Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, որ վերածվեց տնտեսական ճգնաժամի, հանգեցրեց միջազգային շուկայում գրեթե բոլոր հումքատեսակների ու ապրանքատեսակների գների կտրուկ անկման: Հայաստանում, սակայն, գները շարունակում են բարձր մնալ եւ նույնիսկ աճել:
Անցած տարվա վերջերին տված ասուլիսներում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ վստահեցնում էին, որ այնուամենայնիվ 2008թ.-ին տարեկան կտրվածքով մենք ունենալու ենք նպատակայինից (4% ՞1.5%) շատ քիչ շեղվող գնաճ: ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն, օրինակ, անընդհատ փորձում էր համոզել, թե դեկտեմբերին գներն այնքան են իջնելու, որ 2008թ. հունվար-դեկտեմբերի գնաճը չի գերազանցելու 6%-ը: Սակայն ԱՎԾ-ի վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ 2008թ. հունվար-դեկտեմբերին 2007թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսի աճը, այսինքն` գնաճը Հայաստանում կազմել է 9.0%, այդ թվում՝ պարենային ապրանքներինը (ներառյալ՝ ոգելից խմիչք եւ ծխախոտ)՝ 10.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 5.1%, ծառայությունների սակագներինը՝ 9.0%: Ընդ որում, դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ճիշտ այնքան, որքան նոյեմբերի գնաճն էր հոկտեմբերի համեմատ: Այսինքն` դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ընդհանուր առմամբ գները ոչ թե իջել են, այլ մի բան էլ բարձրացել: Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն նշում է, որ 2008թ. նոյեմբեր-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է հացամթերքից հացի` ալյուրի, ինչպես նաեւ բենզինի ու դիզելային վառելիքի նկատելի գնանկում: Վերոհիշյալ ապրանքատեսակները սպառողական զամբյուղում ունենալով 14.23% տեսակարար կշիռ եւ 12.3% ընդհանուր գնանկում, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 2.1 տոկոսային կետով: Առանց վերը նշված ապրանքատեսակների գնային փոփոխությունների սպառողական գների ինդեքսը 2008թ. դեկտեմբերին 2007թ. դեկտեմբերի նկատմամբ 105.2%-ի փոխարեն կկազմեր 106.9%: Հանրապետությունում դիտարկված 5 քաղաքներում 2008թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.8%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում), 5 քաղաքներում արձանագրվել է 0.7-0.3% գնանկում, իսկ Գյումրիում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.2%-ով: Ամեն դեպքում այս տարի եւս խախտվեց ԿԲ-ի նախատեսած առավելագույնը 5.5% գնաճի նպատակային ցուցանիշը: Եվ սա՝ այն դեպքում, երբ ամբողջ աշխարհում ապրանքների գները նվազում են: Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե ճգնաժամ չլիներ եւ համաշխարհային շուկայում գները չիջնեին կամ աճեին: Մի խոսքով, ճգնաժամի դրական կողմից օգտվել մեզ այդպես էլ չհաջողվեց: Իսկ ա՛յ, բացասական հետեւանքները արդեն արտացոլվում են նույնիսկ վիճակագրական տվյալներում: 2008թ. հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում ամեն ամիս համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նախորդ ամսվա համեմատ աճում էր: Սակայն 2008թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՆԱ-ն նվազեց ավելի քան 8%-ով, իսկ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ` ավելի քան 30%-ով: Սա աննախադեպ է վերջին 7-8 տարիների կտրվածքով: Արդյունքում ՀՆԱ աճը հունվար-նոյեմբերին կազմեց 7.2%` այն դեպքում, երբ հունվար-սեպտեմբերին այն 10.4% էր: Հիշեցնենք` 2008թ. բյուջեով հունվար դեկտեմբերի ՀՆԱ աճը նախատեսված էր 10%: Դեկտեմբերի տվյալները դեռեւս հրապարակված չեն, սակայն ակնհայտ է, որ 2008թ. տնտեսական աճը չի գերազանցի 7%-ը: Ինչ վերաբերում է նոյեմբերին, նշենք, որ վատթարացել են գրեթե բոլոր մակրոտնտեսական ցուցանիշները: Արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ ամսվա նկատմամբ նվազել է 11.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը` 5.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը` 47.4%-ով, շինարարության ծավալը` 9.4%-ով: Տնտեսական աճն ապահովող հիմնական ոլորտի` շինարարության անկումը հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ավելի քան 40% էր: Արտաքին առեւտրաշրջանառությունը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 15.8%-ով: Ընդ որում, ավելի շատ նվազել է արտահանումը (38.6%), քան ներմուծումը (10.3%): Այս ամենի ֆոնին միակ բանը, որ արվում է իշխանությունների կողմից, դա դրամի փոխարժեքը ամեն գնով (այդ թվում` ուժային մեթոդներով) «կայուն» պահելու քաղաքականությունն է: Երբ դրամն արժեւորվում էր, մեր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, թե ԿԲ-ի գլխավոր խնդիրը գները կայուն պահելն է, ոչ թե ազատ լողացող կուրսի տատանումների հետեւից ընկնելը: Սակայն այժմ, երբ շուկայական ուժերը նպաստում են դրամի արժեզրկմանը, ԿԲ-ն կրճատում է իր արտարժութային պահուստները` փորձելով կայուն պահել դրամը: Սա, անշուշտ, բխում է ներմուծողների շահերից: Մինչդեռ համաշխարհային տնտեսական ճգնաժամի դրական հետեւանքներից մեկը կարող էր լինել այն, որ դրամը արժեզրկվեր, եւ դրա հետեւանքով բարելավվեին արտահանման պայմանները: Այսպիսով` համաշխարհային տնտեսական ճգնաժամը գնալով ավելի ու ավելի շատ բացասական ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա, մինչդեռ համաշխարհային տնտեսությունում ապրանքների գների իջեցումից ու դոլարի արժեւորումից օգուտներ մենք այդպես էլ չենք կարողանում քաղել: