«Իմ գլխավոր նպատակն արեւի էներգիայի հաշվին աշխատող այնպիսի մեխանիզմի ստեղծումն է, որն այլընտրանքային տարբերակ կդառնա մեքենաների վառելանյութի համար: Նկատի ունեմ նաեւ ջրածնի օգտագործումը: Որոշակի հաջողությունների արդեն հասել եմ, սակայն դա դեռ գաղտնիք կմնա»,- նման գիտական եզրահանգումներ է անում Զուգդիդյան շրջանի Կախաթի գյուղի երկրորդ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Դաթո Ակոբիան. եւ նա իսկապես կատակելու ժամանակ չունի:
Դաթոյի այս մտքերին նրա քիմիայի ուսուցչուհի Լյուդմիլա Չախայան սկզբում թերահավատորեն էր մոտենում, բայց երբ ծանոթացավ աշակերտի մշակած տեսություններին, եկավ այն եզրակացության, որ դրանք հնարավոր է իրագործել: «Դաթոյի հետ շատ ենք վիճել այս խնդրի շուրջ, այնուամենայնիվ, արդեն ականատես եմ եղել նրա լուրջ հաջողություններին եւ այլեւս չեմ վիճում»,- ասում է Լյուդմիլա Չախայան: «Դեռեւս 9-րդ դասարանում Դաթոն կարողացավ արեւի էներգիայով աշխատող ջրատաքացուցիչ պատրաստել, որը հետո տեղադրեցին գյուղական բաղնիքում, այն, արդեն մի քանի օր է, ինչ աշխատում է»,- պատմում է ուսուցչուհին:
Մանկավարժի պատմած ջրատաքացուցիչի շնորհիվ Դաթոյին ուշադրության արժանացրեց ոչ միայն Կրթության նախարարությունը, այլեւ Համաշխարհային բանկը: Սկզբում այս ագրեգատի ստեղծման համար նա առաջին տեղ զբաղեցրեց երիտասարդ գյուտարարների մրցույթում, իսկ հետագայում ջրատաքացուցիչի գործարկման նպատակով Համաշխարհային բանկի վրաստանյան մասնաճյուղը ֆինանսավորեց գյուղական բաղնիքի շինարարությունը: «Մեզ համար բավական անսպասելի էր Համաշխարհային բանկի այս նախաձեռնությունը: Բոլորն էլ գիտեն, թե որքան թանկ է այսօր էլեկտրաէներգիան, եւ ինչքան թանկ է սովորական էլեկտրաջրատաքացուցիչը: Իսկ Դաթոյի շնորհիվ, մեր գյուղի բաղնիքում 24 ժամ շարունակ անվճար տաք ջուր է հոսում»,- երախտապարտությամբ նշում է Կախաթիի բնակիչ Գենո Նադարիան:
Դաթոն, սակայն, չի պատրաստվում կանգ առնել իր հաջողությունների կես ճանապարհին, անցյալ տարի նա ավելի պրակտիկ դարձրեց ջրատաքացուցիչը: Նրա խոսքերով՝ արեւի էներգիայով աշխատող մեխանիզմների հիմնական թերությունն այն է, որ դրանք անշարժ կերպով ամրացված են իրենց տեղում, իսկ սա իր հերթին նրանց թույլ չի տալիս մաքսիմալ կերպով օգտագործել էներգիան: «Անցյալ տարի ես բարելավեցի ագրեգատի գործունեությունը՝ այնպիսի մաս կցելով, որը թույլ է տալիս ջրատաքացուցչին պտտվել արեւի ճառագայթների ուղղությամբ. սա թույլ կտա ամբողջությամբ օգտագործել էներգիան»,- բացատրում է Դաթոն: Դաթոյի մոր խոսքերով, իր որդին՝ դեռեւս երեխա լինելով, անսովոր ունակություններ եւ եռանդ էր ցուցաբերում: «Նա ընդամենը 5 տարեկան էր, երբ խաղալիք նավակ պատրաստեց ու դրան շարժիչ ավելացնելով՝ գետի հունով բաց թողեց: Եթե մյուս իր տարեկիցները ծնողներից խաղալիքներ ու քաղցրեղեն էին խնդրում, ապա Դաթոն միայն երկաթե մասեր եւ պտուտակներ էր պահանջում»,- պատմում է Մանանա Գուգուչիան՝ Դաթոյի մայրը: Այս տարի, սակայն, Դաթոն բոլորովին ժամանակ չի ունենա՝ իր սիրած գործին տրամադրելու համար. նա սովորում է 12-րդ դասարանում եւ պետք է պատրաստվի պետական քննություններին: «Բազում մտահղացումներ ունեմ իմ գլխավոր գյուտի վերաբերյալ, բայց կարեւորն այժմ քննություններն են: Երբ բոլորը հանձնեմ, անպայման կշարունակեմ աշխատանքներս»,- հավատացնում է Դաթոն:
Իրակլի ԼԱԳՎԻԼԱՎԱ
«Panorama»