Կայուն եւ բացառիկ

14/01/2009 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, 2008 թվականը մնաց անցյալում՝ իր բոլոր լավ ու, ցավոք, ավելի շատ վատ հիշողություններով։ Իսկ ինչպիսի՞ն էր անցնող տարին տնտեսական առումով։ Եթե կարճ բնութագրենք՝ կարելի է ասել՝ «շատ խառը». անգամ մի պահ եղավ, որ բոլորը վերհիշեցին 90-ականները՝ բենզինի կիլոմետրանոց հերթերով։ Դրան գումարվեց նաեւ միջազգային ֆինանսական ճգնաժամը։

2008 թվականի ամբողջական պատկերը դեռ հնարավոր չէ ներկայացնել, քանի որ Ազգային վիճակագրական ծառայությունը դեռեւս չի ամփոփել տարվա ցուցանիշները։ Սակայն անգամ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներից երեւում է, որ երկնիշ աճը այլեւս հուշ դարձավ։ Հունվար-նոյեմբերին ՀՆԱ-ն աճել է 7.2 տոկոսով։ Համեմատության համար նշենք, որ 2007թ. այդ ցուցանիշը կազմում էր 13.6 տոկոս։ Շինարարությունը, որ նախանցյալ տարվա հունվար-նոյեմբերին արձանագրել էր 19%-անոց աճ, 2008-ի առաջին 11 ամիսներին աճել է ընդամենը 1.6 տոկոսով։ Մյուս ոլորտներում նույն տխուր պատկերն է. արդյունաբերությունն աճել է ընդամենը 2.9 տոկոսով (առանց էներգետիկայի՝ 1.6 տոկոս), իսկ գյուղատնտեսությունը՝ 0.1 տոկոսով։ Ամենամեծ աճը՝ 13.3 տոկոս, արձանագրել է ծառայությունների ոլորտը։ Իսկ արտաքին առեւտրի ոլորտում պատկերը, առանց չափազանցության, կարելի է ողբերգական համարել. հունվար-նոյեմբերին ներմուծումը կազմել է 3 միլիարդ 985 միլիոն դոլար (39.5 տոկոս աճ), արտահանումը՝ 1 միլիարդ 7 միլիոն դոլար (4.5 տոկոս նվազում)։ Բացասական հաշվեկշիռը կազմում է շուրջ 3 միլիարդ դոլար՝ ՀՀ պետական բյուջեի չափ գումար։ Հունվար-դեկտեմբերի ցուցանիշները դժվար թե ավելի վառ գույներ հաղորդեն այս ամենին։

Իսկ ի՞նչ է սպասվում 2009-ին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության՝ այս տարվա առաջին նիստում նշել է, որ 2009-ը կարեւոր տարի է լինելու։ Նաեւ նշել է, որ ձեռներեցներն ու քաղաքացիները շատ մեծ սպասումներ ունեն կառավարությունից, եւ կառավարությունը իրավունք չունի չարդարացնել այդ սպասումները։ Այս ամենի մասին մանրամասն գրված է կառավարության կայքէջում, որն, ի դեպ, թարմացվել է։ Նորացված կայքէջը նախորդից տարբերվում է ոչ միայն դիզայնով, այլ բովանդակությամբ. օրինակ՝ կարելի է ծանոթանալ նախարարների համառոտ կենսագրություններին կամ վիրտուալ շրջայց կատարել կառավարության շենքով։ Սակայն ամենից շատ մեզ հետաքրքրեց «Հաճախ տրվող հարցեր» բաժինը, հատկապես` այդ հարցերից մի քանիսի պատասխանները։ Օրինակ. «Հարց. Ինչպե՞ս կարող են ազդել համաշխարհային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունները «Բյուջե-2009»-ի վրա»։ Պատասխանի սկզբում ասվում է. «Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը Հայաստանի տնտեսության վրա ուղղակի ազդեցություն գրեթե չունեցավ` պայմանավորված ֆինանսական համակարգերի ինտեգրվածության ցածր մակարդակով»։ Շարունակության մեջ նշվում է. «Հայաստանի ֆինանսական շուկայում իրացվելիության նկատմամբ պահանջարկի էական աճ չնկատվեց, հիմնականում կայուն վարքագիծ էին ցուցաբերել նաեւ ֆինանսական ոլորտի մյուս ցուցանիշները»։ Մինչդեռ 2008-ի նոյեմբերից բանկերից վարկ ստանալը գրեթե անհնարին է դարձել, ինչն իր հերթին ազդել է հատկապես անշարժ գույքի եւ ավտոմեքենաների շուկայի վրա։ Իհարկե, նշվում է, որ «Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը համաշխարհային տնտեսության իրական հատվածի վրա կարող է երկրորդային էֆեկտների տեսքով արտացոլվել նաեւ Հայաստանի տնտեսության վրա` մասնավոր տրանսֆերտների ներհոսքի, արտահանման կամ օտարերկրյա ներդրումների նվազման միջոցով»։ Սակայն ինչպե՞ս կարելի էր նոր կայքում լավատես չլինել. «Մյուս կողմից, տեսակետներ կան, որ որոշ ներդրողներ կարող են իրենց ակտիվները տեղափոխել ճգնաժամից չտուժած, տնտեսական բարձր կատարողական արձանագրող տնտեսություններ։ Այսինքն, գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում Հայաստանում մակրոտնտեսական կայունության պահպանումը կարող է դիտարկվել որպես լրացուցիչ ներդրումային գրավչություն»։ Զգացի՞ք ձեւակերպման քնքշությունը՝ «տեսակետներ կանգ»։ Որքան հիշում ենք, նման տեսակետ առայժմ արտահայտել է միայն ինքը՝ Տ. Սարգսյանը։ Եվ դժվար է նաեւ հիշել, որ որեւէ օտարերկրյա ներդրող իր ակտիվները տեղափոխած (կամ գոնե տեղափոխելու մտադրություն ունեցած) լինի «ճգնաժամից չտուժած, տնտեսական բարձր կատարողական արձանագրող տնտեսություն», այսինքն՝ Հայաստան։ Ինչ վերաբերում է «ներդրումային լրացուցիչ գրավչությանը», ապա կարելի է փաստել, որ ներդրում անելը է՛լ ավելի գրավիչ է դարձել՝ հատկապես վերջին շրջանում «Բջնիի» նկատմամբ պետական «հոգածության» ֆոնին։ Իսկ ճգնաժամը, պարզվում է, բյուջեի վրա կազդի, բայցգ դրական իմաստով։ «Արդեն իսկ համաշխարհային շուկաներում նկատվում է հումքային ապրանքների գների կտրուկ անկում։ Հաշվի առնելով, որ համաշխարհային շուկաներում գների փոփոխությունները որոշակի ժամանակ անց արտահայտվում են նաեւ Հայաստանի շուկայում` 2009թ. կարելի է սպասել գների աճի թուլացում։ Վերջինս դրական կանդրադառնա բյուջեի կատարման վրա»։