«ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի հավաստմամբ` Հայաստանի գազամատակարարումն ամբողջ ծավալով այսօր կվերականգնվի: Հիշեցնենք, որ Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել էր անցած շաբաթ` Վրաստանի տարածքում Ղազախ-Սագորամո 1000 միլիմետր տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքների պատճառով: Շ. Սարդարյանի փոխանցմամբ` ըստ իրենց տեղեկությունների, գրեթե ավարտված են վերականգնողական աշխատանքները, իսկ «ՀայՌուսգազարդի» մասնագետները, ովքեր մասնակցել են վերանորոգման աշխատանքներին, դեռեւս գտնվում են Վրաստանում: Հիշեցնենք նաեւ, որ այս օրերի ընթացքում հանրապետության գազամատակարարումն իրականացվել է ստորգետնյա գազապահեստարանի հաշվին: «Ներքին սպառման պահանջարկն ամբողջությամբ բավարարվում է` օրական 8.5-9 մլն խմ. որեւէ սահմանափակում որեւէ տեղ չունենք»,- ասել է Շ. Սարդարյանը: