Բողոքարկելու են

14/01/2009

Հունվարի 23-ին Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը վերստին կդրվի էլեկտրոնային աճուրդի: Հյուսիսային դատարանի դեկտեմբերի 30-ի վճռով «Բջնի» Հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործի լսումն ավարտվել է, սակայն ընկերությունը մինչեւ հիմա դատարանի որոշումը չի ստացել: Այս մասին «Ա1+»-ին ասել է ընկերության իրավաբան Արա Զոհրաբյանը: Ըստ նրա` դատարանը որոշել է սնանկ ճանաչելու դիմումը մերժել, սակայն, քանի որ իրենք դեռ չեն ստացել այն, ապա տեղյակ չեն` ինչ է բովանդակությունը, եւ ինչ հիմքով է ԴԱՀԿԾ-ն որոշել` գործարանը վերստին դնել աճուրդի։ «Բովանդակությանը ծանոթ չենք, չգիտենք, թե ի՞նչն է գնահատվել, որքանո՞վ է գնահատվել, ի՞նչ մեթոդներով է գնահատվել»,- ասել է նա: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին ԴԱՀԿ ծառայությունում մուտքագրվել էր Հյուսիսային քաղացիական դատարանի գրությունը, համաձայն որի` «Սատուրն շինմոնտաժ» ՍՊԸ-ի կողմից հայց էր ներկայացվել «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու վերաբերյալ: Հայցն ընդունվել էր վարույթ եւ նշանակվել էր սնանկության ժամանակավոր կառավարիչ: Հիմք ընդունելով այդ` հարկադիր կատարողը կասեցրել էր «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ին վերաբերող կատարողական վարույթները եւ դադարեցրել արդեն մի քանի օր մեկնարկած աճուրդը: Հունվարի 9-ին Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ Հյուսիսային քաղաքացիական դատարանից ստացել է գրություն, ըստ որի` դատարանի 30.12.2008թ. վճռով «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ի սնանկության գործն ավարտվել է: Ըստ այդմ, ըստ ԴԱՀԿԾ մամլո քարտուղարի, ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնում վերսկսվել են «Բջնի» հանքային ջրերի գործարան ՓԲԸ-ին վերաբերող վարույթները: Ի դեպ, Արա Զոհրաբյանն ասել է, որ իրենք պատրաստվում են բողոքարկել աճուրդի հետ կապված ԴԱՀԿԾ մի շարք գործողություններ: