հանրապետությունում գրանցված են մոտ 25 տոկոս գործազուրկներ, ապա երկրորդ փուլում գործազուրկների տոկոսը կհասնի 40-45-ի»,- համոզված է Հ.Բագրատյանը: