«Չափազանց ծանր եմ տարել այս ամենը. նույնիսկ ինքնասպանության մասին էի մտածում այն ժամանակ, երբ ընտանիքս դեմ էր, որ ամուսնանամ այլ ազգությամբ եւ լրիվ այլ կրոն դավանող մարդու հետգ»: Այս խոսքերը պատկանում են մեր պատմության հերոսուհուն՝ Այզա Ալխասովային:
Մասնագիտությամբ իսպաներեն լեզվի թարգմանչուհի 29-ամյա Այզան պատմում է Լատվիայի քաղաքացի Օլեգ Սատրիխովի հետ իր դժվարություններով իրականություն դարձած ամուսնության պատմությունը։
Քսաներեք տարեկանում ավարտելով Բաքվի Պետական համալսարանի թարգմանչական ֆակուլտետի իսպաներեն լեզվի բաժինը` Այզան սկսում է իր մասնագիտությամբ աշխատել արտասահմանյան ձեռնարկություններից մեկում. «Մի անգամ մեզ մոտ Օլեգ Սատրիխով անունով նոր ծրագրավորող աշխատանքի ընդունվեց: Ինչպե՞ս կարող էի այդ ժամանակ գուշակել, որ նա իմ ապագա ամուսինն էգ»։
Այզայի խոսքերով, առաջին հայացքից իր եւ օտարերկրացու միջեւ համակրանք առաջացավ, նրանք շատ արագ ընկերացան։ «Մի անգամ հրավիրված էինք մեր աշխատակիցներից մեկի՝ Ռուսլանի հարսանյաց հանդեսին: Պարզվեց, որ այդ օրն իմ կյանքում յուրահատուկ նշանակություն է ստանալու, քանի որ Օլեգն էլ էր հրավիրվածների շարքում եւ շուտով ինձ պարի հրավիրեց: Իրականում պարն ընդամենը պատրվակ էրգ Օլեգն ինձ սեր խոստովանեց»,- այսպես է Այզան հիշում իր կյանքի կարեւոր իրադարձություններից մեկը:
Այզան նույնպես սիրում էր Օլեգին, բայց այդպես էլ չէր կարողանում հստակ որոշում ընդունել. «Ինձ խորը մտահոգություն էր պատճառում այն, որ Օլեգը ոչ միայն արտասահմանցի էր, այլեւ՝ քրիստոնյա: Մտածում էի՝ ընտանիքս երբեք այս ամենին չէր համաձայնվի»: Այզան փորձում է իրադրությունը քննարկել իր ծնողների հետ, բայց ընտանիքում բոլորը դեմ էին նրա ընտրությանը։ Սա չէր կարող չվշտացնել Այզային. «Ես նրան շատ էի սիրում: Առանց նրա ապրելը տանջանք էր ինձ համար: Շուտով սարսափելի թույլ զգացի ինձ, հիվանդացա: Կյանքի ամեն իմաստ կորել էր ինձ համար, այնպես, որ էլ ապրել չէի ուզում»:
Այզան նույնիսկ փորձել էր թույն խմել. «Բայց բժիշկները փրկեցին ինձ, իսկ այս ամենից չափազանց անհանգստացած հայրս, ով ինձ շատ էր սիրում, խորը մտածելուց հետո ինձ առաջարկեց Օլեգին մեր տուն հրավիրել»: Երջանկացած Այզան պատմում է, որ Օլեգը նրա ընտանիքին շատ դուր եկավ: «Չնայած բոլոր խոչընդոտներին՝ հայրս տվեց իր համաձայնությունը: Ճիշտ է, մեր բարեկամները նախատում էին նրան այս որոշման համար, բայց հայրս ասաց, որ իր համար աղջկա երջանկությունն է ամենակարեւորը»: Կրոնի եւ ժողովրդավարության կենտրոնի փոխնախագահ Վասիֆ Սադիղլին նշում է, որ միջկրոնական ամուսնություններն արգելված չեն. «Իսլամը թույլ է տալիս մահմեդական տղամարդուն ամուսնանալ հավատացյալ կնոջ հետ. նա կարող է լինել քրիստոնյա կամ բուդդայական»: Այնուամենայնիվ, Սադիղլիի կարծիքով, մահմեդական հավատքի կնոջ ամուսնությունն այլ կրոն դավանող մարդու եւ հատկապես` քրիստոնյայի հետ այնքան էլ դրական երեւույթ չէ: Ըստ նրա՝ քրիստոնեությունն ինքնին աղավաղված կրոն է. մահմեդականություն դավանող կինն այդ աղավաղված կրոնը չպետք է ընդունի:
Վասիֆ Սադիղլին կարծում է, որ տարբեր կրոնի պատկանող մարդկանց ամուսնությունը հազվադեպ է ամուր լինում. «Չէ՞ որ ամուսնությունը միավորվում է լրիվ տարբեր միջավայրերում մեծացած, տարբեր աշխարհայացքով եւ կենսական մտածողությամբ երկու մարդկանց: Սա որոշակի լարվածություն է ստեղծում, ինչն իր հերթին կարող է հանգեցնել ընտանիքի փլուզմանը»:
Հոգեբանության տարածաշրջանային կենտրոնի գլխավոր հոգեբան Դայանաթ Ռզաեւն ասում է, որ խառն ամուսնություններն օգտակար են. «Ուսումնասիրելով տարբեր ժողովուրդներին՝ կարելի է տեսնել, որ նրանց մոտ աստիճանական անկում է գրանցվում: Նույն արյան մշտական միախառնումից աննորմալ երեւույթներ են լինում»: Ռզաեւի կարծիքով՝ տարբեր ազգային պատկանելության մարդկանց ամուսնությունը բերում է ամուր եւ առողջ ընտանիքի ստեղծման. «Ցանկացած ընտանիքի հիմքը երեխան է, իսկ նա այս դեպքում կլինի առողջ, աշխույժ ու խելացի, քանի որ ժառանգել է երկու ազգերի լավագույն հատկանիշները»:
Այզան ասում է, որ հիմա շատ երջանիկ է. «Մենք հիանալի դուստր ունենք. անունը Սամիյա է: Նա պարզապես կյանքիս իմաստն է: Ժամանակիս մեծ մասը նրա հետ եմ անցկացնում»: Այզան նաեւ կոչ է անում երիտասարդությանը. «Պայքարե՛ք ձեր սիրո համար: Պետք չէ՛ վախենալ: Սերը չի հարցնում ո՛չ ազգություն, ո՛չ կրոն»:
Սամիրա ՀԱՍԱՆԼԻ
Baku FM