Անցած շաբաթվա ընթացքում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվներն աճել են 16.2 մլրդ դրամով եւ կազմել 1.0 տրլն դրամ` առաջին անգամ հատելով այս շեմը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը: Ըստ այդմ, հիմնականում աճել են թղթակցային հաշիվները բանկերում, բանկերի նկատմամբ այլ պահանջները, բանկերում կանխիկ դրամական միջոցները եւ վարկերը: Վարկերն աճել են մոտ 3.3 մլրդ դրամով. իրավաբանական անձանց վարկերն աճել են 1.8 մլրդ դրամով, ֆիզիկական անձանց վարկերը` 1.4 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 5.9 մլրդ դրամով եւ կազմել 229.4 մլրդ դրամ՝ պայմանավորված 3 բանկի կողմից ընդհանուր 4.2 մլրդ դրամի չափով կանոնադրական հիմնադրամի համալրմամբ եւ շաբաթվա ընթացքում համակարգի կողմից ապահովված 1.7 մլրդ դրամ շահույթով: Համակարգի պարտավորություններն աճել են 10.3 մլրդ դրամով եւ կազմել 771.0 մլրդ դրամ: Ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 3.7 մլրդ դրամով: