Իշխանությունները կախվում են փրփուրներից

14/01/2009 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հունվարի 27-ը Հայաստանի համար չափազանց ճակատագրական է լինելու, քանի որ հենց այդ օրը առավոտյան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում քննարկվելու է ՀՀ-ի կողմից հայտնի 1609 եւ 1620 բանաձեւերում ամրագրված պահանջների կատարման հարցը: Դատելով ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների կողմից մինչ օրս արված հայտարարություններից եւ ՀՀ իշխանությունների կողմից այդ պահանջների կատարմանն ուղղված քայլերի բացակայությունից, դժվար չէ ենթադրել, որ հունվարի 27-ին Հայաստանը ԵԽ ԽՎ նստաշրջանում վերջին անգամ կունենա ձայնի իրավունք:

Իսկ մինչ այդ, այսօր երեկոյան Հայաստան են ժամանելու համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը, Ժորժ Կոլումբիեն եւ հանձնաժողովի քարտուղար Բաս Քլայնը` նիստից առաջ վերջնական պատկերացում կազմելու համար, թե ինչ վիճակում է իրենց կողմից առաջ քաշված պարտավորությունների կատարման ընթացքը: Նրանք հանդիպումներ կունենան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, նույն նպատակով ստեղծված փաստահավաք խմբի անդամների, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ: Իսկ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ համազեկուցողները Հայաստանի հարցը քննարկելու են նախատեսված ճաշի ընթացքում: Առայժմ հայտնի չէ` համազեկուցողները հանդիպում կունենա՞ն ընդդիմության ներկայացուցիչների հետ, թե՞ ոչ, քանի որ, լավատեղյակ աղբյուրների հավաստմամբ` համազեկուցողները քայլեր ակնկալում են ոչ թե ընդդիմությունից, այլ` իշխանություններից: Ուստի հնարավոր է` նրանք ընդդիմության հետ եւս մեկ անգամ հանդիպելու անհրաժեշտություն չզգան:

Իսկ ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները մասնավոր զրույցներում խոստովանում են, թե Հայաստանի վիճակն այնքան լուրջ է, որ այս կարճ ժամանակահատվածում այլեւս ինչ-որ բան փոխել հնարավոր չէ: Նույնիսկ ՀՀ ԱԺ պատվիրակության իշխանական անդամներն են ասում, որ դրա մասին հարկավոր էր մտածել ոչ թե այսօր, այլ` ամիսներ առաջ, երբ ԵԽ ԽՎ ներկայացուցիչները Հայաստան կատարած իրենց տարբեր այցերի ժամանակ կոչ էին անում ՀՀ իշխանություններին՝ ազատ արձակել բանտերում պահվող քաղբանտարկյալներին: Արդյունքում այս անգամ ԵԽ ԽՎ-ում չափազանց լուրջ են տրամադրված Հայաստանի վերաբերյալ քննարկման հարցին: Խնդիրն այն է, որ նախապես որոշված է եղել, որ Հայաստանի հարցը ԵԽ ԽՎ-ում պետք է լսվեր հունվարի 28-ի երեկոյան, սակայն հատուկ նիստ է գումարվել, որի ընթացքում որոշվել է Հայաստանի հարցի քննարկումը տեղափոխել հունվարի 27-ի առավոտյան, որպեսզի լուրջ քննարկում ծավալվի եւ քննարկման, այնուհետեւ՝ քվեարկության ժամանակ բոլոր պատվիրակները դահլիճում լինեն:

ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, ով երեկ է վերադարձել Բարսելոնայից (նա մասնակցում էր ԵԽ ԽՎ բյուրոյի նիստին), ընդհանրապես հրաժարվում է ԵԽ ԽՎ հունվարյան նստաշրջանի մասին խոսել` պատճառաբանելով, որ ասելիք չունի: Իսկ նա ասելիք չունի նաեւ այն պատճառով, որ ըստ պատվիրակության մյուս անդամների, հայտնվել է իր կարիերայի ողջ ընթացքում ամենածանր իրավիճակում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը Դ. Հարությունյանի առջեւ` որպես պատվիրակության ղեկավարի, մարտի 1-ից հետո խնդիր է դրել ամեն կերպ համոզել եվրոպացիներին, թե ընդդիմության ներկայացուցիչները կալանավայրերում են հայտնվել ոչ թե իրենց քաղաքական հայացքների համար, այլ՝ որովհետեւ քրեական հանցագործություններ են կատարել: Ընդ որում, Դ. Հարությունյանից պահանջվել է այդ հարցը լուծել ինքնուրույն` առանց բարձրագույն իշխանությանը անհանգստացնելու: Սակայն, ինչպես հայտնի է` Դ. Հարությունյանին դա չի հաջողվել, եւ տարբեր հանդիպումների ժամանակ եվրոպացիները նրան հորդորել են կոչ անել ՀՀ իշխանություններին` ազատ արձակել քաղբանտարկյալներին: Եվ ամեն անգամ Դ. Հարությունյանը խոստացել է Հայաստան վերադառնալուն պես նույն հորդորը փոխանցել իշխանություններին, սակայն վերջիններս հրաժարվել են կատարել այն: Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, իշխանության վերնախավում գտնում են, որ ԵԽ ԽՎ-ում լավ կապեր ունեցող Դ. Հարությունյանն իր հանձնարարությունը չի կատարել ոչ թե այն պատճառով, որ հնարավոր չի եղել, այլ` քանի որ չի ցանկացել: Բանն այն է, որ, իշխանության բազմաթիվ ներկայացուցիչների կարծիքով, Դ. Հարությունյանը, ինչպես նաեւ պատվիրակության հիմնական անդամները` Արմեն Ռուստամյանն ու Ավետ Ադոնցը, չեն ցանկանում ԵԽ ԽՎ-ում այդ ուղղությամբ աշխատանքներ տանել, քանի որ իրենք էլ «հոգու խորքում» համոզված են, որ կալանավայրերում գտնվող քաղաքական գործիչները քաղբանտարկյալներ են: Բացի այդ, տեղեկություններ կան, որ Դ. Հարությունյանը չի ցանկանում վատացնել իր հարաբերությունները եվրոպացիների հետ, քանի որ մտադիր է հետագայում աշխատանքի անցնել եվրոպական կառույցներից մեկում:

Իսկ վերջին օրերին իշխանությունները հասկանալով, որ այլեւս ամեն ինչ անհույս է, եւ հունվարի վերջին Հայաստանը հաստատ զրկվելու է ձայնի իրավունքից, ինչ-որ քայլեր են ձեռնարկել: Անցած շաբաթ այս հարցի հետ կապված նույնիսկ ինչ-որ հավաք է կայացել եւ կոնկրետ պաշտոնյաների առջեւ խնդիր է դրվել` հանդես գալ կոնկրետ առաջարկներով: «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը խոստացել է, որ կարող է իր կապերի շնորհիվ մի քանի երկրների պատվիրակների «հարցը լուծել»: Այսինքն` նրանց կաշառել, որպեսզի ԵԽ ԽՎ նիստում Հայաստանի օգտին ելույթներ ունենան: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ԵԽ ԽՎ-ին անդամակցող գրեթե բոլոր երկրների խորհրդարանների ղեկավարներին նամակներ է ուղարկել, որոնց կցել է նաեւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից կազմված մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ գործի մեղադրական եզրակացության թարգմանությունները` հույս ունենալով, թե նրանք կարդալով այդ փաստաթուղթը՝ անմիջապես կփոխեն իրենց դիրքորոշումը ՀՀ վերաբերյալ: Նամակում Հ. Աբրահամյանը նշել է, թե ՀՀ նկատմամբ պատժամիջոց կիրառելու դեպքում, այն «լրացուցիչ եւ լուրջ ճնշում կհանդիսանա երկրի տնտեսության վրա` նվազեցնելով օտարերկրյա ներդրողների վստահությունը, որը անարդար է հատկապես շրջափակված պետության հանդեպ, հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում»: «Ուստի, օգտվելով առիթից, հայցում եմ ԵԽ ԽՎ-ում ձեր երկրի պատվիրակության աջակցությունը հարցի առնչությամբ հետագա զարգացումների եւ հունվարին կայանալիք քվեարկությունների ժամանակ: Հայաստանը հավատարիմ է մարդու իրավունքների հիմնադրույթներին, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրական իրավունքով եւ մեր ստանձնած միջազգային պարտավորություններով: Ավելին` մենք խորապես համոզված ենք, որ անհնար է հետագայում եւս շոշափելի առաջընթաց արձանագրել բարեփոխումների ճանապարհին` առանց ամուր եւ զարգացած դատական համակարգի: Մենք, այդուհանդերձ, համաձայն չենք, որ ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության ձայնի իրավունքից զրկելը կբարելավի ժողովրդավարական վիճակը երկրում»,- ասված է նամակում:

Սակայն ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամների համոզմամբ` Հ. Աբրահամյանի այդ փորձերն ի սկզբանե դատապարտված են ձախողման, քանի որ ընդդիմությունն այս ամիսների ընթացքում այնքան հակափաստարկներ է ուղարկել այդ երկրների ներկայացուցիչներին, որ նրանց այլեւս անհնար է հակառակն ապացուցել: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանից երեկ հետաքրքրվեցինք, թե հունվարի 15-ին Ջ. Պրեսկոտի եւ Ժ. Կոլումբիեի հետ հանդիպման ժամանակ ինքն ի՞նչ փաստարկներ է բերելու` համոզելու համար, որ ԵԽ ԽՎ առաջիկա նիստում Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից: Ի պատասխան՝ նա ասաց. «Ես որպես մարդու իրավունքների պաշտպան՝ իմ առջեւ նման խնդիր չեմ դրել: Ես ոչ լոբբինգ եմ անելու, որ Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառեն, ոչ էլ լոբբինգ եմ անելու, որ չկիրառեն: Թող իշխանությունները մտածեն դրա մասին: Իմ խնդիրն է՝ ներկայացնել ռեալ, օբյեկտիվ իրավիճակը: Նմանատիպ լոբբինգով ճիշտ կլինի զբաղվեն իշխանության ներկայացուցիչները»: Հարցին էլ, թե` որպես գործին լավատեղյակ մարդ, ի՞նչ եք կարծում` Հայաստանի իշխանություններն արդյոք որեւէ փաստարկ ունե՞ն` համազեկուցողներին համոզելու համար, որպեսզի Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից, Ա. Հարությունյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չգիտեմ, թե իշխանություններն ինչ փաստարկներ են պատրաստել այդ լոբբինգի համար, դրա համար ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին: Ես որպես գործին քաջատեղյակ մարդ, անկեղծ ասած` իշխանությունների կողմից քիչ փաստարկներ եմ տեսնում այդ տեսակետից, որպեսզի Հայաստանի նկատմամբ պատժամիջոց չկիրառեն»: Ավելին` ըստ Ա. Հարությունյանի` «շատ ռեալ է», որ հունվարի վերջին Հայաստանը կզրկվի ձայնի իրավունքից:

Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը եւս չի պատրաստվում համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ նրանց համոզել, որպեսզի ՀՀ-ին չզրկեն ձայնի իրավունքից: Մեզ հետ զրույցում Ս. Նիկոյանն ասաց, որ ինքը հանդիպման ժամանակ ներկայացնելու է միայն իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքները: «Նրանց համոզելն իմ խնդիրը չէ, ես հանձնաժողովի նախագահ եմ, իրենք են նախատեսել ինձ հետ հանդիպումը, եւ կխոսենք իրենց հետաքրքրող հարցերի մասին»,- ասաց Ս. Նիկոյանը` հավելելով, թե յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով, իսկ իր գործն ամենեւին էլ համազեկուցողներին համոզելը չէ: «Եթե բոլորն իրենց պարտականությունները կատարեին, երեւի թե նման խնդիր այսօր չառաջանար»,- թերեւս ակնարկելով ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակությանը, ասաց Ս. Նիկոյանը: Հարցին էլ, թե` հաշվի առնելով վիճակի լրջությունը, արդյո՞ք իշխանություններն իր առջեւ համազեկուցողներին համոզելու խնդիր չեն դրել, Ս. Նիկոյանը պատասխանեց. «Բացարձակապես: Իշխանությունները ոչ մի խնդիր իմ առջեւ չեն դրել, ես էլ չեմ դրել: Ըստ էության, ԵԽ ԽՎ-ում ասում են` կա՛մ հիմնավոր փոխվեք, կա՛մ կզրկվեք ձայնի իրավունքից: Եթե Դավիթ Հարությունյանը մի երկու անգամ չգնա ԵԽ ԽՎ ու չքվեարկի, ոչ մի համազգային աղետ չի լինի»: