Երեկ Ռոբերտ Քոչարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որի
ժամանակ քննարկվել է «Եվրոպական նոր հարեւանության» քաղաքականության
շրջանակում Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի վերաբերյալ
առաջարկությունների նախնական փաթեթը: Խորհրդակցությանը մասնակցել են մի
շարք նախարարներ եւ խնդրին առնչվող այլ պաշտոնյաներ: Քոչարյանն ասել է, որ
չնայած Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի նախագիծն արդեն
պատրաստ է, սակայն այն վերջնական տեսքի կբերվի մի քանի ամսից: «Մի բան է
հայեցակարգ հաստատելը, մի այլ բան` ծրագիր, որը պետք է ներառի կոնկրետ
գործողություններ եւ դրանցից բխող կոնկրետ քայլեր»,- ասել է Քոչարյանը:
Նկատենք, որ հունիսի 23-24-ին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի սահմանադրական
բարեփոխումների ընթացքի քննարկումից առաջ Քոչարյանի կողմից նման
խորհրդակցության անցկացումն ավելի շատ ցուցադրական է, որի նպատակն է
աշխարհին ցույց տալ, թե իբր Հայաստանի իշխանությունները շահագրգռված են
եվրոպական արժեքներին ինտեգրվելու հարցում: