Հանդիպում Ղազախստանում

24/12/2008

Երեկ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Ղազախստան` մասնակցելու ԱՊՀ մի շարք պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին: Նախատեսված էր, որ Ղազախստանում պետք է հանդիպեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները: Սակայն ռուսական կողմի նախաձեռնությամբ հանդիպմանը հրավիրվել է նաեւ ՀԱՊԿ-ին չանդամակցող Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, երեկվա դրությամբ դեռ հայտնի չէր, թե արդյո՞ք Ղազախստան կժամանի Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը: Որոշ ռուսաստանյան աղբյուրներ նշում են, որ Քարիմովը հրաժարվել է մասնակցել հավաքին, եւ, ընդհանրապես, Ուզբեկստանը պատրաստվում է ՀԱՊԿ-ից դուրս գալ, թեեւ երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հերքել է այս լուրերը: Նոյեմբերին պաշտոնական Տաշքենդը հայտարարել է Եվրասիական տնտեսական ընկերակցությունից (ԵվրազէՍ) դուրս գալու մասին, իսկ վերջին շրջանում տարբեր աղբյուրներ հաղորդում են, որ Ուզբեկստանը մտադիր է իր տարածքում տեղակայել Միացյալ Նահանգների ռազմակայաններ եւ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նիկոլայ Մակարովը վերջերս հայտարարել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը մտադիր է զորքեր տեղակայել Ղազախստանում եւ Ուզբեկստանում: ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրում` Ղրղըզստանում, այսօր տեղակայված են ամերիկյան զորքեր: