«2008-ը հակասական իրադրություններով լի տարի էր, բայց տնտեսության մասով պատվով ենք դուրս եկել»

17/01/2009 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

– Ինչպե՞ս եք գնահատում 2008 թվականը:

– 2008-ը տարբեր հակասական իրադրություններով լի տարի էր, բայց տնտեսության մասով կարող եմ ասել, որ պատվով ենք դուրս եկել, որովհետեւ այն խնդիրները, որոնք ունեինք, մեղմել ենք կամ չեզոքացրել: Բավականին հարկաբյուջետային հնարավորություններ ունեինք հակազդելու համար, եւ այդ հարկաբյուջետային միջանցքը թույլ տվեց, որ դրամավարկային քաղաքականությունը որոշակի ճկունություն ցուցաբերի եւ փոխարժեքի մասով արձանագրենք կայունություն: Պետք է նշել նաեւ, որ երկրի պարտքը շատ ցածր է, ինչը թույլ է տալիս լուրջ պետական ներդրումային ծրագրերի մասին խոսել: Ես չգիտեմ` պատահականություն էր, թե ոչ, բայց ճգնաժամը դեռ օդի մեջ խոսակցություն էր ՀՀ-ում, երբ մենք 2008թ. խոշոր, հատկապես ենթակառուցվածքային ծրագրերի մասով, աշխատանքներ էինք սկսել, որոնք, ինչպես ցույց է տալիս աշխարհի փորձը, նաեւ ճգնաժամի հաղթահարման տեսակետից լավագույն գործիքներն են. օրինակ` երկաթուղու, ավտոճանապարհների, ատոմակայանի կառուցումը եւ խոշոր ծրագրերի համար նախատեսված Համահայկական բանկի ստեղծումը, ինչը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում կապահովի ամբողջ հակացիկլային կամ տնտեսական ակտիվության անկմանը հակազդող քաղաքականության իրականացումը: Այսինքն` մեզ հիմա ինչ է պետք` մեծ մասշտաբի զբաղվածություն, իսկ ճանապարհաշինարարությունը, ատոմակայանի շինարարությունը եւ՛ ինժեներական ուժ են պահանջում, եւ՛ բանվորական ուժ: Համահայկական բանկի ծրագրերն էլ կապահովեն բարեփոխումների ընթացքը եւ նորամուծական ենթակառուցվածքների ստեղծումը, որպեսզի մենք այս հակացիկլային փուլն անցնելուց հետո կարողանանք խոշոր ներդրումներ ներգրավել եւ մեր զարգացման ծրագրերին սահուն կերպով հետամուտ լինել:

– Այդ ծրագրերի ֆինանսական աղբյուրները արդեն հստա՞կ են:

– Ես լիազորված չեմ ասել` կա՞ն, թե՞ ոչ, բայց բնական է, երբ հանրապետության նախագահը հայտարարում է նման գաղափարի մասին, ուրեմն ռեսուրսները նախօրոք ճշտված են, եւ եթե հստակ չլինի այդ ռեսուրսների հայթայթման հարցը, նախագահն այդպիսի հայտարարություն չի անի: Օրինակ` ատոմակայանի մասով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից վերլուծություն է արվել, եւ կառավարությունը ծրագրի իրականացման համար պրոֆեսիոնալ խորհրդատվություն վարձելու որոշում է կայացրել: Երկաթուղու ճանապարհաշինարարության մասով Ասիական զարգացման բանկը Հարավ-Հյուսիս մայրուղու շինարարական ծրագրի համար արդեն մեկ միլիոնից ավելի դրամաշնորհ է հաստատել, որը պետք է տա ինժեներական լուծումներ եւ ֆինանսավորման հետ կապված առաջարկներ: Բնական է, որ Ասիական զարգացման բանկն իր մասնակցությամբ փաստում է, որ ընդհանուր ռազմավարական պատկերացում կա, եւ ստրատեգիական տեսանկյունից այս ծրագիրն արժե իրագործել: Համահայկական բանկի ֆինանսավորումն արդեն օրենքով նախատեսված է, բանակցություններ են տարվել բոլոր միջազգային կառույցների եւ գործընկեր երկրների հետ, որպեսզի կարողանանք ռեսուրսներ կենտրոնացնել: Դա պետք է ներառի նաեւ մեր` մասնավոր պարտք վերցնելու ունակությունը, որը կարեւոր խնդիր է: Այս նախաձեռնությունը մասնավոր-պետական համագործակցություն է ենթադրում, ինչն ամբողջ աշխարհում առավելագույն արդյունք է բերում, եւ պետությունը կարողանում է իր մասնակցությունը մինչեւ 20-30 տոկոս հասցնել, թափանցիկ բիզնես մոդելներ է առաջ քաշում, որտեղ մասնավորը կարճաժամկետ օգուտներ չունի, բայց ունի երկարաժամկետ լուրջ օգուտներ: Այսպիսով նաեւ բիզնեսի սոցիալական պատասխանատվության հարցն է լուծվում: Մեր նպատակն է ցույց տալ, որ այս խոշոր կոնցեպցիան իրագործելու համար քաղաքական կամք կա, որ իրատեսական է եւ իրագործելի, ուրեմն` պետք է առաջին քայլերն անել: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այդ քայլերից հետո մասնավորը եւս ներքաշվում է, որովհետեւ դրանք խոշոր ծրագրեր են, եւ մասնավոր հետաքրքրություն է առաջանում:

– Բայց ինչ-որ փուլում պետք է ցույց տալ, պետք է երեւա, որ դա արդյունավետ է, որ մարդիկ հավատան:

– Առաջին քայլը կատարել ենք, ինչը երկրորդ փուլի համար պարարտ հող է ստեղծում, որ պետական-մասնավորը սկսի տեղից շարժվել: Բացի այդ, մենք արդեն իսկ ունենք պետական-մասնավոր համագործակցության մի քանի հաջողված ծրագրեր:

– Ներքաղաքական իրավիճակը ինչքանո՞վ է ազդում տնտեսության վրա:

– Տնտեսական մակարդակում պիտի ազդի: Բնական է, կայունությունն է կարեւոր, ինչի առումով մենք էական խնդիրներ չենք գրանցել: Բայց երկարաժամկետ ներդրումների իմաստով ցանկալի է, որ ներքաղաքական բարոյահոգեբանական իրավիճակն ավելի լավը լինի: Եթե ամբողջ ակտիվ բնակչությունը ձգտում է ներդրումներ բերել Հայաստան, դա այլ պատկեր է, քան՝ երբ բնակչության որոշ, թեկուզ մեծ մասն է զբաղվում երկիրը ներկայացնելու, ներդրում բերելու գործով: Փոխանակ քաղաքացին քաղաքական ինտրիգներով զբաղվի, ավելի լավ է զբաղվի արդյունավետ գործունեությամբ, օրինակ` հանդես գա սոցիալական կամ տնտեսական ոլորտում ինչ-որ նախաձեռնությամբ:

– Ի՞նչ եք կարծում, ժողովուրդը վստահո՞ւմ է կառավարությանը:

– Կառավարության ծրագրերում, մեր հայտարարություններում էլ չենք թաքցնում, որ տեսնում ենք վստահության խնդիրը: Մենք պետք է կարողանանք գնահատել եւ գործիքներ զարգացնել, որ հասարակությունը կարողանա տեսնել կառավարության ազդեցությունն իր կյանքի վրա: Որովհետեւ այդ գործունեության ազդեցությունը, բացի թոշակ, նպաստ բաժանելուց, ինչն, անշուշտ կարեւոր մաս է, դրսեւորվում է նաեւ բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման միջոցով, որոնք ազդում են տնտեսության աճի, մարդկանց սոցիալական եւ տնտեսական ակտիվության վրա: Երկակի պրոբլեմ կա. կան բնագավառներ, որտեղ անելիք կա թափանցիկությունը, գործիքակազմը լավացնելու, որպեսզի ազդեցությունը ուժեղացնենք: Մյուս պրոբլեմը հետեւյալն է. իրականում մեր արածն ազդեցության տեսակետից չենք կարողանում ներկայացնել, ինչը վստահության բանալին է: Պետք է մեր հաշվետվություններն այնպիսին դարձնենք, որ միտված լինեն ոչ թե նրան, թե ինչ ենք արել, այլ` թե մեր արածի արդյունքում ինչ ենք ստացել: Բարդ խնդիր է իրականացնելու առումով եւ բարդ է կոնսենսուսի առումով, որ մարդիկ ընդունեն գործունեության արդյունքները: Կան բնագավառներ, որտեղ պետք է ռեսուրսները ճիշտ վերաբաշխենք, որպեսզի մեր քաղաքականության ազդեցությունն ուժեղանա: Մասնավորապես` օրենքներ գրելու եւ ընդունելու հարցում շատ ուժեղ ենք, բայց կիրառելու, հետադարձ կապը ապահովելու, անալիզ անելու խնդիրը, թե մեր օրենքը քանի տոկոսով ներդրվեց, բարդ խնդիր է, որը չի լուծվել:

– Կառավարությանը երբեմն մեղադրում են, որ ինչ-որ բան է հայտարարում, իսկ հետո՝ մոռանում, օրինակ` Դիլիջանը ֆինանսական կենտրոն դարձնելը կամ «Զվարթնոց» օդակայանը տնտեսական ազատ գոտի դարձնելը:

– Երբ ես ներկայացնում էի Զվարթնոցի հայեցակարգը, հայտարարեցի ժամանակահատված, այսինքն` այն ունի ձեւավորման փուլ, հետո հասնում է գագաթնակետին, ինչը կտեւի 10-15 տարի: Ամեն դեպքում, սկզբում կոնցեպցիան ես հայտարարում: Մենք ուղղակի այդ ռեժիմում չենք ապրել, մեծ գաղափարները սովորաբար կոմունիկացիա են պահանջում. գաղափարի հայտարարմանը հաջորդում է հասարակության արձագանքը, ինչն օգնում է բացահայտել ծրագրի իրականացման ռիսկերը: Երկրորդ փուլում պետք է ձեռք բերվեն կոնկրետ ժամանակացույցի շուրջ պայմանավորվածություններ: Մեր դեպքում դա այն է, թե ինչ ներդրումներ պետք է արվեն, կառավարությունը ինչ օժանդակություն պետք է ցույց տա, այս ամենը հայեցակարգում արդեն արտացոլված է: Ծրագիրն իրականացնելու համար այս տարվանից պիտի սկսենք բիզնեսմենների հետ խոսել: Ի դեպ, կան մարդիկ, որ համաձայն են գալ այդտեղ, եւ եթե նախատեսվող սառնարանային տնտեսությունը լինի, կփաթեթավորեն ապրանքը եւ կմտնեն դրսի շուկա: Այս կոնսոլիդացիայի գործընթացը պարտադիր պետք է անցնենք, որը Հայկական զարգացման գործակալության օրակարգում է ընդգրկված, պիտի շատ ակտիվ խոսենք բոլոր շահառուների հետ, որովհետեւ հնարավոր է վատ կոմունիկացիայի արդյունքում գտնես ընդամենը մի տասը ընկերություն եւ գաղափարը սպանես, բայց եթե չշտապես, կարող է 100-ը ունենաս եւ լավ ընտրություն կատարես: Այս պրոցեսը պետք է ճիշտ ներկայացնել, ինչը մեկ տարի կխլի: Այդ ընթացքում պարբերաբար հրապարակային կխոսենք իրականացված քայլերի մասին, ցույց կտանք համատեղ աշխատանքը: Սա նոր մոտեցում է, որն իրականանալի է, քանի որ շահառուների հետ քննարկված է: Բոլորն էլ ասում են, որ եթե համատեղ աշխատենք, ստացվող գաղափար է: Այսինքն` ոչ թե մոռացվում է, այլ փուլային լուծումներ է ենթադրում, իսկ երկարաժամկետ ծրագրերի իրականացումը ճիշտ կոմունիկացիա է պահանջում, եւ հույս ունենք, որ այդ հարցում դուք նույնպես մեզ կուղղորդեք:

– Ճգնաժամի պայմաններում, կարծես, այս գաղափարները ժամանակավրեպ են, որովհետեւ աշխարհը այլ պրոբլեմների մեջ է, իսկ մենք գաղափարներ ենք տալիս, գուցե, եթե չլիներ ճգնաժամը, դրանք աշխատեին, սակայն այսօր դրանք անիրականանալի են թվում:

– Զարգացած երկրների, որոնք անմիջապես են ազդվել ճգնաժամից, ամենաիներտ սեկտորները բարձր որակի ծառայություններն են եւ բարձր տեխնոլոգիաները: Դրանք չեն ազդվում: Մեծապես ազդվել են խոշոր ֆինանսական փուչիկների վրա կառուցված սեկտորները, որոնք ավանդական են համարվում, իսկ դրանց կարելի է հակազդել կապիտալ ծախսերի միջոցով: Մենք հակաճգնաժամային գործիքների փաթեթը ձեւավորել ենք, ինչը թույլ է տալու հարթ անցնել վայրիվերումները: Այն ռեսուրսները, որ մեզ պետք են այդ գաղափարները հասունացնելու եւ բիզնես ծրագրի կամ ներդրումային ծրագրի վրա դնելու համար, այդ ծախսերը էական չեն, որ մենք զիջենք, իսկ գագաթնակետը լինելու է մեկ տարի հետո, երբ աշխարհում շատ ռեսուրսներ են լինելու նման գաղափարների համար: Եթե մենք հասցնենք ծրագրերն այն մակարդակի, որ ներդրողներին ասենք, թե իրենց որ իրավունքը ինչպես է պաշտպանվելու, այդ փուլում կարող ենք ներդրումները ներքաշել Հայաստան: Իսկ Հայաստանը ցույց տվեց, որ ներքին պահանջարկի, մրցունակության տեսակետից համեմատական առավելություններ ունի:

– Արդեն խորհրդարանում կոալիցիոն ուժերի ներկայացուցիչները սկսել են անվստահություն հայտնել կառավարության այս ծրագրերին:

– Ես տեղյակ չեմ նման մտադրությունների մասին, բայց միշտ էլ հոռետեսներ կլինեն:

– ՏՏ ոլորտի զարգացման համար ոլորտի ընկերությունները խոսում են ինտերնետի գների իջեցման մասին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս հարցը լուծելու համար, քանի որ տարածաշրջանում ամենաթանկ ինտերնետը Հայաստանում է, ինչո՞ւ կառավարությունը չի կարողանում լուծել այս հարցը:

– Երբեմն պրոբլեմները ինչո՞ւ են ծագում. Արեւմուտքում մի լավ կոնցեպցիա կա, թե ինչո՞վ է հարուստը տարբերվում աղքատից. ոչ թե՝ որ մեկը մյուսից շատ փող ունի, այլ՝ որ մեկը կազմակերպված է, մյուսը` ոչ: Որոշումներ կայացրել ենք, որպեսզի հարցը լուծենք, բայց տեխնիկական լուծումներն էլ պիտի ունենաս, ինչը շատ լուրջ գիտելիք է պահանջում: Ամանորյա տոների մի մասը տրամադրել եմ նրան, որ 150-200 էջ կարդամ, հասկանամ, թե այլ երկրներում այդ խնդիրը ինչպես են լուծել: Կապը ճիշտ վերաբաշխելու համար, որպեսզի արագությունը չտուժի, եւ, որ լայնաշերտ ցանցը աշխատի: Երկու ուղղությամբ էլ պրոսպեկտներ բացվել են, տեխնիկական դիզայնը 2-3 ամիսների ընթացքում կունենանք եւ մրցույթի միջոցով հանդես կգանք` թող ինտերնետ պրովայդերների մեջ կոնսոլիդացիա կատարվի, որպեսզի իրենք կարողանան ճիշտ վերաբաշխել, իսկ դրսի մասով տարբեր հնարավորություններ կան` գազամուղին զուգահեռ, էլեկտրականությանը զուգահեռ, նաեւ Թուրքիայի միջոցով էլ նախաձեռնություններ կան ավելի լավ կապ ապահովելու համար: Վերջինս «ԱրմԹեք» կոնգրեսի առաջարկն էր կառավարությանը, սա մասնավորի հետ երկխոսության արդյունքներին հետամուտ լինելու կոնկրետ փորձ էր: Երբ Հայաստանում էր ՄԱԿ-ի փոխքարտուղարը, ով պատասխանատու է ծով ելք չունեցող երկրների համար, հարց դրեցինք, եւ կար ընդհանուր ընկալում, որ այդտեղ էլ հնարավոր է միջազգային փաստաթուղթ ունենալ, որը ստորագրելով, հարեւան երկրները պարտավորություններ ստանձնեն ինտերնետ ենթակառուցվածքների համատեղ եւ անվտանգ օգտագործման հարցում: Ուզում ենք այս տարի նման մի նախաձեռնությամբ հանդես գալ միջազգային ասպարեզում:

– Այսօր ինչի՞ հաշվին է կատարվում դրամի արժեւորումը:

– Դրամավարկային քաղաքականության, որն ընդհանուր գործողությունների եւ գործիքների փաթեթ է: Կայունությունը արդյունք է ճիշտ քաղաքականության, որը, համաձայնեք, շատ երկրներ կերազեին ունենալ, բայց փաստ է, որ չկարողացան:

– Իսկ տրանսֆերտները ինչքանո՞վ են կրճատվել կամ ավելացել:

– Ճգնաժամը ցույց տվեց, որ այդ տրանսֆերտները բավականին մոբիլ են, իհարկե, այժմ իրավիճակի փոփոխություն կա, քանի որ միաժամանակ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը խնդիրներ ունեն: Այս հարցը քննարկման առարկա էր դարձել Ազգային մրցունակության խորհրդում, որտեղ ռուսական հեղինակավոր բիզնեսմեններ են խորհրդի անդամները: Ռուսաստանում, որը ռիսկի հիմնական աղբյուրն է, տարբեր մակարդակի եկամտի տեր մարդիկ կան, դրանց մեծ մասը ֆինանսական հատվածից կախման մեջ չէ, որ տուժի, ուստի` էական անկման փոխարեն՝ հնարավոր են տրանսֆերտների տեսակների փոփոխություններ: Միգուցե գործոնային եկամուտների առումով անկումներ լինեն, բայց հակազդեցության գործիքներն ուղղված են դրան, հետո էլ հայերը այն ոլորտներում են աշխատում, որոնք մշտապես պահանջարկ ունեն: Այդուհանդերձ, հակաճգնաժամային փաթեթներում տրանսֆերտների անկումը հաշվի է առնված:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք www.hetq.am-ում