Տնտեսական մեծ ճգնաժամերի ժամանակ կտրուկ բարձրանում է մշակույթի գինը, քանզի ի՞նչը կարող է ավելի հաստատուն գին ունենալ, քան արվեստը: Բայց պետք է հիշել եւ այն, որ մշակույթը, ինչպես թանկարժեք զարդը, հագուստի վրա հագցնում են ամենավերջում, իսկ հանում են ամենասկզբում:
Ելնելով այս ամենից` ես ազգային մշակույթը դիտարկում եմ իբրեւ մեր ազգային ինքնագիտակցության կարեւոր վեկտոր: Այսօր Հայաստանում ավելի թանկ բան չկա, քան մեր Ազգային պատկերասրահը, որտեղ հավաքված են համաշխարհային գեղանկարչության ու քանդակագործության, կիրառական արվեստի ու գրաֆիկայի գլուխգործոցներըգ Դժվար է պատկերացնել, թե ինչ արժե այս ողջ հավաքածուն. թերեւս Հայաստանի մի քանի տարիների բյուջեն: Սա ես ասում եմ` լիովին գիտակցելով, որ մշակույթը պլեբեյների համար չէ, որոնք նրա մեջ միմիայն հարստանալու միջոց են տեսնում կամ լի սեղանների շուրջ որեւէ մեծ անուն հիշելու առիթ` անվանելով նրան «մեր հանճարը»: Իշխանություններն այս հարցում եւս բացարձակ տգետ են. ինչ-որ մեկը կարող է հիշել Փարիզում տեղի ունեցած վերջին ցուցահանդեսները: Սակայն դրանք լայն արձագանք չունեցան, մեր լավագույն նկարիչների անունները չգրանցվեցին համաշխարհային անունների ցանկում: Այդ ցուցահանդեսներն առանձնապես բան չտվեցին. կարծես Փարիզը չհասկացավ, չիմացավ, չցանկացավ տեսնել այն ամենը, ինչ հայկական արվեստը ներկայացրել էր իր հավաքածուներից: Համամիտ եմ, որ չեղան խորը վերլուծական հոդվածներ, մեր արվեստի իրական ընկալում, համամիտ եմ, որ մենք ներկայանում էինք էսթետիկ հայացքներով բավականին թուլացած Փարիզում:
Սակայն այդպես էր եւ տարիներ առաջ, երբ հայ նկարիչները մասնակցում էին «Մոսկվա-Փարիզ»-«Փարիզ-Մոսկվա» նախագծին: Այդ նախագծում մենք ձեռքից բաց թողեցինք Երվանդ Քոչարի նման մեծ նկարչին աշխարհին ներկայացնելու առիթը. նա չէր մասնակցում այս շատ կարեւոր նախագծին: Նա դուրս մնաց արվեստի պատմությունից, թեեւ համապատասխանում էր բոլոր չափանիշներով. սովորել էր Մոսկվայում` Պ. Կոնչալովսկու մոտ, ապրել էր Փարիզում, եղել էր փարիզյան անկախ արվեստագետների իրադարձությունների էպիկենտրոնումգ Նրա կյանքն ու ստեղծագործությունը դուրս են մնացել սյուրռեալիզմի համատեքստից, թեեւ նրա արվեստի էսթետիկան, աշխարհընկալումն այդ մասին են վկայում: Նույն այդ նախագծում հայկական կողմը վատ էր օգտագործել նաեւ կատալոգի տարածությունը, որտեղ թատերական արվեստի մեծ վարպետ Յակուլովը ներկայացված էր ընդամենը մեկ կամ երկու ռեպրոդուկցիաներով, այն դեպքում, երբ նախագծի շրջանակներում նա հանդես էր եկել աշխատանքների թերեւս ամենամեծ հավաքածուով: Սրանք սովորական սխալ հաշվարկներ չեն: Սրանք ռազմավարական առումով չարդարացված դիրքորոշումներ են, որ, ցավոք, արդեն հնարավոր չէ ուղղել: Սա խոսում է Մոսկվայի համար նյութեր պատրաստողների պրոֆեսիոնալ ցածր մակարդակի մասին:
Ազգային պատկերասրահի, ինչպես նաեւ մեր մյուս թանգարանների համար այսօր էլ բավականին մեծ հնարավորություններ կան. նրանք կարող էին դուրս գալ հարաբերությունների նոր մակարդակի: Եվ բանն այստեղ ոչ այնքան ֆինանսական միջոցներն են, այլ նախ եւ առաջ այն, որ նրանք չեն հասկանում, թե ինչ ունեն իրենց հավաքածուներում, ինչպես պետք է դրանք տնօրինել, դուրս բերել միջազգային ասպարեզ: Կարգավիճակի հարցը կարեւորագույնն է: Եթե դուք ձեր հավաքածուի մակարդակը ցածր եք գնահատում, ոչ ոք ձեր ձեռքից բռնած ձեզ վեր չի բարձրացնելու: Մշակույթի կարգավիճակը ոչ միայն ազգի զարգացածության կարեւորագույն գործոնն է անցյալում, այլեւ նրա գիտակցության մակարդակը այսօր: Եթե մենք գեղանկարչության մեջ տուրք ենք տալիս ծամծմված, տափակ ուղղություններին, ապա ինքներս էլ մնում ենք գնահատականի տափակ ռեգիստրում:
Այսօր մշակույթը կարող է փրկել պետական մեքենայի անկատարությունը, սխալները` նրան բարձր էսթետիկ մշակույթի խթան տալով, առանց որի ազգն ու երկիրը չեն կարող արժանապատվություն ունենալ: Սակայն դրա համար պետք է լուրջ եւ շատ հասարակ աշխատանք տարվի. պետք է հայ հասարակությունն ըմբռնի մշակույթի տեղը իր արժեքային համակարգում: Ոչ թե առանց մտածելու նկարներ գնի` իբրեւ ներդրումներ անելու հարմար ձեւ: Փարաջանովի տուն-թանգարանը, որ արդյունավետ աշխատում է այս ուղղությամբ, կարող է որոշակիորեն ազդել մյուս թանգարանների, իրենց խնդիրները հասկանալու նրանց ձեւի վրա: Միաժամանակ պետք է այս կամ այն արվեստագետի ստեղծագործության լիարժեք ուսումնասիրություններ կատարվեն` նոր տեսանկյունից դիտարկելով նրա արվեստը: Առանց այդ աշխատանքի՝ ամեն ինչ դատարկ բան է ու անհասկանալի: Եվ արտասահմանյան ընդդիմախոս-ինտելեկտուալներից մեկը կարող է ատամների արանքից (նրանք դա կարողանում են) ասել. «Իսկ ի՞նչ եք մեզ առաջարկում: Դուք ինքներդ գոնե դրանից գլուխ հանո՞ւմ եք»: