Երեւանի մասին՝ սիրով

17/01/2009 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

«Մենք այն ժողովուրդն ենք, որ մայրաքաղաքներ շատ է տեսել։ Եվ սրա մեջ է, եթե կուզեք, մեր ժողովրդի դարավոր ողբերգության արտահայտություններից մեկը։ Մենք մայրաքաղաքներ շատ ենք ունեցել, ունեցել ենք ստիպված, ունեցել ենք, որովհետեւ մայրաքաղաքներն ավերվել են, հիմնահատակ արվել։ Ու մեզ մնացել է փլատակներով հպարտանալու զգացմունք միայն։ Թող մեր կյանքն ընթանա այնպես, որ Երեւանը լինի եւ մնա մեր վերջին մայրաքաղաքը՝ սրբազան Արարատի հայացքի ներքո…»,- գրել է Պարույր Սեւակը։

Երեւանի մասին շատ բանաստեղծություններ, ձոներ ու երգեր են գրվել։ Մենք բոլորս սիրում ու հարազատ ենք համարում այդ քաղաքը, բայց մեր սերը փոքր-ինչ պոետիկ ու վերացական է։ Երեւանը որպես կառույց, որպես անցյալ տարիների կնիքը կրող միկրոաշխարհ՝ մեզ գրեթե անծանոթ է։ Զարմանալի երկատված վիճակ է նկատվում. մի կողմից՝ մենք մեր հիշողության մեջ պահում ենք «արխիվային», հազարամյակների պատմություն ունեցող Երեւանը, իսկ մյուս կողմից` փորձում ենք 21-րդ դարի Երեւանից ջնջել անցյալի հետքերը։ Եվ միայն գրքերում, թանգարաններում եւ վիրտուալ աշխարհում ենք պահպանում մեր քաղաքի անցյալը, նախորդ տարիների նվաճումները, սխալներն ու խնդիրները՝ փորձելով ոչ թե տարիների շարունակական կապը ապահովել, այլ՝ մոռանալ եղածն ու ամեն ինչը նորից սկսել։ Եվ այդ միտումը աճում է երկրաչափական պրոգրեսիայով. մենք արդեն քանդում ենք ոչ թե դարերի կառույցները, այլ՝ ընդամենը մի քանի տարի առաջ կառուցվածը։ Կարծես շտապում ենք նորը ամեն օր ձեռնարկել։ Եվ արդյունքում նորը բավականին տձեւ է դառնում, քանի որ մեզ անցյալի հանդեպ ունեցած խնամքն է պակասում։ Հիմա շրջելով Երեւանի փողոցներով՝ չես էլ կարող հասկանալ՝ որտե՞ղ է 19-րդ դարի Երեւանը, իսկ ո՞ր բակը կամ պուրակը կարելի է համարել մինչխորհրդային Երեւանի պատկերը։ Այդ ամենը միայն քրոնիկայում կամ լուսանկարներում է պահպանվել։ Հին Երեւանը «տեսնելու» ու նրա շատ ինքնատիպ անցած ուղին հասկանալու ու վերլուծելու համար հաճախ հարկ է լինում անդրադառնալ քաղաքի ղեկավարներին, որոնց կամոք էլ քաղաքը ձեւավորվել ու վերաձեւավորվել, զարթնել ու քայքայվել է, որոնց օրոք օրենքներ են ընդունվել, հետո փոփոխվել են։

Պատմաբան Գագիկ Բաղդասարյանը, ով վերջերս լույս է ընծայել գունեղ, լուսանկարներով ու ինֆորմացիայով լեցուն «Երեւան» գիրք-ալբոմը, հենց նման վերլուծության առիթ է տալիս։ Գրքում փորձ է արվում զուտ փաստերով, վիճակագրական տվյալներով եւ տեղեկատվությամբ (իսկ լուսանկարը ամենաանաչառ ու ազդեցիկ ինֆորմացիայի աղբյուրն է մնում)՝ ցուցադրել Երեւանի եւ՛ արտաքին, եւ՛ ներքին դիմանկարը։ Չէ՞ որ Երեւանի գոյության յուրաքանչյուր փուլ իր պատասխանատուներն է ունեցել։ Եվ յուրաքանչյուր նոր կառույցի եւ որոշման ետեւում մարդիկ են կանգնած եղել, որոնք եղել են իրենց ժամանակի հերոսները՝ թագավորները, քաղաքապետները, ճարտարապետները, մեծ ու փոքր կառավարիչները…

«Զարմանալի է, բայց Երեւանի մասին շատ քիչ նյութ կա։ Հիմնականում ներկայացվում է այսօրվա Երեւանը, իսկ անցյալի մասին ամբողջական ինֆորմացիա չկա»,- ասում է Գ.Բաղդասարյանը, ով շեշտում է, որ գիրք հրատարակելու նպատակը երեւանցիներին, Երեւանի հյուրերին ու սփյուռքահայերին իրազեկելն է եւ ոչ թե՝ սոսկ Երեւանը գովազդելն է։ Այդ պատճառով էլ գիրքը լայն վաճառքի չի հանվի, այլ՝ կառաջարկվի որպես նվեր կամ կհանդիսանա որպես յուրահատուկ ֆոտո-հանրագիտարան։

Գրքի համար հիմնական նյութ է հանդիսացել Բաղդասարյան ընտանիքի անձնական լուսանկարչական արխիվը, որը սկիզբ է առել 1920-ական թվականներին, երբ լուսանկարիչ Նեմրութ Բաղդասարյանը սկսել է անել Երեւանը պատկերող իր առաջին ֆոտոները։ Նա համարվում է Հայաստանի լուսանկարչական լրատվության հիմնադիրը (նաեւ միակ լուսանկարիչը, ում շնորհվել է արվեստի վաստակավոր գործչի կոչումը), իսկ նրա գործը շարունակել ու շարունակում են նրա որդիները՝ Հերբերտ, Գագիկ եւ Մելիք Բաղդասարյանները։ Ծանոթ ու անծանոթ Երեւանն է բացվում գրքում զետեղված 800 լուսանկարների միջոցով։ Գ.Բաղդասարյանը պատմում է. «Գրքի լուսանկարների 90%-ը մեր անձնականն են, իսկ որոշ արխիվային նյութեր ես հավաքել եմ նաեւ Թբիլիսիի ու Սանկտ Պետերբուրգի արխիվներից»։

Գիրքը ծավալուն ժամանակագրություն է ընդգրկում, պատմում է Երեւան բնակավայրի հետ կապված իրադարձությունների մասին, վերծանում է տեղամասերի ու թաղամասերի անվանումներն ու հակիրճ ներկայացնում է նրանց առաջացման պատմությունները։ Մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում «Երեւանի միկրոաշխարհագրությունը» բաժինը, որտեղ հետազոտվում են բնակավայրերի, թաղերի ու փողոցների անվանումների ծագումն ու նրանց տրանսֆորմացիան։ Կարելի է տեղեկություն ստանալ նաեւ վերանվանված փողոցների, պուրակների ու նրբանցքների սկզբնական անվանումների մասին։ Ներկայացվում են Երեւանի մշակույթի կենտրոնները, եկեղեցիներն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդները։ Այսինքն՝ այն ամենը, ինչը կապված է Երեւան-կառույցի հետ։ Ուշագրավ է նաեւ ծանոթությունը Երեւանի պատվավոր քաղաքացիների ու Երեւանի քույր քաղաքների ցանկի հետ։ Ընդ որում՝ Երեւանի «քույրերից» մեկն է հեռավոր Անտանանարիվուն՝ Մադագասկարի մայրաքաղաքը։ Երեւանի համար 12-ը շատ սիմվոլիկ թիվ է։ Երեւանը Հայոց աշխարհի ոչ միայն թվով 12-րդ մայրաքաղաքն է (ընդ որում՝ աշխարհի երեսին չի եղել ոչ մի երկիր, որն իր պատմության ընթացքում այդքան մայրաքաղաք է ունեցել, որքան Հայաստանը), այլեւ հենց այդքան համայնքներ ունի, որոնց «կենսագրությունը» նույնպես ներկայացված է «Երեւան» գիրք-ալբոմում։

Երեւանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1879 թվականին՝ ռուսական ցար Ալեքսանդր Երկրորդի հրամանագրով։ Այդ ժամանակ Երեւանը 12 հազար բնակիչ ուներ։ Եվ հենց այդ թվականին էլ տեղի են ունեցել Երեւանի քաղաքապետի ու Դումայի անդամների ընտրությունները։ Երեւանն ունեցել է եւ՛ նշանակովի, եւ՛ ընտրովի քաղաքապետեր, եղել է քաղաքապետ, որն ընդամենը մեկ ամիս է գտնվել իր պաշտոնում, եղել է նաեւ քաղաքապետ, որը քաղաքը ղեկավարել է 13 տարի շարունակ (Գրիգոր Հասրաթյանը)։ Գրքի հեղինակ Գագիկ Բաղդասարյանը համոզված է, որ անցյալի փորձն ուսումնասիրելը շատ արդիական է այսօր, երբ Երեւանի մասին նոր օրենք է ստեղծվում ու սպասվում են քաղաքապետի նոր ընտրությունները։ «Ընտրությունների արդյունքը մեծ մասամբ կապված է անցյալի փորձը հասկանալու հետ»,- ասում է նա։

Շատ հաճախ մենք նշում ենք մեր մայրաքաղաքի դարավոր պատմության մասին ու հպարտորեն հիշում ենք, որ Երեւանն ավելի վաղ է հիմնադրվել, քան Հռոմը։ «Ասում ենք, որ Երեւանը Հռոմից հին է, բայց երբ շրջում ես Հռոմի փողոցներով, միանգամից տեսնում ես, որ քաղաքը հին է, իսկ Երեւանի տեսքից հին լինելը չի զգացվում։ Կարծում եմ, դա մեծ խնդիր է, որը պետք է փորձենք լուծել»,- ասում է Գ.Բաղդասարյանը։

«Երեւան» գրքի արժեքն անկասկած շատ մեծ է, այն փոխկապակցում է ժամանակները, դարերը, մարդկանց ու վայրերը։ Այն մեզ է վերադարձնում մեր իսկ պատմությունը, ստիպում զննել դարասկզբին արված լուսանկարներն ու վերգտնել (հաճախ՝ ապարդյուն) նրանց ներկայությունն այսօրվա փողոցներում, կառույցներում, մարդկանց վերաբերմունքի մեջ։ Գրքում բառն ու պատկերը պատմության վկաներն են։ Եվ շատ լավ է, որ գրքում էմոցիոնալ պարզաբանումներ չկան, կան միայն փաստեր։ Գ.Բաղդասարյանն, օրինակ, շատ ուշագրավ մի փաստ է ներկայացնում։ Պարզվում է, որ 1879 թվականին, երբ աշխատում էր Երեւանի առաջին քաղաքապետ Հովհաննես Ղորղանյանը, քաղաքի ադմինիստրացիայի կարգադրությամբ ստեղծվել է առաջին հանձնաժողովը, որը կոչված է եղել զբաղվել քաղաքի աղբահանությամբ։ Այսինքն՝ քաղաքի համար մեկ խնդիրը եղել է սանիտարական մաքրությունը։ Ինչը շարունակում է մնալ առաջնային խնդիր նաեւ այսօր։ Իսկ այն ժամանակ Երեւանն ավելի փոքր էր (ուներ 250 հազար բնակչություն), քան այսօրվա Երեւանի ցանկացած համայնք։