Նախօրեին Ադրբեջանի Արտգործնախարարությունը հրապարակել է 2008 թվականի հաշվետվությունը, որում ծավալուն անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:
Ընդ որում, ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, փաստաթղթում բացակայում է «ղարաբաղյան հակամարտություն» բառակապակցությունը, որը փոխարինված է «հայ-ադրբեջանական հակամարտություն» արտահայտությամբ: Հաշվետվությունում նշված է, որ անցյալ տարվա ընթացքում Ադրբեջանի Արտգործնախարարությունը շարունակել է հետեւողական գործունեություն իրականացնել «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ` հիմք ունենալով պահպանել Ադրբեջանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիությունը»: «Հարավային Օսիայի զինված հակամարտությունը հստակ ցույց տվեց, որ Հարավային Կովկասում իրավիճակը փխրուն է, եւ որ ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը վտանգավոր է: Օգոստոսյան իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան աղետալի է միջազգային իրավական նորմերն ու սկզբունքները հաշվի չառնելը, եւ նոր խթան հաղորդեցին միջազգային ջանքերին` տարածաշրջանի հակամարտությունների կարգավորման համար»,- ասված է փաստաթղթում: Ադրբեջանի Արտգործնախարարությունը նշում է, որ հենց այդ վերջին իրադարձությունների ֆոնին է՛լ ինտենսիվ դարձավ բանակցային գործընթացը Մինսկի խմբի շրջանակներում: Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի արդյունքում նախագահների կողմից ստորագրված Մոսկովյան հռչակագիրը Ադրբեջանի արտգործնախարարությունը ներկայացնում է հետեւյալ կերպ. «Փաստաթղթում արտահայտվել են ձգտումներ` նպաստելու Հարավային Կովկասի իրավիճակի առողջացմանը, տարածաշրջանում ապահովելու կայունություն եւ անվտանգություն` հակամարտության քաղաքական կարգավորման ճանապարհով, հիմք ընդունելով միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները եւ այդ շրջանակներում ընդունված որոշումներն ու փաստաթղթերը»: Ադրբեջանի ԱԳՆ-ի հաշվետվության մեջ հիշատակվում է նաեւ ՄԱԿ-ում ընդունված փաստաթուղթը: «Անցյալ տարվա ընթացքում շարունակվել է միջազգային հանրության դիրքորոշումների կոնսոլիդացումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ եւ դրա հետեւանքները վերացնելու համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում մարտի 14-ին ընդունվել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված բանաձեւը: Բանաձեւը հայտարարում է, որ անխախտելիորեն հարգում է Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը` միջազգայնորեն ճանաչված սահմաններով, պահանջում է անհապաղ, ամբողջությամբ եւ անվերապահորեն դուրս բերել հայկական զորքերը օկուպացված բոլոր տարածքներից, արձանագրում է, որ այդ տարածքներից հարկադրաբար հեռացված մարդիկ իրենց տները վերադառնալու անքակտելի իրավունք ունեն, եւ ընդգծում է, որ ոչ մի երկիր չպետք է օրինական համարի օկուպացիայի արդյունքում ստեղծված իրավիճակը»: Անդրադառնալով դեկտեմբերի 4-5-ը Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների հերթական հանդիպմանը` Ադրբեջանի Արտգործնախարարությունը նշում է. «Հելսինկիում հայտարարություն ընդունվեց, որտեղ կառուցողական համարվեցին Մոսկվայում երեք նախագահների նոյեմբերյան հանդիպման արդյունքները եւ հակամարտ կողմերին կոչ արվեց ակտիվացնել բանակցությունները Մոսկովյան հռչակագրի դրույթներին համապատասխան»: