Պետք է արագ արձագանքեն

24/12/2008

«Կարծում եմ, Հայաստանի իշխանությունները պետք է հնարավորինս արագ արձագանքեն այս հայտարարությանն այնպիսի գործողություններով, որոնք կհանգեցնեն հունվարին Հայաստանի համար բարենպաստ որոշման կայացմանը»,- «Արմինֆո» գործակալության խնդրանքով մեկնաբանելով ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի որոշումը` ԵԽ ԽՎ բանաձեւերի դրույթները չկատարելու դեպքում հունվարին Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, ասել է ՀՀ նախկին արտգործնախարար, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանը: «Այն հանգամանքը, որ Մոնիտորինգի հանձնախումբն առաջարկում է կասեցնել հայկական պատվիրակության քվեարկության իրավունքը, եւ դա, կարելի է ենթադրել, անակնկալ էր իշխանությունների համար, թերեւս վկայում է, որ մեր պարտավորությունների կատարման վերաբերյալ իշխանությունների պատկերացումները տարբերվում են եվրոպական կառույցների ընկալումներից: Մինչ իշխանությունները վստահություն են հայտնում, որ Հայաստանը կատարում է համապատասխան բանաձեւերի պահանջները, Մոնիտորինգի խմբի արձագանքն այլ բան է վկայում: Հույս ունեմ, որ մինչեւ հունվար Հայաստանի իշխանությունները իրական քայլեր կիրականացնեն, որպեսզի մեր պարտավորությունների կատարման վերաբերյալ մեր եւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ընկալումներն իրարից չտարբերվեն, եւ որպեսզի հնարավոր լինի կանխել Հայաստանի համար անբարենպաստ ու խիստ վտանգավոր որոշման ընդունումը»,- ասել է Վ. Օսկանյանը: Ըստ նրա, ԵԽ ԽՎ Մոնիտորինգի խմբի որոշումը խիստ մտահոգիչ է Հայաստանի համար, «հատկապես հաշվի առնելով տնտեսական ճգնաժամի ավելի նկատելի դարձող ազդեցությունը Հայաստանի վրա, ինչն, անշուշտ, լուրջ բարդություններ է ստեղծելու մեր երկրի համար. ժողովրդավարության հետ կապված խնդիրները կարող են էլ ավելի թուլացնել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում»: