ՀՀ կառավարության որոշմամբ «Նուռնուս» կազմակերպությունում մի քանի օր առաջ աճուրդով իրացվել են անցած տարեվերջին Չինաստանից Հայաստան ներկրված 13 մլն յուանի 50 միավոր տրակտորներն ու մեկական միավոր եգիպտացորենահավաք ու հատիկաընդեղենահավաք կոմբայնները` իրենց շարքացաններով, հավաքիչ-մամլիչներով, սրսկիչներով, կցասայլերով եւ գյուղգործիքներով: Ինչպես «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Սպասարկումների վարչության պետ Արամ Միքայելյանը, իրացումից գոյացած միջոցներն այս անգամ եւս հավաքագրվելու են ՀՀ Ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանում բացված հատուկ հաշիվներում եւ նպատակաուղղվելու են գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը: Ըստ վարչության պետի` վերոհիշյալ տեխնիկան, որը ձեռք է բերվել ՀՀ եւ ՉԺՀ կառավարությունների միջեւ ստորագրված տեխնիկական համագործակցության պայմանագրի շրջանակներում, հնարավորություն կտա նորացնել, համալրել ու հարստացնել հանրապետության գյուղտեխնիկայի հավաքակայանը: