Օպերացիա «ի»

17/01/2009

Երեկ հայտնի դարձավ, որ գողություն է տեղի ունեցել Նկարիչների միության նկարադարանից, որտեղից մի քանի կտավներ են առեւանգվել։

Նշվում է 7 թիվը։ Թե ո՞ր հեղինակների գործերն են գողացվել՝ հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ՝ թե կտավների հետ մեկտեղ՝ ինչպիսի՞ փաստաթղթեր են անհետացել։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն այժմ բացակայում է քաղաքից` Գերմանիայում է։ Այդ պատճառով էլ մենք կարողացանք պարզաբանումներ ստանալ միության քարտուղար Կարապետ Փաշյանից, ով հայտնեց, թե գողացված նկարների հեղինակներին ու նկարների անվանումները հայտնի են միայն Ոստիկանությանը, որը չի շտապում դրանք հրապարակել։ «Մենք զգացինք, որ գողություն է տեղի ունեցել ու միանգամից Ոստիկանություն զանգահարեցինք։ Ինքներս ուսումնասիրություն չենք անցկացրել։ Կարծում եմ, որ նրանք արդեն մոտ օրերս կասեն, թե ո՞ւմ նկարներն են գողացվել»։ Միության տարբեր քարտուղարները գրեթե նույն ինֆորմացիան էին հայտնում՝ ապավինելով պատկան մարմիների որոշմանը։ Ավելին, նրանք ոչինչ ասել չէին կարող, կամ պարզապես չէին ուզում։ Հայտնի է միայն, որ նկարադարանում պահվում են մոտ 300 կտավներ, եւ դրանց մեջ Սարյանի, Քոչարի կամ Մինասի նման հնչեղ հեղինակների աշխատանքներ գրեթե չկան, քանի որ Նկարիչների միությունը տարբեր աճուրդների միջոցով դրանք հիմնականում վաճառել է։

Հիշեցնենք, որ Նկարիչների միության շենքը վերջերս վերանորոգել է իր ցուցասրահը, իսկ նկարադարանը մնացել է նույն կիսաքանդ վիճակում, ինչպիսին եղել է տարիներ առաջ։ Թեեւ, իհարկե, շենքն ունի իր պահակն ու անվտանգության համակարգը։ Եվ այնքան էլ բարդ չպետք է լինի պարզելը, թե ինչե՞ր են կորել, եւ ո՞վ է դրա մեղավորը։ Պահեստային ֆոնդ ունեցող Նկարիչների միությունը նաեւ այդ ֆոնդի պատասխանատուն ունի։ Ստացվում է, որ հենց նա էլ պատասխանատվությունը պետք է իր վրա վերցնի։ Ինչպես նաեւ պետք է պատասխան տան Միության հարստության ու արխիվի պահպանման անվտանգության պատասխանատուները։ Խիստ լարված իրավիճակում նախագահի ընտրություններ անցկացրած Նկարիչների միությունում տեղի ունեցած այս գողությունը տարաբնույթ ենթադրությունների առիթ է տալիս։ Եվ նաեւ հարց է ծագում` ի՞նչ փաստաթղթեր են անհետացել. արդյո՞ք դրանք միության ղեկավարության կողմից կատարված աղաղակող գործարքների մասին փաստաթղթերն են, որոնց մասին միության վերջերս տեղի ունեցած համագումարի ժամանակ խոսում էին քանդակագործ Արա Շիրազը եւ այլ նկարիչներ: