Ներում է շնորհել

14/01/2009

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել 2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած «զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար» 2-4 տարով դատապարտված 9 անձանց` Եղիշե Գրիգորյանին, Կարեն Թարխանյանին, Ավետիք Ղռեջյանին, Կառլեն Մանուչարյանին, Արմեն Մովսիսյանին, Հարություն Մկրտչյանին, Նորիկ Հարությունյանին, Սարգիս Պարունակյանին եւ Ռաջու Պետրոսյանին ներում շնորհելու մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության` Ս. Սարգսյանը ներման հրամանագիր ստորագրելու որոշումը կայացրել է` հաշվի առնելով ինչպես դատապարտվածների կողմից ՀՀ նախագահին ուղղված ներման խնդրագրերը, այնպես էլ` նախկինում դատապարտված չլինելը, քրեական գործի եւ այլ`ընտանեկան ու առողջական հանգամանքները: Հիշեցնենք, որ ներման խնդրագրերի հիման վրա Ս. Սարգսյանը 2008թ. դեկտեմբերի 3-ի իր հրամանագրով ներում էր շնորհել եւս 3 դատապարտյալի: «Մինչ օրս ՀՀ նախագահին ներման խնդրագրեր ներկայացվել են մարտի 1-ի իրադարձությունների առնչությամբ դատապարտված ընդհանուր թվով 12 քաղաքացիների կողմից, բոլոր խնդրագրերը ՀՀ նախագահը բավարարել է»,- «Արմենպրեսին» ասել է ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանը: