Կաթի մասին պատմությունն այնքան հին է, որքան մարդկության պատմությունը: Կաթն իր մեջ պարունակում է շուրջ 200 օգտակար նյութեր, որոնցից ամենակարեւորներն են` ջուրը, դյուրամարս սպիտակուցները, հանքային աղերը եւ այլն:
Մինչ մասնագետները կվիճաբանեն կաթի օգտակարության կամ վնասակարության մասին, բժշկությունը համոզված է, որ այն ոչ միայն օգտակար է, այլեւ` բուժիչ: Գրեթե բոլոր հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում կաթնամթերք օգտագործել: Օրինակ, Արեւմտյան Եվրոպայում որպես մրսածության համար պրոֆիլակտիկ միջոց, խորհուրդ է տրվում ամեն օր ուտել յոգուրտ, իհարկե` առանց շաքարի: Կամ շնչուղիների հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում ոտնաթաթերին ու ձեռքի ափերի մեջ քսել կովի կաթից պատրաստված հալեցրած յուղ: Բուժման տեւողությունը 2 ամիս է: Անգինայի ժամանակ օգտակար է թթվասերը, ընդ որում` այն պետք է ուտել շատ դանդաղ` 20 րոպեում` 50 գրամ: Իսկ ահա լարինգիտի ժամանակ շատ լավ օգնում է 1 ճաշի գդալ հալեցրած կարագը մեղրի ու կիտրոնի հյութի հետ:
Առհասարակ կաթը պետք է օգտագործել ջերմային վերամշակումից` ստերիլիզացիայից հետո: 100 աստիճան ջերմության դեպքում վերանում են կաթի մեջ եղած բոլոր միկրոօրգանիզմներն, ու դեռ ավելին` մեծանում է կաթի պահպանման ժամկետը: Մեզ մոտ լայն տարածում գտած կաթնամթերքներն են թթվասերն ու կաթնաշոռը: Կաթնաշոռը որպես սննդամթերք հայտնի է եղել դեռեւս Հին Հռոմում: Իսկ ռուսները կաթնաշոռին տալիս էին պանիր անունը, երեւի այստեղից էլ` պանրիկ անվանումը, թեկուզ այն պատրաստվում է կաթնաշոռից: Կարելի է ասել՝ ամենաօգտակար կաթնամթերքը կաթնաշոռն է, որն ավելի շատ օգտագործում էին սլավոնական ազգերը: Սոյայի կաթնաշոռը շատ ընդունված սննդամթերք է չինական խոհանոցում: Այն պատրաստվում է սոյայի հատիկներից: Չինացիներին դուր է գալիս դրա հետաքրքիր համն ու հոտը, եւ որ պակաս կարեւոր չէ` ցածր գինը:
Կաթնաշոռը որպես օգտակար սննդամթերք՝ անհրաժեշտ է թե՛ փոքրիկներին, թե՛ մեծահասակներին: Այն համարվում է դիետիկ սննդամթերք` լյարդի հիվանդության, աթերոսկլերոզի եւ հիպերտոնիկ հիվանդությունների ժամանակ: Այն իր կայուն տեղն ունի ցանկացած սննդային սահմանափակման ժամանակ: Տնային պայմաններում եւս հնարավոր է պատրաստել կաթնաշոռ, որը շատ օգտակար է հատկապես փոքրիկներին: Դրա համար պետք է կաթը եռացնել էմալապատ ամանի մեջ, այնուհետեւ սառեցնել մինչեւ 30 աստիճան եւ լավ խառնել 2-3 գդալ թթվասեր կամ կեֆիր ու թողնել մի քանի ժամ: Հետո ստացված զանգվածը լցնել կտորե տոպրակի մեջ, որպեսզի շիճուկն առանձնանա, իսկ կաթնաշոռը մնա:
Թթվասերի պատրաստման եղանակն ավելի պարզ է: Հնում մեր մեծերը կաթը թողնում էին ամբողջ գիշեր, իսկ առավոտյան քաշում կաթի սերը: Իսկ մի քանի օր թողնելուց հետո կաթի սերն ավելի խիտ էր լինում ու ավելի խիտ թթվասեր էր ստացվում: Թթվասեր պատրաստում են տարբեր յուղայնությամբ: Պետք է հիշել, որ թթվասերը համարվում է բարձր կալորիականությամբ սննդամթերք եւ ավելի դժվար է յուրացվում օրգանիզմի կողմից, քան կաթնաշոռը:
Շատ բուժիչ առանձնահատկություններ ունի այծի կաթը: Այն, կարելի է ասել, իսկական դեղատուն է: Իր գործած հրաշքների շնորհիվ՝ ժողովրդի մեջ այն ստացել է «կենսական ջուր» անվանումը: Բժիշկները խորհուրդ են տալիս այծի կաթ խմել թե՛ մեծերին, թե՛ փոքրերին, հատկապես աղեստամոքսային տրակտի հիվանդությունների, նյութափոխանակության խանգարման, վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, նույնիսկ ալերգիաների ու մաշկային հիվանդությունների ժամանակ: Նույնիսկ ասում են` այծի կաթը երկարացնում է կյանքի տեւողությունը: Այծի կաթում այնպիսի կենսաբանական նյութեր կան, որոնք չկան կովի կաթի մեջ: Դրանք կաթն ավելի թարմ են պահում: Շվեյցարիայի հանգստյան տներում այծի կաթով բուժում էին թոքախտ, սակավարյունություն եւ ռախիտ: Շվեյցարացիները պանիրը պատրաստում են կովի կաթին անպայման այծի կաթ խառնելով: Հավանաբար դա է պատճառը, որ նրանց պանրի տեսականիները հայտնի են ողջ աշխարհում: Իսկ բուլղարացի պրոֆեսոր Մեչնիկովը այծի կաթից պատրաստված յոգուրտից է ստացել բուժական լակտոբացիլինը:
Այծի կաթը պարունակում է մեծ քանակությամբ կալիում, ինչը պարզապես անհրաժեշտ է սիրտ-անոթային հիվանդություններով տառապողներին: Կովի կաթի համեմատությամբ այծի կաթը 6 անգամ ավելի կոբալտ է պարունակում, որը մտնում է B12 վիտամինի կազմության մեջ: Այս վիտամինը պատասխանատու է արյունաստեղծ օրգանների համար եւ կարգավորում է նյութափոխանակության պրոցեսը: Իսկ մասնագետները գտնում են, որ մայրական կաթին ամենամոտը այծի կաթն է:
Այսօր շատերին է անհանգստացնում այն փաստը, թե իբրեւ կաթը վնասակար է մեծերին: Բայց ընդհակառակը, մասնագետները գտնում են, որ հենց մեծ տարիքի մարդկանց այն պարզապես անհրաժեշտ է` հատկապես կանանց: Քանի որ հորմոնալ փոփոխությունների հետ կապված, օրգանիզմից դուրս է գալիս կալցիում, եւ ոսկորները թուլանում են: Այստեղից էլ սկսում են առաջանալ տարբեր ոսկրային հիվանդություններ: Իզուր չէ, որ Ճապոնիայում կանանց խորհուրդ է տրվում օրական 1 բաժակ կաթ խմել, որպեսզի օրգանիզմում պահպանվի կալցիումի բալանսը:
Կարծիք կա, որ կաթն առաջացնում է ալերգիա: Իհարկե պատահում են դեպքեր, որ տվյալ օրգանիզմը չի մարսում կաթը: Բայց չէ՞ որ սննդային ալերգիա կարող են առաջացնել նաեւ մեղրը, շոկոլադը, ցիտրուսային մրգերն ու հատապտուղները, բայց, այնուամենայնիվ, բոլոր թվարկվածներն էլ օգտակար են օրգանիզմին: Ուրեմն այստեղից հետեւություն, որ «բոլոր սննդատեսակներն էլ վնասակար են, բայց դրանց վնասակարությունը իրենց չափաքանակի մեջ է»: Խոսքը չի գնում մի քանի լիտր կաթ խմելու, կամ մի քանի կիլոգրամ շոկոլադ ուտելու մասին: