Կարծրատիպերը փշրելը հաճելի գործ է, սակայն ոչ միշտ՝ անվտանգ։ Կարծրատիպային սիմվոլները արվեստի միջոցով ներկայացնելու վերջին՝ շատ աղմկալի փորձը, որը տեղի է ունեցել Եվրոպայում, ոչ միայն չի ընդունվել հասարակության կողմից, այլեւ՝ լուրջ պրոբլեմ է առաջացրել նախագծի հեղինակ, չեխ նկարիչ Դավիդ Չերնայի համար։
Չեխիան, որը ստանձնել է Եվրամիության նախագահությունը, Բրյուսելում ներկայացրել է «Կարծրատիպերի խճանկար» ինստալյացիան, որտեղ ամեն մի եվրոպական երկիր խորհրդանշել է այն առարկան կամ իրադարձությունը, որն ամենահաճախն է ասոցիացվում այդ երկրի հետ։ Հսկայական եվրոպական քարտեզ է ստեղծվել, որտեղ պետությունների ուրվագծերը ստերեոտիպերի պարոդիայի նյութ են դարձել։
Ռումինիան, օրինակ, կոմս Դրակուլայի դղյակի տեսք ուներ, Բուլղարիան՝ զուգարանակոնքերից էր «կառուցվել», Իտալիան խոտածածկ ֆուտբոլային դաշտ էր դարձել, իսկ Նիդեռլանդները ներկայացված էին որպես ջրի մեջ սուզված մզկիթների գմբեթների երկիր։ Գերմանիան, որը զարգացած ավտոմայրուղիների ցանց ունի, ներկայացված էր՝ որպես ոլորապտույտ ճանապարհների կույտ, եւ այդ ճանապարհները աննկատելիորեն վերածվում էին սվաստիկայի։ Դանիան «կառուցվել» էր «լեգոյից», ինչի արդյունքում՝ խաղալիքից սարքված Մոհամեդ մարգարեի քանդակ էր դարձել, եւ դա պետք է ակնարկեր վերջերս Դանիայում ծավալված «ծաղրանկարների պատերազմի» մասին։ Եվրոպան ներկայացնող բոլոր 27 երկրներն իրենց յուրահատուկ ձեռագիրն են ունեցել։ Ֆրանսիան ներկայացվել է որպես մի տարածք, որն ամբողջովին փակում է «Գործադուլ» պաստառը։
Շատ եվրոպական պետություններ պարզաբանումներ են պահանջել Չեխիայի դեսպանատներից, իսկ Չեխիան ներողություն է խնդրում, քանի որ պարզվել է, որ նախագծի հեղինակները տեղյակ չեն պահել իրենց մտադրության մասին։ Սկզբում նախատեսվում էր, որ յուրաքանչյուր ինստալյացիա կանի հենց իր երկիրը ներկայացնող նկարիչը, բայց հետագայում չեխ հեղինակը որոշել է ամեն բան ինքնուրույն անել։ Նկարիչ Չերնան ասել է, որ ցանկացել է գրոտեսկային քանդակախումբ ստեղծել ու պարզել՝ «ունա՞կ է արդյոք Եվրոպան ինքն իր վրա ծիծաղել»։