«Տոնը մեր նմանների համար չէ»

14/01/2009 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Տասնամյա Արմանը 10 տարի շարունակ ամանորյա գիշերների մեջ թաքցնում է իր երազանքներն ու դեկտեմբերի 31-ի գիշերը կառուցում է այն ապագան, որը հեքիաթի նման պարբերաբար հայտնվում ու իրեն ապրելու հույս է տալիս:

Ասում է` այս տարի հուսահատվել էր, որովհետեւ որքան մոտենում էր ժամը 24:00-ն, այնքան հասկանում էր, որ տոն սարքելու տրամադրություն չկա: Ամառային կոշիկներով դպրոց հաճախող այս փոքրիկ տղան ամեն օր, ամեն ժամ ճաշակում է կյանքի դառնությունը: Նա իր մեջ ուժ է գտնում ապրելու, ապագայի մասին մտածելու. իր երազանքներում նա ապագայում հաջողակ ու աշխատասեր մարդ է լինելու: Ասում է` «Մեր դասարանում բոլորն էլ լավ հագնվող, հարուստ երեխաներ են: Մենակ մի տղա կա իմ նման, մենք ընկերություն ենք անում: Իրենք հաճախ ծաղրում, ծիծաղում են մեր վրա, բայց դե՛ մեր ընկերներն ենգ Ճիշտն ասած` մեկ-մեկ տխրում եմ, սիրտս նեղվում է, որ գրքերի փողը մինչեւ հիմա չենք տվել: Երբ ասում են` մամայիդ կանչի դպրոց` շատ եմ տխրում, տրամադրությունս ընկնում է, ուզում եմ շուտ տուն գալ»: Արմանն աչքերը լցնում է, բայց տղամարդուն հատուկ հպարտությունը թույլ չի տալիս վիրավորվածությունն արտահայտել, անմիջապես երեսը թաքցնում է ափերի մեջ: Մայրը` Հերմինեն, ծանր է տանում որդու հոգեվիճակը, գրկում է նրան, ու երկուսով սկսում են լաց լինել: 10 տարեկան Արմանը մի քիչ թեթեւանալով ասում է` «Ես երազանք ունեմ. երազում եմ, որ մեծանամ` բիզնեսմեն դառնամ: Բոլոր աղքատներին կօգնեմ, մանկատներ կգնամ, ամեն ինչ կանեմ որբ երեխաների համար: Երբ հեռուստացույցով նայում եմ` չեմ ներում որբ երեխաների մամաներին, որ իրենց թողել են: Իմ մաման էլ հնարավորություն չունի, բայց տեսնո՞ւմ եք, որ մեզ չի թողնում: Որոշել եմ ամուսնանալուց հետո մանկատնից երեխաներ որդեգրել ու պահել»:

Հերմինեն երեք երեխաների մայր է, միայնակ է երեխաներին մեծացնում: Ամուսինը ընտանիքի կենցաղային հարցերը լուծել չկարողանալու պատճառով լքել է նրանց: Ապրում են Վարդաշենի հանրակացարանում. կենցաղային պայմաններն Արմանին ստիպել են երազել նաեւ տան մեջ զուգարան եւ բաղնիք ունենալու մասին: Հանրակացարանում ամեն ինչ համընդհանուր է, իսկ խունացած փոքրիկ սենյակը չի տաքանում նույնիսկ ջեռուցիչի շուրջօրյա աշխատանքից: Նրանց սենյակը լցված է աղքատության հոտով ու նույնքան ճնշող է, որքան ճնշող է այս երեխաների աչքերի թախիծը: Հերմինեն երեխաներին խնամում է 18.000 դրամ ընտանեկան նպաստով, որի ուղիղ կեսը միայն հոսանքի ծախսն է կազմում: Ասում է` «Ամռանը սրճարաններում աման եմ լվանում, բայց հիմա սրճարանը, որտեղ աշխատում էի` փակվել է: Արդեն քանի ամիս է` չեմ աշխատում, ու սարսափելի վիճակում ենք: Նոր տարի էլ չարեցինք: Արմանս ասում էր` չեմ ուզում Նոր տարին գա: Երեխեքս պառկեցին-քնեցին: Տոնը մեր նմանների համար չէ»: Հասմիկն այս տարի առաջին անգամ դպրոց գնաց ուրիշի տված հնամաշ շորերով: Հարցնում եմ` «Լա՞վ է դպրոցում»: «Չէ՛,- ասում է,- էլ չեմ ուզում գնամ, հոգնել եմ: Ուզում եմ շուտ մեծանամ, բժշկուհի դառնամ, բոլորին բուժեմ»: Հասմիկն ուզում է շուտ մեծանալ, բժշկուհի դառնալ ու բոլորին բուժել, որովհետեւ, երբ ինքը հիվանդանում է` շտապ օգնություն չեն կանչում, եւ առհասարակ բժշկի չեն դիմում, որովհետեւ բժիշկները փող են պահանջում: «Երեխան հիվանդացավ, կանչ գրեցի, բժիշկը եկավ` բա, թե՝ պիտի վճարեք: Ասում եմ` բա հայտարարում եք, թե անվճար է, անվճար…»,- պատմում է Հասմիկի մայրը: Հերմինեի երկու երեխաներն էլ ենթագիտակցորեն իրենց մեջ այնպիսի մարդիկ են կառուցում, որոնց կուզենային տեսնել ուրիշների մեջ: Ու ուզում են ուշադրության իրենց ներուժը անխնա շռայլել մարդկանց, քանի որ հիմա իրենք են ուշադրության կարիք զգում: Հերմինեն վստահեցնում է, որ ինքն աշխատասեր է, հետեւաբար, եթե աշխատանք լիներ` երեխաներին ինչպես հարկն է կխնամեր: «Քանի որ Հասմիկս առաջին դասարանում է` մի քիչ ժամերի հարցում դժվարանում եմ, թե չէ` ինչ աշխատանք էլ լիներ` կանեի: Հիմա կարող եմ օրվա երկրորդ կեսից աշխատել, բայց նման աշխատանք չեմ գտնում: Էս մի քանի ամիսը խանութներին պարտքերի ահագին մեծ ցուցակ ունեմ: «Փարոսն» էլ ստանում ու չգիտեմ որ մեկին տամ»,- ասում է նա: 5-րդ դասարանցի Արմանը հորը շատ է կարոտում ու իրեն խաբված է զգում, որովհետեւ հայրը խոստանում է վերադառնալ, բայց չի այցելում երեխաներին: Ասում է` «Ես իրա կարիքը շատ եմ զգում, միշտ ասում եմ, որ գա: Ասում ա` կգամ, շուտ-շուտ կգամ ձեր մոտ, բայց էլի գնում, կորում ա: Չէ՛, ես լավ պապա կդառնամ: Երկու երեխա կունենամ, մանկատնից երեխաներ կորդեգրեմ ու իրանց շատ կսիրեմ»:

Արմանն ու Հասմիկն ամանորյա գիշերը հրաշքի էին սպասում: Մինչդեռ Ամանորի գիշերն այս երկու փոքրիկները հաղթահարեցին ընդամենը հրաշքի հավատը չկորցնելու եւ հաջորդ Ամանորին սպասելու հույսով: Արմանը հավատում է իր հրաշքին, ապագայի իր տեսիլքին` «Բիզնեսմեն եմ դառնալու, որ աղքատներին կերակրեմ ու մանկատան երեխաներին որդեգրեմ»: