Շատերին զարմացրեց, երբ մի քանի օր առաջ Լիտվայի խորհրդարանի նախագահի
հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահ Արթուր
Բաղդասարյանն անդրադառնալով ՀՀ արտաքին քաղաքական պրիորիտետների շուրջ իր
պատկերացումներին՝ ակնարկեց, որ դա չի կարող լինել «Ռուսաստան-Բելառուս»
միության մասին։ Պահի առանձնահատկությունն այն է, որ թվում էր, թե արդեն
վաղուց «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» միության ստեղծման գաղափարը հանված
է ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական հարցերի օրակարգից, այլ նույնիսկ
արդեն արդիական չէ հենց Ռուսաստանի եւ Բելառուսի համար։ Սակայն ՀՀ
նախագահի նստավայրի մեր աղբյուրների պնդմամբ, Արթուր Բաղդասարյանի այս
անսպասելի թվացող ակնարկը եւ անդրադարձն այդ «միությանն» ամենեւին էլ
պատահական չէ։ Պարզվում է, որ վերջին շրջանում «Ռուսաստան-Բելառուս»
միությանը Հայաստանի մասնակցության հարցը սկսել է նորից բարձրացվել
ռուսաստանյան ղեկավար շրջանակների կողմից մեր ամենաբարձրաստիճան
պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում։ Մասնավորապես, մեր աղբյուրի
պնդմամբ՝ հնարավոր միության «վերակենդանացման» գաղափարն առաջ էր քաշվել
Արթուր Բաղդասարյանի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ կատարած վերջին
պաշտոնական այցի ընթացքում։ Ավելին, նույն հարցի շուրջ լրջագույնս մտածել
առաջարկվել է նաեւ Ռոբերտ Քոչարյանին՝ վերջերս Ռուսաստանի Դաշնության
նախագահի աշխատակազմի ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի կողմից՝ Երեւան կատարած
աշխատանքային այցի ժամանակ։ Հետաքրքրական է, որ մեր աղբյուրի պնդմամբ՝
խնդրո առարկայի վերաբերյալ դրական վերաբերմունքը պաշտոնական Մոսկվան
դիտարկում է որպես կարեւոր գրավական ու պայման թե՛ ՀՀ գործող նախագահին եւ
թե՛ նախագահական հավակնություններ ունեցող ԱԺ նախագահին հետագայում
քաղաքական աջակցություն ցուցաբերելու համար։ Այսպիսով,
«Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» միության թերեւս «մեռելածին» գաղափարը
պաշտոնական Մոսկվայի համար դարձել է ՀՀ գործող իշխանությունների
առանցքային դեմքերի՝ Ռուսաստանի հանդեպ լոյալության յուրահատուկ թեստ։
Վ.Ս.