«7-ի գործով» դատավարությունը մտել է փակուղի

14/01/2009 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր տեղի է ունենալու «7-ի գործով» հինգերորդ դատական նիստը, սակայն դատավարությունն, ըստ էության, դեռ չի սկսվել: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած առաջին նիստի ժամանակ պաշտպանական կողմն ընդամենը հասցրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի երեք միջնորդություն ներկայացնել, որոնցից երկուսը մերժվել է:

Իսկ հաջորդած երեք նիստերի ընթացքում ոչ մի գործողություն տեղի չի ունեցել, ինքնաբացարկի երրորդ միջնորդությունն էլ դեռեւս անպատասխան է մնացել: Մ.Մարտիրոսյանը անընդհատ հետաձգել է դատավարությունը, որովհետեւ «ոտքի, դատարանն է գալիս» կոչին յոթ քաղբանտարկյալներ Ալեքսան Արզումանյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Շանթ Հարությունյանը, Սուրեն Սիրունյանը եւ Գրիգոր Ոսկերչյանը երբեք չեն արձագանքել: Եվ «7-ի գործով» դատավարությունը դեռ չսկսված՝ հայտնվել է փակուղային վիճակում: Իսկ ոտքի չկանգնելու հանգամանքն իշխանություններին իրավունք է տվել ընդդիմությանը մեղադրելու դատական գործընթացը ձգձգելու մեջ: Մենք փորձեցինք իրավաբաններից եւ իրավապաշտպաններից պարզել, թե ինչպե՞ս է հնարավոր դատավարությունը դուրս բերել այս վիճակից, եւ նիստերի ընթացքին հետեւելով կարելի՞ է ասել, թե իրականում որ կողմն է ձգձգում դատավարությունը: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի կարծիքով՝ «7-ի գործում» ոչ մի լուրջ մեղադրանք չկա, այդ պատճառով էլ իշխանությունները չգիտեն` ինչպես սկսեն դատը: «Իշխանություններն ու դատավորը փորձում են ժամանակ ձգել: Թե ինչո՞ւ, ժամանակն իրենց ինչի՞ն է պետք, ես չեմ հասկանում: Համաձայն չեմ, որ ընդդիմությունը կամ քաղբանտարկյալներն են ձգձգում դատը: Եթե նույնիսկ դա այդպես է, ապա այդ դեպքում էլ դատավորը կարող է պատժամիջոցներ կիրառել քաղբանտարկյալների նկատմամբ: Կարող է տուգանքներ կիրառել եւ դա միացնել մեղադրական եզրակացությանն ու դատը շարունակել»,- ասում է Մ.Դանիելյանը:

Նույն կարծիքին է նաեւ քաղբանտարկյալների աջակցության կենտրոնի համակարգող Արմեն Խաչատրյանը: Նրա խոսքերով` ընդդիմությունը չի կարող դատավարությունը ձգձգել առնվազն այն պատճառով, որ դատավորն է նիստը հետաձգում կամ սկսում, դա դատավորին տրված լիազորություն է: «Հակառակը, վերջին դատական նիստին «յոթի» կողմից հայտարարություն հնչեց, թե նրանք շահագրգռված են օր առաջ դատական պրոցես մտնել: Դատավորը պարզապես չի ուզում հարգել դատավարական կարգը, փորձում է պրոցեսուալ գրված «ոտքի, դատարանն է գալիս» հայտարարությունը դարձնել իմպերատիվ դրույթ, ինչն ըստ էության չի համապատասխանում մեր օրենսդրությանը: Անգամ, եթե դա կրում է իմպերատիվ բնույթ եւ անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ, դատավորը շատ հանգիստ կարող է կիրառել պատժամիջոցներ` նախազգուշացնել, տուգանել եւ մտնել դատական պրոցեսի մեջ: Սակայն դատավորն արդեն 3 նիստում անընդհատ դա ընդունում է հիմք դատական գործընթացը հետաձգելու համար եւ արհեստականորեն փորձում է ձգձգել դատավարությունը»,- ասում է Ա.Խաչատրյանը:

Մեկ այլ իրավապաշտպան` Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ գտնում է, որ քաղբանտարկյալները հայտնվել են երկկողմանի` իշխանությունների եւ ընդդիմության պատանդի կարգավիճակում: «Տպավորությունս այնպիսին է, որ մի կողմից իշխանությունները բավարար կամք չեն ցուցաբերում, ինչպես ԵԽ ԽՎ բանաձեւերում է ասված, ազատել այն անձանց, որոնց վրա կոնկրետ գործողություններ չկան: Ես կարող եմ օրինակներ բերել` Պետրոս Մակեյան, Վարդգես Գասպարի, Սմբատ Այվազյան եւ այլք: Իշխանություններին թերեւս թվում է, որ ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջների կատարելն ու այդ մարդկանց ազատելն իրենց թուլության նշանը կլինի: Բացի այդ, ընդդիմությունն էլ իր պայքարը կարող էր բաժանել երկու մասի` մի կողմից՝ լիներ իրավապաշտպանական պայքար քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար, որը չպետք էր խառնել իշխանությունների հետ քաղաքական պայքարի հետ, մյուս կողմից էլ՝ դրան զուգահեռ կարելի էր տանել քաղաքական պայքար իշխանության համար: Տպավորությունս այնպիսին է, որ այս երկուսը միախառնված են, եւ քաղբանտարկյալների հարցը մնում է քաղաքական պայքարի ուղեծրում: Ու այնպիսի վիճակ է ստեղծվում, որ նրանք մի կողմից՝ իշխանության մոտ են պատանդ, մյուս կողմից էլ՝ ընդդիմության քաղաքական պայքարի պատանդն են: Գուցե իշխանությանը ձեռնտու կլիներ, որ արագ ավարտեին 7-ի դատավարությունը, եւ գուցե համաներման կամ այլ ձեւերով կատարեին Եվրախորհրդի պահանջները, բայց ամբողջ դատավարությունը կարծես թե տեղավորվում է ընդդիմության պայքարի մեջ: Ընդդիմությունն ու իշխանությունը գիտակցված եւ ձեռք ձեռքի տված գնում են այն բանին, որ Եվրախորհուրդը Հայաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառի»,- ասում է Ա.Իշխանյանը:

Մեր երեք զրուցակիցներն էլ արձանագրելով, որ «7-ի գործով» դատավարությունը մտել է փակուղի, չկարողացան միջոցներ մատնանշել, թե իշխանություններն ինչպես կարող են այդ վիճակից դուրս գալ: Իսկ դատական նիստերի ընթացքում դատավորի ներս մտնելու պահին քաղբանտարկյալների ոտքի չկանգնելը Մ.Դանիելյանի կարծիքով՝ «հացադուլի նման նորմալ քաղաքական ակցիա է»: «Դա նրանց կամքն է եւ իրավունքն է»,- հավելում է իրավապաշտպանը: Ա.Իշխանյանն էլ չի բացառում, որ քաղբանտարկյալների այդ վարքագիծը իշխանությունները կարող են օգտագործել եւ իրենց արդարացնելու համար եվրոպական կառույցներին ներկայացնել, թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսեւորվում: Մեր բոլոր զրուցակիցները նաեւ դատապարտեցին իշխանությունների այն քայլերը, որ լրագրողներին թույլ չեն տալիս ներկա գտնվել նիստերի դահլիճում, որ ամբողջ դահլիճը լցրել են սափրագլուխներով եւ իրավապահ մարմինների աշխատակիցներով: «Դատական պրոցեսը իշխանությունները դիտում են ընդդիմության բողոքի ակցիաների ձեւերից մեկը: Եվ ինչպես այդ ակցիաների` հանրահավաքների, երթերի ժամանակ, այս դեպքում էլ իրենց բնորոշ միջոցառումներ են ձեռնարկում»,- ասում է Ա. Իշխանյանը: «Իմ կարծիքով՝ իշխանություններն ու դատավորն այն ուղիով են գնում, որ դատը փակ անեն: «Show must go on»,- ասում է Ֆրեդի Մերկուրին: Շոու է սարքած. իշխանություններն ուզում են իրենց երազածը մտցնել իրավական դաշտի մեջ, բայց դա դժվար է ստացվում, ավելի ճիշտ` չի ստացվում»,- ասում է Մ.Դանիելյանը: