Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը որոշել է հաջորդ տարի ներդնել աշխարհում տարածում գտած «Դուբայ» կամ «Հոնկոնգ» կոչվող փաթեթները, որոնց համաձայն, որոշ երկրների քաղաքացիների համար հանգստի զեղչային փաթեթներ են նախատեսվում: Նախարարության որոշման մեջ «անակնկալն» այն է, որ քրիստոնեական զատկի տոների կապակցությամբ մարտի 15-ից մինչեւ ապրիլի 15-ն իրագործվելիք փաթեթում 8 երկրների շարքում պետք է ընդգրկվի նաեւ Հայաստանը: Այդ շրջանակում, զեղչով հանգստի իրագործման համար որպես պիլոտային քաղաք՝ ընտրվել է Ստամբուլը: Թուրքիայի զբոսաշրջության զեղչային փաթեթում ընդգրկված են Բուլղարիան, Հունաստանը, Ուկրաինան, Ռուսաստանը, Հայաստանը, Վրաստանը, Իրանը եւ Իրաքը: Նախագծով նախատեսվում է, որ հիշյալ երկրներից Թուրքիա ժամանած զբոսաշրջիկները, սկսած ինքնաթիռի տոմսից՝ մինչեւ ռեստորաններ եւ առեւտրի կենտրոններ, կօգտվեն 50 տոկոս զեղչային համակարգից: Թուրքական մամուլի փոխանցմամբ, հայկական «Արմավիա» եւ թուրքական «Ատլասջեթ» ավիաընկերություններից բացի, դեպի Երեւան չարտերային թռիչքներ կազմակերպելու համար «Թուրքիայի ավիաուղիները» խնդրագիր է հղել այդ երկրի Քաղաքացիական օդագնացության գլխավոր տնօրինություն ու Արտաքին գործերի նախարարություն: