Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ռուսական «Սիտրոնիկս» ԲԲԸ-ի նախագահ Սերգեյ Ասլանյանին, փոխնախագահ Սերգեյ Ուրեզչենկոյին եւ ՀՀ-ում ընկերության լիազոր ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանին: Ըստ կառավարության մամուլի ծառայության, քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: «Սիտրոնիկսի» նախագահ Ս. Ասլանյանը ներկայացրել է իր ղեկավարած ընկերության գործունեությունը, ՌԴ դաշնային նպատակային ծրագրերում ունեցած մասնակցությունը, միջազգային կապերը եւ ներկայացվածությունը ԱՊՀ, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի ու մի շարք այլ երկրներում, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների բնագավառում փոխգործակցության առաջիկա նախաձեռնություններն ու ծրագրերը: Ս.Ասլանյանը, մասնավորապես, խոսել է «Գույք՝ պարտքի դիմաց» համաձայնագրով ՌԴ-ին փոխանցված ՌԱՕ Մարս ՓԲԸ-ի տարածքում գիտահետազոտական տիպի ազատ տնտեսական գոտու ստեղծման հնարավորության մասին, ինչը Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի հանձնարարականներից է: Սերգեյ Ասլանյանն անդրադարձել է նաեւ «Սիտրոնիկս» ընկերության մասնակցությամբ ՀՀ-ում վենչուրային ներդրումների հիմնադրամի ստեղծմանը, նշելով, որ ընկերությունը պատրաստ է կարճ ժամկետում ներկայացնել այդ հարցում փոխգործակցության իր ծրագիրը: