«Նաղդ վիռուչկա»

03/07/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Առավոտ կանուխ հսկա սուպեր մարկետում ծխախոտ գնել չի հաջողվում ոչ այն
պատճառով, որ ծխախոտ չկա կամ իմ ուզածը չկա, այլ որովհետեւ վաճառողը մանր
չունի, որ, ասենք, հինգ հարյուր դրամի դիմաց տա մի տուփ «Չեստերֆիլդ» եւ
հարյուր հիսուն դրամ։ «Գնացեք մանրեք»,- ասում է վաճառողուհին։ Գնում եմ
հարեւան բաժնում մանրելու, պարզվում է՝ այնտեղ էլ չկա։ Ասում եմ՝ մի ժամ է
բացվել եք, ինչո՞ւ մանր չունեք, վաճառողուհին անկեղծորեն պատասխանում է,
որ խանութի տերը նախորդ երեկոյան հավաքել է ամբողջ «վիռուչկեն», իսկ
առավոտյան դեռ չի եկել։
Թվում է, մանրուք է ու հեչ գրելու բան էլ չէ, բայց զանգահարում ես տաքսի
ծառայություն, մեքենա կանչում, որ հնարավորին չափ էժան գնով գնաս ուր
գնում ես, տաքսին գալիս-տանում է, եւ պարզվում է, որ սա էլ ամեն
գնալ-գալուց հետո աշխատած փողը տալիս է ծառայության տիրոջն, ու դու
ստիպված ես ութ հարյուր դրամի փոխարեն հազար վճարել, որովհետեւ մարդը մանր
չունի։
Մանրուքը մանրուք է ու գրելու բան էլ չէ հեչ, բայց մտածում ես, որ մեր
մեծավորները եվրոպաներին-ամերիկաներին բան հասկացնելիս երբ ասում են՝ «մեր
մենթալիտետը», երեւի նկատի չունեն այս մանր-մունր բաները, այլ նկատի ունեն
ավելի մեծ ու կարեւոր բաներ, որոնք հնարավորություն են տալիս, ասենք,
անգրագետ մերձավորին «թափով» պաշտոնի նշանակելու, կամ, ասենք,
ընտրությունները մրցակիցների բացակայության պատճառով անկեղծ անցկացնելու։
Բայց այդ «բթամիտ» եվրոպաներն ու ամերիկաներն այդպես էլ չեն հասկանում, որ
հայոց մեջ ավանդության համաձայն՝ պաշտոնը ոչ թե կառավարման մեխանիզմի օղակ
է, այլ առանձին մի բնակչի ընդհանուր կենսամակարդակը բարձրացնելու հուսավառ
քայլ։ Իսկ դրա համար պետք է «վիռուչկեն» նաղդ հավաքել ու նաղդ դնել
գրպանը, երբեմն անգամ չմտածելով, որ դրա մի մասը պետք է ծառայի
վերարտադրությանը։
Ու քանի որ արդեն ընկել եմ մանրուքի հետեւից եւ արդեն ով ուզի կքննադատի
ինձ մանրաթեմայնության համար, ասեմ, որ Երեւան-Էջմիածին ավտոբուսն էլ մի
օր կանգ առավ Արգավանդում ու տեղից չշարժվեց։ Վարորդին մոտ նստած
աղբյուրներից ուղեւորներին հայտնի դարձավ, որ վերջացել է գազը, եւ
քառասուն հոգի, բառի բուն իմաստով, մնաց բորդյուրին։ Վարորդն անգամ
ներողություն չխնդրեց, անգամ չփորձեց ինչ-որ կերպ պատճառաբանել, այլ խիստ
գործնական տեսքով բացեց ավտոբուսի շարժիչն ու սկսեց քչփորել, ասես չեղած
տեղից գազ էր գտնելու։ Ճիշտ է, չպատճառաբանեց, բայց առանց դրա էլ պարզ է,
որ գծի տիրոջը միայն իր «նաղդ վիռուչկեն» է հետաքրքրում, իսկ մնացյալը
վարորդի անձնական գործն է։ Ու մի պահ, երբ չարությունս անցավ, ես սկսեցի
խղճալ վարորդին, նույնիսկ մտածեցի՝ առաջարկել, որ բորդյուրին մնացած
ուղեւորներով հավաքվենք ու մարդու փողը տանք, որովհետեւ իրենից, միեւնույն
է, վերցվելու է այդ օրվա հնարավոր եկամուտը, ու մարդը գուցե պարտքի տակ
ընկնի։
«Նաղդ վիռուչկի» գաղափարը մեզ հետ է անընդհատ եւ ամենուրեք, այն չի լքում
մեզ մեր կյանքի ոչ մի ոլորտում։ Դրա առաջընթացին չեն խանգարում անգամ
բարոյականության ու պարկեշտության ընդունված չափանիշները։ Եվ ստացվում է,
որ, ասենք, վեց օդաչուի ազատագրումը Հասարակածային Գվինեայի դաժան բանտից,
«նաղդ վիռուչկա» էր մեր իշխանությունների համար, այնքան «նաղդ», որ
չփորձեցին էլ թաքցնել։
Իսկ ինչո՞վ «նաղդ վիռուչկա» չէ, ասենք, Մթնաձորի անտառում ավտոճանապարհ
կառուցելը։ Նախագծողին ասել են՝ այս-այս չափանիշերով ճանապարհ գտիր, ինքն
էլ գտել է, թքա՛ծ անտառի վրա, կարեւորը բարձրություններն ու
թեքություններն ապահովելն է։ Շինարարին ասել են՝ կառուցիր, տեխնիկան
հավաքել-եկել է, թքա՛ծ անտառի վրա, կարեւորը կատարողականները ժամանակին
հասցնելն ու փայտանյութը բարով-խերով իրացնելն է։ «Նաղդ վիռուչկեն» թողած՝
ո՞վ պիտի մտածի ինչ-որ ծառի, թփի կամ թռչունի ու գազանի մասին, հատկապես,
որ դրան գումարվում է ռազմավարական նշանակության փայլը։
Այս հարցում, սակայն, ես անհուսալի լավատես եմ եւ կարծում եմ, որ ազդեցիկ
սփյուռքահայերի միջամտությունը կանխելու է Մթնաձորի աղետը, եւ մեր
իշխանությունները ստիպված փոխելու են երթուղին։ Բայց սա դեռ չի նշանակում
հրաժարվել «նաղդ վիռուչկից»։ Երթուղին փոխելուց հետո «Հայլուրն» ու մյուս
ավետաբերներն ազդարարելու են հանրապետության նախագահի բարի կամքն ու
վճիռը։ Եվ ասելու են, թե ինքն ասել էր՝ ռազմավարական, բայց հո չէ՞ր ասել՝
անտառը կտրեք, ինքն իրոք ասել էր՝ այս-այս չափանիշերով, բայց չէր մտածել,
որ մի «տուպոյ պռայեկտիրովշչիկ» վերցնելու է ու գիծը քաշի ուղիղ անտառի
միջով։ Մի խոսքով, ապահովվելու է նախագահի «նաղդ վիռուչկեն», ինչպես դա
արվում է տեղացի կամ սփյուռքահայ որեւէ գործարարի ներդրման շնորհիվ բացված
արտադրամասի, հյուրանոցի, սրճարանի կամ նման մի այլ օբյեկտի կարմիր
ժապավենը կտրելիս։
«Նաղդ վիռուչկեն» իսկապես չի լքում մեզ։ Դրանից ձեռք չեն քաշում անգամ
ինտելեկտուալներն, ովքեր «Մաշտոց-1600» էլեկտրոնային բովանդակության
համահայկական մրցույթ կազմակերպելով՝ մրցանակները տվեցին ժյուրիի
անդամներին, այսինքն՝ իրենք իրենց կամ ինտերնետային այնպիսի կայքերի,
որոնցում բացակա է հայերեն բովանդակությունը։ Ինչո՞վ են տարբերվում այս
մարդիկ սուպեր մարկետի կամ տաքսի ծառայության տիրոջից, դժվար չէ կռահել։
Եվ դժվար չէ կռահել, թե ինչո՞ւ մենք դարերով պետություն չենք ունեցել, թե
ինչպե՞ս է եղել, որ դարերով պետություն չունենալով՝ բազմաթիվ
մայրաքաղաքներ ենք ունեցել, թե ինչպե՞ս է եղել, որ Անի մայրաքաղաքում
հազար եւ մեկ եկեղեցի է եղել։ Ամեն մարդ մտածել է իր «վիռուչկի» մասին՝
լինի նյութական թե հոգեւոր։
Եվ այսօր էլ դժվար չէ կռահել, թե մեծահարուստ գործարար մարդիկ ինչո՞ւ են
եկեղեցի կառուցում, երբ կնունք-հարսանիքից բացի՝ այլ առիթով եկեղեցի չեն
մտնում, երբ հրավիրյալի կարգավիճակով ձանձրանում են հանդիսավոր
պատարագներին մասնակցելիս, իսկ բարեգործություն անում են երկու ձեռքերի
միջեւ ինֆորմացիոն լիակատար ապահովվածության պայմաններում։ Եկեղեցին
կառուցում են, որովհետեւ երկնային արքայությունը նրանց համար ոչ թե
տարողություն ու չափ չունեցող մի բացարձակություն է, այլ հեռավոր մի
«վիռուչկա», որը համապատասխան շինարարական աշխատանքներ կատարելուց հետո
կարող է դառնալ «նաղդ»։
Այս դեպքում, բարեբախտաբար, այն ծառայում է նաեւ մարդկանց, ովքեր այս
անհեթեթ կյանքից հոգնած՝ երբեմն հյուր են գնում Աստծուն ու մխիթարվում
Տիրոջ արքայությամբ։