ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը քննադատել է վարչապետ Վլադիմիր Պուտինի գլխավորած կառավարությանը` տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված քայլերի իրականացման գործում ցուցաբերած դանդաղկոտության համար: «Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, Մեդվեդեւը հայտարարել է, որ երեք ամիս առաջ հայտարարված հակաճգնաժամային միջոցառումներից իրականացվել են ընդամենը 30%-ը: Միջազգային ֆինանսական ճգնաժամի եւ նավթի գների անկման հետեւանքով ռուսաստանյան տնտեսությանը լուրջ վնաս է պատճառվել: Ռուսական արժեթղթերի շուկան մոտ 70% անկում է արձանագրել, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը ամերիկյան դոլարի եւ եվրոյի նկատմամբ նվազել է 17%ով: Մի շարք խոշոր ռուսական ընկերություններ հայտարարել են աշխատակազմի կրճատումների մասին: Հիշեցնենք, որ հոկտեմբերին Մեդվեդեւը հայտարարել էր, որ կառավարությանը հանձնարարել է մի խումբ հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնել, որոնք պետք է կայունացնեին իրավիճակը: Սակայն նախօրեին ՌԴ նախագահը փաստել է, որ նախատեսված միջոցառումների ընդամենը 30%-ն է իրականացվել վարչապետ Պուտինի կառավարության կողմից: Նշենք, որ Մեդվեդեւը մինչ այժմ նման սուր քննադատությամբ հանդես չէր եկել նախկին նախագահ, ներկայիս վարչապետ Վ. Պուտինի հասցեին, ով 2008թ. նախագահական ընտրություններում սատարում էր Դ. Մեդվեդեւի թեկնածությունը: