Հանրապետությունում 2008-ին հաշմանդամներին անվճար հատկացվել է 12 հազար 514 պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագա: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Կարմեն Պետրոսյանը, տրամադրվել է 939 ռուսական արտադրության լսողական սարք, 450 հաշմանդամի սայլակ, 733 ստորին, 58 վերին վերջույթների պրոթեզ, 942 հենակ, 567 սեղմիրան եւ այլն: Նախորդ տարի իրականացվել է նաեւ 1123 պրոթեզաօրթոպեդիկ, վերականգնողական պարագաների վերանորոգում: Նախարարության ֆինանսավորմամբ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնում բուժվել է 631մարդ, իսկ «Սթրես-կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 413 հաշմանդամ եւ սոցիալապես անապահով անձանց հոգեկան առողջության վերականգնում:
Ըստ Կ. Պետրոսյանի, ամբողջությամբ ավարտվել են նախարարության կողմից իրականացվող «Աչքի պրոթեզավորում» եւ «Ձայնաստեղծ սարքերի ձեռքբերում» ծրագրերը, ըստ որոնց` կատարվել է 50 աչքի պրոթեզավորում եւ տրամադրվել 100 ձայնաստեղծ սարքավորում: 2008-ին նշված աշխատանքների համար հատկացվել է 867մլն 500հազ. դրամ, իսկ 2009-ին նախատեսվում է մոտ 1մլրդ դրամ: