Ի՞նչ են կալորիաները եւ ինչպե՞ս են դրանք ծախսվում

17/01/2009

Առանց ֆիզիկական աշխատանք կատարելու էլ մարդն օրվա մեջ ծախսում է 1800 կիլոկալորիա: Կալորիան ջերմության այն քանակն է, որ անհրաժեշտ է 1 գ ջուրը 1 աստիճան C տաքացնելու համար: Քիչ շարժվող չափահաս մարդը պետք է օրական ստանա 1800 կկալորիա, իսկ ֆիզիկական աշխատանք կատարողը` 5500 կկալորիա էներգիա: Այդ էներգիան մարդը ծախսում է օրգանիզմի հիմնական ֆունկցիաների, ինչպես նաեւ` շարժվելու վրա: Տարբեր զբաղմունքների դեպքում մարդը 1 ժամում ծախսում է էներգիայի հետեւյալ քանակները. դահուկավազք` 900կկալ, լող` 700կկալ, ֆուտբոլ եւ մեծ թենիս` 600 կկալ, երկարատեւ զբոսանք` 350 կկալ, ուղղակի քայլվածք` 90 կկալ, գրասենյակային աշխատանք` 40կկալ:

1 կտոր շաքարի հաղորդած էներգիայի սպառման համար անհրաժեշտ է քայլել 15 րոպե: Կարագով ու մուրաբայով կերած բուտերբրոդի հաղորդած էներգիան սպառելու համար, օրինակ, անհրաժեշտ է գոնե 30 րոպե թենիս խաղալ: Մարդը, որի ստացած էներգիան գերազանցում է ծախսածին, գիրանում է, եւ հակառակ դեպքում` նիհարում: Ամբողջ կյանքում ստացած էներգիան ծախսելու համար տղամարդը պետք է 12 տարի անընդմեջ վազի (անշտապ վազքով), իսկ կինը` 13 տարի:

1 տարվա մեջ մարդու կլանած էներգիան կբավականացնի 100 քմ մակերեսով բնակարանը 45 օր տաքացնելու համար:

Ներկայացնում ենք, թե որքան ժամանակ պետք է զբաղվել տարբեր մարզաձեւերով, որպեսզի ծախսվի 1 կգ ճարպ.

Լող. տղամարդը` 5 ժամ 30 րոպե, կինը` 8 ժամ
Աշտարակացատկ. տղամարդը` 8 ժամ 30 րոպե, կինը՝ 10 ժամ 10 րոպե
Մեծ թենիս, տղամարդը` 13 ժամ 40 րոպե, կինը` 16 ժամ 40 րոպե
Հեծանվային զբոսանք. տղամարդը՝ 30 ժամ 30 րոպե, կինը` 38 ժամ 40 րոպե
Քայլք 5կմ/ժ արագությամբ. տղամարդը` 63 ժամ 30 րոպե, կինը` 96 ժամ 40 րոպե: