Ընդամենը մեկ ամիս առաջ համաշխարհային ճգնաժամ դեմ «լռությամբ» պայքարող Հայաստանի իշխանություններին արդեն շատ է անհանգստացնում այդ նույն ճգնաժամի հնարավոր ազդեցությունը:
Դրա մասին էին վկայում նաեւ վերջին մի քանի օրերին Չինաստանում գտնվող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մի շարք հանդիպումները, որտեղ որպես առաջնային խնդիր՝ քննարկվում էր Հայաստանին 1 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ տրամադրելու մասին հարցը:
Իսկ Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանն առաջինը Պեկինում ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Համաչինական ժողովի Մշտական կոմիտեի նախագահ Ու. Բանգոն: Վերջինիս հետ առանձնազրույցում, ինչպես հանդիպումից հետո տեղեկացրեց Հ. Աբրահամյանը, քննարկվել են բազմաթիվ հարցեր՝ խորհրդարանների, տնտեսական համագործակցության եւ այլն:
Այնուհետեւ նման հանդիպում եղավ նաեւ ՉԺՀ Ներկայացուցիչների Համաչինական ժողովի Մշտական կոմիտեի փոխնախագահ Լի Ցզյանգոյի հետ: «Փոխվարչապետին խնդրեցի, որպեսզի մեր կառավարությանը 1 միլիարդ դոլարի վարկ տրամադրեն: Մինչ փոխվարչապետին հանդիպելը, ես խնդրել էի խորհրդարանի նախագահին, որպեսզի մինչեւ մեր հանդիպումը քննարկի այդ հարցը կառավարության հետ: Նրան խնդրեցի, որպեսզի ինքը միջնորդի կառավարությանը՝ հաշվի առնելով այսօրվա ֆինանսական, տնտեսական ճգնաժամը ամբողջ աշխարհում: Փոխվարչապետն ասաց, որ խորհրդարանի նախագահի հետ միասին իրենք խոսել են Չինաստանի նախագահի հետ: Նա առաջարկեց, որպեսզի մեր երկրի կառավարության կողմից պաշտոնական նամակ լինի, եւ ինքը կտա համապատասխան հանձնարարական այն գերատեսչություններին, որոնք պետք է զբաղվեն այդ խնդիրներով, ու իրենք կզբաղվեն: Համոզված եմ, որ եթե մենք լավ աշխատենք՝ մեր դեսպանատունը, կառավարության համապատասխան մարդիկ, անպայման արդյունք կունենանք: Կարծում եմ, դա կարեւոր է, եւ 1 միլիարդ դոլարը կօգնի մեր հանրապետությանը, որպեսզի նվազեցնի այն ճգնաժամը, որը մենք կունենանք այս տարի»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հ. Աբրահամյանը:
Հարցին, ըստ նախնական պայմանավորվածության՝ ի՞նչ պայմաններով կարող է տրամադրվել այդ վարկը` երկարաժամկե՞տ, թե՞ ոչ, բա՞րձր, թե՞ ցածր տոկոսադրույքով, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերվեց, իսկ դուք գիտեք, որ ամենակարեւորը քաղաքական պայմանավորվածությունն է, իսկ մեխանիզմների՝ տոկոսի, վերադարձման ժամկետների մասին պայմանավորվածություններ ձեռք բերելու համար, իրենք էլ ասացին, որ պետք է Չինաստան գան համապատասխան գերատեսչությունների աշխատակիցները: Իմ կարծիքով՝ մենք չէ, որ պետք է այդ մեխանիզմները քննարկենք»:
Մեր հարցին` Չինաստանի կառավարությունից ակնկալվող վարկը` տրամադրման դեպքում, արդյոք բավարա՞ր կլինի ճգնաժամի հետեւանքները Հայաստանում մեղմելու համար, թե՞ հարկ կլինի դիմել նաեւ այլ երկրների, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մենք վարկի հատկացում ակնկալում ենք նաեւ Ռուսաստանից, դա արդեն գործընթացի մեջ է: Ինձ համար, կարծում եմ՝ նաեւ բոլորի համար, դեռեւս ակնհայտ հասկանալի չէ, թե այդ ֆինանսական ճգնաժամն առհասարակ ինչ հետեւանքներ կունենա: Դրա մասին ավելի հստակ պատկերացում կլինի հաջորդ տարվա սեպտեմբերին»: Իսկ թե Չինաստանի կառավարությունից սպասվող 1 միլիարդ դոլար վարկը կոնկրետ որ ոլորտներին կտրամադրվի, Հ. Աբրահամյանը չասաց՝ նշելով, որ դրա վերաբերյալ պետք է քննարկումներ անցկացնի ՀՀ կառավարությունը: Սակայն, Հ. Աբրահամյանի կարծիքով, առաջնահերթ աջակցություն պետք է ցուցաբերվի բանկերին, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան իրենց հերթին հիպոթեքային վարկեր տրամադրել քաղաքացիներին: «Իմ կարծիքով, պետք է այդպես լինի, որպեսզի դարձյալ սկսի գործել հիպոթեքը, եւ մարդիկ կարողանան մեքենա, բնակարան ձեռք բերել: Անպայման պետք է աջակցել նաեւ փոքր եւ միջին բիզնեսին, գյուղատնտեսությանը: Եվ այն ձեռնարկությունները, որոնք ժամանակավորապես խնդիրներ ունեն, պետք է նրանց օժանդակել, վարկավորել, որպեսզի աշխատատեղերը չկրճատվեն: Մեր երկիրը փոքր է, եւ ես կարծում եմ, որ նման ֆինանսական միջոցների առկայության պայմաններում կկարողանանք նվազեցնել տնտեսական, ֆինանսական ճգնաժամի հետեւանքները»,- ասաց Հ. Աբրահամյանը:
Նշենք, որ այս այցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը եւ ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահ Ու. Բանգոն ստորագրեցին փոխըմբռնման, համագործակցության եւ փորձի փոխանակումների մասին հուշագիր, որտեղ կարեւորվում է նաեւ երկու խորհրդարանների հանձնաժողովների կապերի խորացումը, առեւտրատնտեսական, գյուղատնտեսական, էներգետիկ, կրթական, մշակութային եւ բնապահպանության ոլորտներում օրինաստեղծ փորձի փոխանակումը, բարեկամության խմբերի կապերի զարգացումը: «Շատ եմ կարեւորում երկու խորհրդարանների կողմից ստորագրված հուշագիրը, որը նախադեպը չի ունեցել: Այնտեղ տեղ են գտել կետեր, որոնք բոլորը պետք է իրականացնել: Նաեւ քննարկեցինք Շանսու-Նաիրիտ համատեղ գործարանին առնչվող հարցերը, որի բացումը տեղափոխվել է հաջորդ տարվա առաջին եռամսյակ»,- հուշագրի վերաբերյալ ասաց Հ. Աբրահամյանը: Ըստ նրա, շատ կարեւոր է, որ «մի երկիրը, որը լավ է վերաբերվում Հայաստանին՝ լինի հզոր, քանի որ դա մեզ համար շատ շահեկան է: Եվ եթե Չինաստանի նման հզոր երկիրն, իրոք, մեզ բարեկամ երկիր է, ես ուրախ եմ: Համոզված եմ՝ առաջիկայում Չինաստանն ավելի է հզորանալու, եւ երկնիշ տնտեսական աճ գոյություն ունի: Համոզված եմ, որ այն մեխանիզմները, որոնք աշխատում են Չինաստանում, իրոք արդարացնում են: Եվ ես որպես ՀՀ ԱԺ նախագահ՝ ուրախ եմ, որ Չինաստանն օր օրի հզորանում է»:
Դեկտեմբերի 17-ին Հայաստանի պատվիրակությունը Պեկինից մեկնեց Հայկոու քաղաք, որտեղ պատվիրակության անդամները եղան նախ՝ «Հայմա» ավտոընկերությունում, այնուհետեւ հանդիպեցին Հայնյան նահանգի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի ղեկավարության հետ: Վերջիններս երկար պատմական էքսկուրս անցկացրին, պատմեցին, թե որքան զբոսաշրջիկ է տարեկան այցելում իրենց քաղաք, որքան է կազմում իրենց տնտեսական աճը: Հայկոու նահանգի Ժողովրդական ներկայացուցիչների ժողովի ղեկավարի դիտարկմանը, թե՝ Հայաստանում տնտեսական աճն անհամեմատ փոքր է իրենցի համեմատ, Հ. Աբրահամյանը պատասխանեց. «Դրա համար էլ եկել ենք ձեզ մոտ, Հայաստանը 10 նահանգ ունի, եւ եկել ենք ձեզ մոտ, որպեսզի ուսումնասիրենք ձեր փորձը»:
Նշենք, որ Չինաստանի ղեկավարների հետ հանդիպումներում Հովիկ Աբրահամյանը, բացի 1 մլրդ դոլար վարկ տրամադրելու խնդրանքից, նրանց է փոխանցել նաեւ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը մասնակցելու հրավեր եւ երկաթուղու տեխնիկատնտեսական հիմնավորումները: Հրավերի եւ չինական կողմի արձագանքի վերաբերյալ այլ մանրամասներ լրագրողներին չհաղորդվեցին:
Հ.Գ Չինաստանում Հայաստանի պատվիրակությանն ուղեկցող անվտանգության աշխատակիցները պատվիրակության ավտոմեքենաների շարվելուն պես փակում էին փողոցները, ինչպես Երեւանում անում են օտարերկրյա պաշտոնյաների ընդունելության ժամանակ: Բայց, որքան էլ զարմանալի է՝ դա որեւէ կերպ չէր անդրադառնում Պեկինի եւ ՀՀ պատվիրակության այցելած Չինաստանի այլ քաղաքների երթեւեկության վրա: Այսինքն՝ խցանումներ չեն առաջանում: Եվ եթե հաշվի առնենք Հայաստանի ու Չինաստանի բնակչության թվաքանակի, հետեւաբար նաեւ՝ ավտոմեքենաների թիվը, ապա անլուրջ են հայ պաշտոնյաների պնդումները, թե Երեւանի խցանումների պատճառը վերջին տարիներին Հայաստանում արձանագրված «տնտեսական աճի» հետեւանք է: Պարզապես չինացիները կազմակերպված են, եւ, օրինակ, փողոցները ոչ թե մեկ ժամ առաջ են փակում, այլ՝ պատվիրակության մեքենաների մոտենալուց մեկ կամ երկու րոպե առաջ: Եվ եթե Երեւան ժամանած որեւէ օտարերկրյա պաշտոնյայի այցի եւ նրա երթուղու մասին մայրաքաղաքի բնակիչները` իրենց պատճառված անհարմարության «շնորհիվ» տեղեկանում են ամեն քայլափոխի, ապա Չինաստանում դա իմանում են ընդամենը լուրերի թողարկումներից: Օրինակ, եթե Հայաստանի պատվիրակությանն ուղեկցող ավտոմեքենայի վրա Չինաստանի դրոշի կողքին չլիներ Հայաստանի դրոշը, դժվար թե շարքային չինացիներն իմանային, որ իրենց երկրում Հայաստանից հյուրեր ունեն: