– Աշնանը Հայաստանում կայացան Cooperative Longbow/Lancer 08 զորավարժությունները, որոնք դարձան ամենախոշորը Հարավային Կովկասի երկրների հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների պատմության մեջ: ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությունները Հայաստանում անց են կացվել 2003 թվականի ամռանը, եւ որոշ փորձագետներ կարծում են, որ այս ժամանակահատվածում Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները շատ լուրջ փոփոխությունների են ենթարկվել: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:
– Այս 5 տարիների ընթացքում մենք ականատես եղանք ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների անշեղ ամրապնդմանը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունը բացառիկ հավատարմություն ցուցաբերեց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ամրապնդմանը:
Կարծում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` սկսած դեռեւս իր՝ պաշտպանության նախարար եղած ժամանակաշրջանից, անձամբ առանցքային դեր խաղաց այն տեսլականի եւ քաղաքական կամքի ապահովման գործում, որոնք հնարավոր դարձրին գործընկերության ամրապնդումը: Հայաստանի կառավարությունը հաճախ նշում էր, եւ ես դա բացարձակ ճիշտ եմ համարում, որ Հայաստանը կարող է ՆԱՏՕ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ՝ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանելով նաեւ Ռուսաստանի հետ:
ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը Հայաստանին օգնեց զարգացնել իր միջազգային խաղաղարար ունակությունները, մասնակցել գլոբալ խաղաղության եւ անվտանգության ապահովման գործընթացներին: Հայաստանի անմիջական մասնակցությունն Իրաքի եւ Կոսովոյի բազմազգ խաղաղապահ գործողություններին զգալի եւ արժեքավոր ավանդ էր: Բացի այդ, հայ զինծառայողները ՆԱՏՕ-ի անդամ երկրների ու գործընկերների մասնակցությամբ բազմազգ ուժերի հետ տարբեր տակտիկական ու օպերատիվ մոդելների կիրառմամբ փոխգործակցության արժեքավոր փորձ ձեռք բերեցին:
Այնպես որ, կարող եմ ասել, որ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ էր ու արժեքավոր երկու կողմերի համար, ինչպես նաեւ ծառայեց Հայաստանի ազգային անվտանգության ամրապնդմանը: Հուսով եմ, մեր գործընկերային հարաբերությունները հետագայում ավելի կխորանան ու կամրապնդվեն:
– Ի՞նչն է Ձեզ գոհացնում Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) իրագործման գործընթացում, եւ ի՞նչն է լրացուցիչ ջանքեր պահանջում հայկական կողմից:
– Հայաստանի կառավարությունը բազմիցս իր առջեւ հավակնոտ նպատակներ է դրել IPAP-ի սահմանած նշանակետերին արագորեն հասնելու համար եւ ընդհանուր առմամբ շատ լավ աշխատանք է կատարել: Բրյուսելում ՆԱՏՕ-ի միջազգային քարտուղարության՝ Հայաստանի հետ անմիջականորեն աշխատող փորձագետների տպավորությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը պահպանում է հավատարմությունն ու վճռականությունը ԱԳԳԾ-ի օրակարգի համաձայն առաջ շարժվելու համար:
Իհարկե, այդ գործընթացը լի է մարտահրավերներով: ԱԳԳԾ-ի օրակարգի շրջանակներում Հայաստանի Պաշտպանության նախարարության սկսած ինստիտուցիոնալ բարեփոխումները կառուցվածքային փոփոխություններ են պահանջում ռազմական գերատեսչության, ինչպես նաեւ պաշտպանության ու անվտանգության որոշակի գործոնների համար պատասխանատվություն կրող այլ կառույցների աշխատանքի կազմակերպման գործում: Ռազմական օգնության ամերիկյան ծրագրերի միջոցով մենք փորձում ենք աջակցել Հայաստանին այդ գործում՝ կառուցվածքային բարեփոխումների համար փորձագիտական օգնություն տրամադրելով: Մենք Հայաստանին փորձագիտական օժանդակություն ենք ցուցաբերել նաեւ այնպիսի կարեւորագույն փաստաթղթերի մշակման գործում, ինչպիսիք են Ազգային անվտանգության ռազմավարությունն ու Ռազմական դոկտրինը:
ԱԳԳԾ-ի շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարարության բարդ խնդիրներից մեկը գերատեսչության ղեկավարության կազմում քաղաքացիական մասնագետների ներգրավումն է: Այդ առաջընթացի նպատակը Պաշտպանության նախարարության քաղաքացիական ղեկավարության ու Գլխավոր շտաբի ռազմական ղեկավարության դերերի եւ գործառույթների բաժանումն է: Դա դժվարին գործընթաց է, սակայն փորձը ցույց է տվել, որ այդպիսի բաժանումը ժողովրդավարական կառավարման եւ զինված ուժերի քաղաքացիական կառավարման կարեւոր բաղադրիչ է:
– 2004թ. նոյեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոպ Սհեֆերը մեր գործակալության հետ հարցազրույցում ասել էր, որ «Հայաստանը վկայականն է այն բանի, որ երկիրը կարող է սերտ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ եւ միաժամանակ լինել ՆԱՏՕ-ի շատ կարեւոր գործընկեր»: Ի՞նչ եք կարծում, այդ հայտարարությունը դեռեւս արդիակա՞ն է:
– Կարծում եմ, որ այդ հայտարարությունը չի կորցրել իր արդիականությունը: Այդ հարցում կարեւոր է գործընթացները դիտարկել երկարաժամկետ հեռանկարում, եւ կարծում եմ, որ ՀՀ ղեկավարությունը դա լավ է անում: Բնականաբար, ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները չէին կարող չտուժել՝ հաշվի առնելով Ռուսաստանի հեռացումը ժողովրդավարությունից եւ հարեւանների նկատմամբ Մոսկվայի ճնշումները: Չնայած դրան, ՆԱՏՕ-ի նպատակը կառուցողական գործընկերությունն է այնպիսի Ռուսաստանի հետ, որը կիսում է մեր ժողովրդավարական արժեքները, ապրում է 21-րդ դարում ընդունված վարվելակերպի կանոններին համապատասխան եւ աշխատում է ՆԱՏՕ-ի հետ՝ որպես իրական գործընկեր:
– 2008թ. օգոստոսի Վրաստանի իրադարձություններից հետո Հայաստանը ստորագրեց ՀԱՊԿ գագաթաժողովում ընդունված հայտարարությունը, որը բավականին կոշտ քննադատություն էր պարունակում ՆԱՏՕ-ի հասցեին: Ձեզ չի՞ հուզում այն փաստը, որ Հայաստանը մի կողմից խորացնում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, մյուս կողմից՝ անդամակցում է Դաշինքի քաղաքականության նկատմամբ իր դժգոհությունը չթաքցնող կազմակերպությանը:
– Իհարկե, ՀԱՊԿ հայտարարությունը մեզ հիասթափեցրեց: Մենք բոլորովին համաձայն չենք վրաստանյան իրադարձությունների ՀԱՊԿ-ի մեկնաբանության հետ: Կցանկանայի՞ ես արդյոք, որպեսզի Հայաստանը չմիանար ՀԱՊԿ այդ զուր հայտարարությանը: Այո: Կա՞ն արդյոք ՆԱՏՕ-ի շարքերում անդամներ, որոնք կարող են համարել, որ դրա արդյունքում Հայաստանը հայտնվել է պակաս նպաստավոր դիրքում: Հավանաբար, այո: Սակայն ես ուշադրություն եմ դարձնում այն հանգամանքին, որ նույնիսկ վրաստանյան ճգնաժամից հետո Հայաստանը հստակ արտահայտվեց ՆԱՏՕ-ի հետ իր լավ հարաբերությունների վերաբերյալ պարտավորության նկատմամբ հավատարմության մասին: Ես նաեւ ուշադրության եմ արժանացնում այն հանգամանքը, որ Հայաստանը հրաժարվեց հետեւել երկու անջատողական շրջանների անկախության ճանաչման Ռուսաստանի քայլին: Նախագահ Սարգսյանն Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին հանձնարարեց համակարգել ՆԱՏՕ-ի (եւ Եվրոպական Միության) հետ հարաբերությունների խորացման հարցերը: Կարծում եմ, դա վկայում է այն մասին, որ չնայած ներկայիս խնդիրներին՝ Հայաստանը խորապես գիտակցում է Արեւմուտքի հետ ամուր գործընկերային հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը: ԱՄՆ-ը այդ գործում աջակցում է Հայաստանին:
– Դուք համամի՞տ եք, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ իր հարաբերություններում պատրաստ է այնքան հեռուն գնալ, որքան պատրաստ է ինքը` Հայաստանը: Հայաստանի պաշտոնական անձինք հաճախ ասում են, որ երկիրը չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին, քանի որ ցանկանում է խուսափել Հարավային Կովկասում նոր բաժանարար գծեր ստեղծելուց:
– Կարծում եմ, ՆԱՏՕ-ի եւ Հայաստանի միջեւ լավ փոխըմբռնում կա գործընկերության փոխադարձ նպատակների վերաբերյալ: Ես սկզբունքորեն համաձայն չեմ, որ եթե կովկասյան երկրները դառնան ՆԱՏՕ-ի լիարժեք անդամներ, դա Կովկասում նոր բաժանարար գծեր կառաջացնի: Այդ մտածողությունը «զրոյական գումարով խաղի» ոգով է, որը տարածաշրջանում ոչ անհրաժեշտ անհանգստություն է առաջացնում: Մենք լիովին հարգում ենք ՆԱՏՕ-ի հետ իր գործընկերության եւ զարգացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, եւ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը երկու կողմերին համագործակցության համար հնարավորությունների լավ հավաքածու է տալիս: ՆԱՏՕ-ն չի զբաղվում նոր անդամների «զորակոչմամբ», այն դիտարկում է անդամությանը ձգտող եվրոպական ժողովրդավարությունների հայտերը: Հայաստանը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ չի ներկայացրել, սակայն եթե նույնիսկ աներ դա, պետք է դեռեւս մեծ ծավալի ներքին բարեփոխումներ անցկացներ:
– 2008թ. Թուրքիայի նախագահն այցելեց Երեւան, եւ արդյունքում կողմերը պայմանավորվեցին շարունակել երկխոսությունը: Կարո՞ղ է արդյոք Հայաստանի ու Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակներում արդյունավետ հավելում դառնալ այդ երկխոսությանը: Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը, ինչպե՞ս է վերաբերվում Թուրքիան Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացմանը:
– Ինձ չափազանց գոհացրեց նախագահ Սարգսյանի՝ նախագահ Գյուլին ուղղված հրավերը եւ Թուրքիայի նախագահի այցը: Ես դա ըմբռնեցի որպես բարի կամքի առկայության խոստումնալից նշան երկու նախագահների միջեւ, ովքեր պատրաստ են աշխատանք սկսել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, եւ ուրախ եմ, որ այդ գործընթացը շարունակվում է: Մենք հույս ունենք, որ Թուրքիան ու Հայաստանը կօգտագործեն այդ հնարավորությունը հարաբերությունների կարգավորման նպատակով եւ կուղղորդեն դրանք դեպի կառուցողական եւ ապագային միտված ճանապարհ:
Թուրքիան Հայաստանի համար ՆԱՏՕ-ի կառույցներում որեւէ խոչընդոտ չի ստեղծել, դեռ ավելին, ես գիտեմ, որ եղել են դեպքեր, երբ Հայաստանի ներկայացուցիչները Թուրքիայի տարածքում «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի միջոցառումներին մասնակցելու հրավեր են ստացել: Ժամանակ առ ժամանակ Թուրքիան հանդես է գալիս Հայաստանի ԱԳԳԾ գործընթացի որոշակի տարրերի նկատմամբ կառուցողական քննադատությամբ. դաշնակիցները երբեմն այդպես են վարվում գործընկերների հետ նորմալ երկխոսության ընթացքում: Թուրքիան երբեք չի խառնվել ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանին առաջադրված պայմաններին, եւ կարծում եմ՝ դա էական ու դրական ազդանշան է: Անշուշտ, տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման համար լավագույն միջոցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացում առաջընթաց արձանագրելն է: