Թանգարաններ առանց վճարների

17/01/2009

Այս տարվա ապրիլի 4-ից Ֆրանսիայի թանգարաններն անվճար կլինեն 25-ից ցածր բոլոր այցելուների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Գարի դեպարտամենտում ելույթ ունենալով մշակույթի հիմնարկությունների ղեկավարների առջեւ: Այս միջոցները կվերաբերեն մոտավորապես հարյուր ազգային հուշարձանների: Մասնավորապես, մշակույթը գնահատող երիտասարդները եւ բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները հնարավորություն կստանան անվճար այցելելու Պանթեոն, Հաղթակամար, Մոն Սեն Միշելի վանք, Կարկասոնի ամրոց, ինչպես նաեւ շուրջ 40 ազգային թանգարանների, այդ թվում՝ Լուվրի, Փարիզի Բրանլի առափնյա փողոցի պրիմիտիվ արվեստի թանգարանի եւ Ֆոնտենբլոյի թանգարանի մշտական ցուցահանդեսներ: Ինչպես հաղորդել են Ֆրանսիայի Մշակույթի նախարարությունում, ամենայն հավանականությամբ, այս կանոնները կգործեն թե՛ ֆրանսիացիների եւ թե՛ զբոսաշրջիկների համար: Նոր միջոցառումների մանրամասները հայտնի կդառնան ավելի ուշ: Սարկոզին մտավախություն չունի, որ մուտքի վճարի վերացումը բացասաբար կազդի երկրի մշակութային հիմնարկների վրա: Նախագահի խոսքով, երբ «երիտասարդները սովորեն այցելել թանգարաններ», նրանք կշարունակեն այցելել դրանք նաեւ հասուն տարիքում: Այժմ Ֆրանսիայի ազգային թանգարաններ անվճար այցելում են մինչեւ 18 տարեկան երիտասարդները: