Հաղթանակ, որ պետք չէ Հայաստանին

14/01/2009 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հարցազրույց ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի «Գերհաղորդականության եւ գիտական սարքաշինության» կենտրոնի ղեկ., ԳԱԱ Ֆիզիկայի հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) «Գերհաղորդիչ դետեկտորների» լաբ. վարիչ, ֆիզիկոս Սամվել Գեւորգյանի հետ

– Դուք՝ Ձեր խմբով վերջերս Հայաստան եք բերել միջազգային հեղինակավոր՝ «Global Security Challenge» («Համընդհանուր անվտանգության մարտահրավեր») կազմակերպության մրցույթում Ձեր ներկայացրած գիտական ու սարքաշինական տեխնոլոգիաների հաղթանակի մասին վկայող մրցանակներ, սակայն ՀՀ-ում նման բաների մասին հրապարակավ խոսելն ընդունված չէ, քանի որ Դուք բռնցքամարտիկ չեք …

– Այո, այս տարվա հունիսից մենք, իրոք, համարձակվեցինք «Global Security Challenge»-ի նման հեղինակավոր մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնել: Նախ խոսեմ այդ ծրագրի հնարավորությունների մասին. վերջին 3 տարիներին աշխարհի գիտական տեխնոլոգիաների (թե՛ համընդհանուր եւ ազգային անվտանգության, թե՛ տարերային աղետների ձեւավորման ու առաջացման եւ թե՛ մարդու ապահովության ու առողջության պահպանման) բացահայտման խնդրում նոր մոտեցում է նկատվում: «GSC»-ն համաշխարհային շուկայում առկա կարեւորագույն գիտա-տեխնոլոգիական նորույթները բացահայտելու եւ առեւտրայնացնելու նպատակով ամենամյա մրցույթ է հայտարարում, որին կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ ընկերություններ՝ ցանկացած երկրից: Մենք եւս՝ ես, ԵՊՀ-ում եւ ԳԱԱ-ում գործող իմ խմբերը, ու նաեւ ոչ վաղ անցյալում ԱՄՆ զինվորական արդյունաբերության համակարգում տարբեր ինժեներական ու ղեկավար պաշտոններ զբաղեցրած, փորձառու ինժեներ, մարկետոլոգ, իսկ ներկայումս Ղարաբաղում հայտնի բարեգործ Լեւոն Թորոսը, միացյալ ուժերով, մասնակցեցինք այդ ծրագրին: Մենք մշակել եւ ստեղծել ենք նուրբ հետազոտությունների համար նմանը չունեցող գերզգայուն մեթոդ: Այն 4 տարվա ընթացքում համատեղ գիտական փորձարկում է անցել Ճապոնիայում. բացահայտվել են նոր ֆիզիկական երեւույթներ գերհաղորդականության բնագավառում, ինչն էլ կասկածի տակ է դնում այդ երեւույթի մասին ներկայիս պատկերացումները: Այդ մեթոդը կարելի է կիրառել նաեւ նոր ու զգայուն սարքեր ստեղծելու նպատակով: (Ս. Գեւորգյանը ցույց տվեց պատին ամրացված փոքրիկ մի սարք.- Լ.Ա.): Տեսեք. պատին ամրացված այս սարքը սեյսմիկ դետեկտոր է: Հիմա ես կշարժեմ պատը, ու կտեսնեք, թե ինչպես է դրան արձագանքում մեր սարքը… (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4 հարկանի շենք, ներքնահարկի լաբորատորիա, պատերի հաստությունը՝ 50-60 սմ): Ես միջին մարդկային ուժով կհենվեմ հատակին, ու սարքը ցույց կտա, թե իմ հենվելուց որքան շարժվեց 4 հարկ իր վրա կրող պատը: (Կոմպյուտերն, իրոք, անմիջապես ցույց տվեց, թե ինչ չափով շարժվեց պատը՝ մոտ 30 նանոմետր.- Լ.Ա.): Ֆանտաստիկ զգայունության այս սարքը կարող է արձանագրել մինչեւ 1 նանոմետր (մի քանի ատոմի չափի) դիրքի բացարձակ շեղումներ, այսինքն՝ 1 մմ-ից միլիոն անգամ փոքր: Բայց էլ ավելի կարեւոր է, որ մեր սարքը դա կարողանում է անել դանդաղ շարժումների դեպքում էլ (ի հակառակ գոյություն ունեցողների), ինչը թույլ է տալիս մեծ լուծողականությամբ գրանցել Լուսնի շուրջօրյա շարժման (պտույտի) ազդեցությունը սարքի վրա: Ի դեպ, մեր մեթոդի հիման վրա կարելի է ստեղծել նաեւ գործնականորեն զրոյից սկսվող հաճախային տիրույթ ընդգրկող նոր միկրոֆոն, որով կարելի է մարդուն իդենտիֆիկացնել՝ ըստ ձայնի: Ստեղծել ենք նոր սկզբունքով գործող սեյսմիկ դետեկտոր, որը շատ դանդաղ շարժումներ էլ է զգում: Ունենալով նման սարք՝ կարելի է իդենտիֆիկացնել շարժվող օբյեկտներին, ասենք՝ հակառակորդի բանակի եւ տեխնիկայի շարժվելը, սահմանի խախտվելը, պետական կարեւորության շենքերում ու բանկերում «անկոչ հյուրերի» հայտնվելը եւ այլն: Այդ սարքերը կարելի է օգտագործել՝ սկսած զինվորական գործից՝ ավարտած ախտորոշող բժշկության մեջ եւ ժամանակակից միկրո- ու նանո-տեխնիկական հետազոտություններում, ու նաեւ՝ դեռեւս չհայտնաբերված գրավիտացիոն ալիքները դետեկտելու համար…

– Ձեր նշած սարքավորումները, որոնք կարելի է ստեղծել այս մեթոդի շնորհիվ, բավական թանկ կարժենան, եւ, հետեւաբար, գնորդներն էլ դրսից կլինեն:

– Ինչո՞ւ եք կարծում, թե դրանք մեծ գումարներ են: Մեր տեխնոլոգիայի առավելություննե-րից մեկն էլ այն է, որ լինելով առաջատար տեխնոլոգիա, շատ ծախսատար չէ:

– Կարո՞ղ ենք ենթադրել, որ Հայաստանում էլ այն մեծ պահանջարկ կունենա:

– Ենթադրել կարող եք, ոչ ոք Ձեզ չի արգելում, սակայն ենթադրության վրա էլ կմնաք: Մեր գրեթե բոլոր ռանգերի պետական գործիչները պնդում են, իբր, մեր տնտեսությունը պետք է հիմնված լինի գիտելիքների վրա, ու միջազգային մակարդակով գիտատեխնիկական արժեքները մեզ պետք են… Կյանքը ցույց է տալիս հակառակը: «CSC» մրցույթը 3 մասի էր բաժանված՝ ամերիկյան ռեգիոն (Կանադա, Ամերիկա եւ Լատինական Ամերիկա): Երկրոր-դը՝ Եվրոպան, որի մեջ էին ողջ Եվրոպան, Իսրայելն ու Աֆրիկան: Իսկ մնացած աշխարհը (այդ թվում՝ նաեւ մենք) ասիական ռեգիոնի մեջ էր: Ամերիկյանից ներկայացված էր մի քանի հարյուր առաջարկ, նույնքան էլ՝ եվրոպականից, իսկ ասիականից՝ մոտ 800, եւ մեր առաջարկը մրցույթի արդյունքով մտել էր առաջին հնգյակ: Եվ սեպտեմբերի 26-ին Սինգապուրում ստացանք մեր խմբի այդ հաջողությունը հաստատող մրցանակ: Հաղթեցինք նաեւ այնտեղ ու իրավունք ստացանք մասնակցել նոյեմբերի 13-ին Լոնդոնում կայացած եզրափակիչին՝ հայտնվելով 2008թ. աշխարհի 6 լավագույն տեխնոլոգիաների ցուցակում: Այդ հաջողությունը հավաստող մրցանակը արդեն Լոնդոնում մեզ շնորհված գավաթն էր: Ու պետք էր չէ՞ սպասել, որ նման հաղթանակներից հետո գովեստի խոսքեր լսեինք պետական գործիչներից: Ի վերջո, ՀՀ-ում ստեղծված տեխնոլոգիան աշխարհի մասշտաբով համարվել է տարվա լավագույններից մեկը: Իսկ ի՞նչ եղավ. մեր հաջողության ու մեր մշակած տեխնոլոգիայի մասին Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ-ը) լրատվություն է ուղարկել մոտ 1200 ընկերությունների՝ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ Սփյուռքում՝ ԶԼՄ-ների, գիտական եւ ուսումնական հաստատությունների, պետական եւ մասնավոր կազմակերպությունների: Զրո արձագանք կառավարությունից ու նրանցից, ովքեր միշտ են արհամարհական վերաբերմունք ունեցել գիտելիք կրողների եւ առաջնակարգ տեխնոլոգիաներ ստեղծողների նկատմամբ … Ակադեմիան, իհարկե, «ողջունեց արդյունքների առեւտրայնացման եւ ինովացիոն գործունեության ուղղությամբ ձեռնարկած մեր քայլերն, ու համարեց դրանք հաջողված ու կարեւոր նվաճում», բայց գտավ, որ այն, ինչ անում եմ «GSC»-ի շրջանակներում, «ուղղակիորեն չի առնչվում Ակադեմիայում իմ գործունեության հետ», ուստի հրաժարվեց գոնե մասամբ ֆինանսավորել մրցույթին իմ մասնակցությունը՝ ունենալով դրա համար Գիտության պետական կոմիտեից (ԳՊԿ) ստացած գումարներ… Դա՝ այն դեպքում, երբ բյուջեից ֆինանսավորված իմ բոլոր նախագծերում հարթ կոճի տեխնիկան առանցքային տեղ է գրավում որպես հետազոտության գործիք եւ նոր սարքեր ստեղծելու մեթոդ: Հեռուստակենտրոններից ասեցին՝ կգանք, չեկան: Հ1-ից ասացին, որ իրենց գիտության մասին հաղորդումները քիչ են հետաքրքրում: Իհարկե, եթերը պորտապարերով լցնելը թերեւս ավելի եկամտաբեր է գ

– Այսինքն՝ գիտության թեման անհետաքրքի՞ր է Հ1-ի ղեկավարությանը:

– Չգիտեմ՝ ում, ինձ դա չի էլ հետաքրքրում: Իրենք են պարտավոր մեզ ճանաչել ու մեր հաջողությունների մասին ինֆորմացիա կորզել մեկը մյուսից առաջ, ինչպես քաղաքակիրթ աշխարհում է արվում: Մի հոդված հրապարակվեց Լոս Անջելեսի անգլալեզու «Noyan Tapan»-ում: Սփյուռքում դա բավարար տեղեկատվություն էր, բայց ո՞վ կկարդա դա այստեղ, այն էլ՝ անգլերեն… Հաղորդում հեռարձակվեց նաեւ «ՎԷՄ» ռադիոկայանով: Շնորհակալ եմ բոլորին, այդ թվում նաեւ՝ ԵՊՀ բոլոր մակարդակների ղեկավարներին, հատկապես ռեկտոր Ա. Սիմոնյանին: Նրանց աջակցության շնորհիվ ինձ հաջողվեց ԳԱՏԱՀ-ի կողմից հատկացված ISIPA 01-04 եւ UCEP 07/07 դրամաշնորհներն օպտիմալ օգտագործել ու այս դժվար պայմաններում ԵՊՀ-ում ստեղծել «Գերհաղորդականության ու գիտական սարքաշինության» ժամանակակից այս կենտրոնը: Նշեմ նաեւ, որ ԳՊԿ-ն էլ իր վրա վերցրեց «GSC-2008» մրցույթի Սինգապուրյան փուլին իմ մասնակցության ծախսերի մի մասը, մնացածը փակեց ԵՊՀ-ն: Բայց ԳՊԿ-ի միջոցները շատ քիչ են գիտության առեւտրայնացման հարցերում արդյունավետ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար. դրա համար համապետական մոտեցում է պետք… Ուստի մեր հույսը կապված է հիմնականում դրսի շուկայի հետ, որն էլ սկսել ենք գրավել՝ «GSC» մրցույթում հաջողության հասնելուց հետո: Մեր նորամուծությունը շատ շուտով կսկսի արտերկրից փողեր բերել, ու ես կկարողանամ միջոցներ տրամադրել նաեւ մեր ապագա գիտական հետազոտություններին:

– Կառավարությունը, որն իր առաջնահերթություններից մեկն է հռչակել գիտատար տնտեսությունը, գիտությանը հատկացնում է իր ՀՆԱ-ի 0.6%-ը, մինչդեռ նորմալ է համարվում 3-7%-ը: Նման վերաբերմունք գիտության, լուրջ գիտնականների նկատմամբ ՀՀ-ում վաղուց կա, ու Դուք, վստահ եմ, գիտեք: Այդ դեպքում Ճապոնիայից հետո, այս հաղթանակներով, Ձեզ համար շահավետ առաջարկները թողած՝ ինչո՞ւ եք վերադարձել Հայաստան:

– Ճիշտ եք: Կարող էի Ճապոնիայից չգալ, ուր 4 տարի աշխատել եմ: Սինգապուրում մեզ ասացին՝ քանի հոգով ուզում եք, եկեք, ամեն ինչով ձեզ կապահովենք, մնացեք մեզ մոտ, աշխատեք` որքան ուզում եք: Իսկ Հայաստանո՞ւմ. որքան ինձ հայտնի է, ԳԱԱ-ն կառավարությանը դեռեւս ոչ մի առաջարկ՝ կապված վարչապետի նոյեմբերի 6-ի «Տնտեսության զարգացմանը նպաստող ներդրումային ծրագրեր» հանձնարարականի հետ, չի ներկայաց-րել: Իսկ դրանից դեռեւս 2-3 ամիս առաջ ես արդեն 2 առաջարկներ ունեի փորձաքննության փուլում, մեկն էլ նոր եմ ներկայացրել… Վարչապետը ասում էր, թե կիրառական արժեք ունեցող եւ տնտեսությանը նպաստող առաջարկները մենք կֆինանսավորենք: Կտեսնենք: Իմ առաջարկներից մեկը զգայուն սեյսմիկ հետազոտությունների կենտրոն ստեղծելու մասին է: ՀՀ սեյսմիկ հետազոտությունների համակարգը փլուզված է: Դրանում համոզվելու համար բավական է աչքով անցկացնել Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի լաբ. վարիչ, երկրաբանական գիտ. դոկտոր Լ. Հախվերդյանի «Գիտություն» թերթի 2008թ. թիվ 4 (204) համարում տպագրված «Սպիտակի երկրաշարժի 20-ամյակին» նվիրված հոդվածը: Երկրաշարժերի նախանշանների որոնման կամ էլ դրանց նախորդող երկրակեղեւի թույլ ու դանդաղ ձեւավորվող պրոցեսների ոչ մի համակարգված հետազոտություն չի իրականացվում ՀՀ-ում ներկայումս: Պետք չի սպասել երկրաշարժերին. օգտագործելով մեր նոր սարքի ընձեռած աննախադեպ հնարավորությունները՝ պետք է ընթացքում ուսումնասիրել այդ պրոցեսներն ու փորձել կանխատեսել սպասվող գոնե հզոր ցնցումների պահն ու տարածաշրջանը… Սեյսմիկ ծառայության աշխատակիցներն ասում են՝ մեզ զգայուն սարքեր պետք չեն… Թույլ տվեք հարցնել, էդ ինչո՞ւ, եթե աշխարհում չկա մեկը, ով նման բան ասի: Ընդհակառակըգ ԳԱԱ ինստիտուտներից մեկի տնօրենն էլ իմ սեմինարի ժամանակ հայտարարեց՝ ես այդ «շուշայի» (ապակու) կտորի վրա թքած ունեմ: Հարցրեք նրան՝ այդ «շուշայի» կտորից ի՞նքը քանիսն ունի: Հիմա պատասխանեմ Ձեր հարցին՝ ինչո՞ւ եմ ես այստեղ: Որովհետեւ ուզում եմ այդ գործն անել մեր ժողովրդի համար, հենց ՀՀ-ում:

– Ինչպե՞ս, եթե ոչ մի պետական կամ մասնավոր կառույց Ձեզնով չի հետաքրքրվում:

– Ճանապարհն առայժմ մեկն է՝ փող չկա՝ թող չօգնեն, բայց գոնե թող չխանգարեն: Մենք մասնավոր ընկերություն ենք ստեղծել: Ինչո՞ւ գնացինք այդ քայլին: Նախ՝ մեզ մոտ բյուրոկրատական ապարատը խանգարում է գիտությունից արտադրություն արագ կոմերցիա անցնելուն: Մեզ հետ գործ ունեցող միջազգային ընկերությունները չեն կարող դա հանդուրժել: Նրանք չեն ուզում աշխատել պետական ստրուկտուրաների հետ:

– Ասացիք` Ձեր տեխնոլոգիան կարող է աշխատել նաեւ պաշտպանության համակարգում: ՊՆ-ից Ձեր սարքով հետաքրքրվե՞լ են։

– Մենք դիմել ենք իրենց: Չասեմ՝ ինչ խոսեցինք ՊՆ ներկայացուցչի հետ. փակ զրույց էր: Չեմ ուզում մեր հարգարժան զինվորականներին վիրավորել, բայց, ըստ նրանց, եթե մենք անգամ ստեղծենք այն, ինչ խոստանում ենք, իրենք չունեն բավարար փող՝ այն գնելու: Բայց եթե մեր պետությունը գիտական կոմերցիայի բնագավառում նպաստավոր դաշտ ստեղծի մեզ համար, հայրենիքի համար ամեն ինչ կանենք ձրի, կամ էլ սարքի ինքնարժեքով: Բայց նման դաշտ դեռեւս չկա …

– Ինչո՞ւ շախմատիստներին, Օլիմպիադայում բրոնզե մեդալակիրներին բուռն ընդունեցին, իսկ միջազգային ասպարեզում հաղթող գիտնականներին լռության են մատնում:

– Չգիտեմ, իրենց հարցրեք: Հիանալով մեր շախմատիստներով ու մեդալներ շահած մեր մարզիկներով, ենթադրում եմ, որ երեւի ՀՀ-ի նման աղքատ երկրին ու նրա ղեկավարներին մարզիկներն ավելի մեծ փառք ու պատիվ (ու նաեւ «PR») են բերում, քան գիտնականները: Հուսով եմ՝ կգա ժամանակ, որ վերաբերմունքը գոնե կհավասարվի… Պոմիդոր ու վարունգ փայլացնելով, դրսերից ապրանք բերել-ծախելով, տրանսֆերներ ստանալով ու միջանցիկ գազի բերած եկամուտով բավարարվելով՝ երկրի բյուջեն գուցե կարելի է կրկնապատկել, բայց, հաստատ տասնապատկել, առավել եւս՝ հարյուրապատկել, անհնար է… Մեր ղեկավարների փոխարեն ես կմտնեի գավաթակիր գիտնականների լաբորատորիա ու կասեի՝ մարզիկներին տվել ենք 10 միլիոն դրամ՝ յուրաքանչյուրին, ձեր խմբին երկիրը տալիս է տարեկան 300 միլիոն, ու անհատույց, դե, ձեզ տեսնեմ, ցույց տվեք, թե է՞լ ինչի եք ընդունակ: Մի օր գալու է այս պահը, բայց ինչո՞ւ այդ համարձակ ու մեծ հեղինակություն բերող քայլը ներկայիս նախագահն ուզում է թողնել իր հաջորդներին, չեմ հասկանում:

– Հնարավո՞ր է՝ գա մի պահ, որ Դուք էլ հոգնեք անտարբերությունից ու հեռանաք ՀՀ-ից:

– Չէ, չի գա: Եթե հոգնեի, այստեղ չէի լինի, դեռեւս 2002թ. Ճապոնիայից հետ չէի գա: Էլ չեմ ասում, որ 1-2 ամիս առաջ խմբով կգնայի Սինգապուր. մի քանի երկրների մուտքի բաց վի-զաներ ունեմ… Ես արդեն ստեղծել եմ ընկերություն: Մեր այսօրվա մշակումների եւ դրանց հիման վրա վաղը ստեղծվող սարքերի գնորդը ներսից հազիվ թե լինի. մեզանում բիզնեսմենների տեսահորիզոնը գիտական տեխնոլոգիաներից շատ հեռու է: 30-50 տարի էլ դեռ պետք է, որ նրանք ձեռքով մշակվող գյուղատնտեսական մթերքները վերավաճառելուց անցնեն գիտական տեխնոլոգիաների՝ ավելի պատվաբեր բնագավառ: Մենք այսօր պետք է զգայինք պետության դերն ու աջակցությունը… Պետությունը նույնպես կարող է լինել մեր գնորդը, բայց միայն, եթե երկիրն ունենար հզոր զինարդյունաբերական համակարգ, ինչը նույնպես բացակայում է: Ուստի, մեր պետությունն այսօր կարող է ստեղծել միայն արդար իրավական դաշտ, ինչն էլ, կարծես թե, ստանձնել է մեր նորաստեղծ ԳՊԿ-ն: Իսկ առայժմ, ինչպես ռուսն է ասում, «սպասենիե ուտոպայուշչիխ, դելո ռուկ սամիխ ուտոպայուշչիխ…»:

– Դուք գոհ չեք երկրի ղեկավարներից, սակայն գիտնականներն իրենք էլ խիստ անհանդուրժող են միմյանց հանդեպ:

– Այո, դա էլ է անվիճելի փաստ: 3-4 տարի առաջ իմ թեման ԳԱԱ-ում փակեցին՝ ասելով, որ արժեք չունի: Հետո, բողոքարկմամբ, վերականգնեցի, բայց արդեն նվազագույն՝ 2 հաստիքով-ի՞նչ կարող է անել փորձագետը 2 հաստիքով: 2 տարի հետո, ԳԱԱ-ում ամփոփիչ-հաշվետու քննարկումների ժամանակ, իմ այդ թեման համարեցին միջազգային մակարդակով եզակի փորձարարական թեման… Սա է մեր դառը իրականությունը: Օրինակը բերում եմ ոչ թե մեղավորներին հիշեցնելու եւ դատապարտելու համար, այլ հաստատելու, որ մեզանում բացի ԳԱՏԱՀ-ից՝ անաչառ փորձաքննություն էլ ոչ ոք չի կարողանում անել… Այո, մեզանում գիտնականները երբեմն պատրաստ են միմյանց կոկորդը կրծել: Չկա ոչ մի օբյեկտիվ մոտեցում-մինչ ԳՊԿ-ի ստեղծվելը գիտական փորձաքննության ժամանակ պարզապես հաշվապահությամբ են զբաղված եղել: ԳՊԿ-ն հիմա մշակում է այն չափորոշիչները, որոնցով կարելի է տարբերել վատը լավից. ցանկանում է կազմել միջազգային չափանիշներով հեղինակություն վայելող լավագույն 100 գիտնականների ցուցակը: Տեսնենք՝ քանի՞ ակադեմիկոս, քանի՞ դոկտոր ու քանի՞ թեկնածու կլինի այդ ցուցակում: Դրանից էլ կերեւա, թե իրականում ովքե՞ր են լուրջ խնդիրներով զբաղվում ՀՀ-ում, եւ ո՞ւմ է, որ պետությունը պետք է իր հովանու տակ առնի առաջին հերթին…