Ամեն առավոտ Երեւանի Ալեք Մանուկյան 5 հասցեում գտնվող երկու սենյականոց գրասենյակում իր աշխատանքն է սկսում «Ռադիո ջազը» (103,8fm) եւ ռադիոյի ջինգլների ձայն դերասան Արմեն Էլբակյանն, արդեն 2-րդ տարին անընդմեջ, ազդարարում է. «քաղաքը ջազ է լսում»:
Ամեն առավոտ աշխատանքի է մեկնում 36-ամյա տնտեսագետ Գեւորգը, ով իր մեքենայում լսելով Արմեն Էլբակյանի խոսքերը, բարձրացնում է ռադիոընդունիչի ձայնը, որ բոլորն իմանան` ինքը ջազ է լսում: Նա խոստովանում է, որ ոչ մի ջազ կատարողի անուն չգիտի, բայց հստակ գիտակցում է՝ ջազը Երեւանում ճաշակի ու կարողության ցուցիչ է, ու պաշտոնի բարձրացումից հետո ինքն էլ կարող է իրեն թույլ տալ «նման ճոխություն»:
Հայաստանյան ջազի ավանդույթները սկսվել են դեռ 30-ականներին, երբ արդեն գործում էին ջազատիպ կատարումներով հանդես եկող խմբեր, եւ երբ ստեղծվեց Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ կոմպոզիտոր Արտեմ Այվազյանի ղեկավարությամբ ու Ցոլակ Վարդազարյանի խմբավարությամբ: Ապա 50-60-ականների Սովետական Հայաստանում «բուրժուական երաժշտության» փառատոներ էին կազմակերպվում, եւ համարյա բոլոր ուսումնական հաստատություններում փոքրիկ ջազային կոմբոներ էին գործում, ովքեր երեկոներին նվագում էին փակ ակումբներում:
«Ջազը մագնիսական նշանակություն ունի: Բոլորը ցանկանում են մոտ լինել ջազին, սակայն իսկական ջազը միշտ «էլիտար» արվեստ է եղել»,- ասում է Հայաստանում ջազի վետերաններից թմբկահար Չիկոն (Արմեն Թութունջյան): Նա պատմում է, որ 60-ականներին, երբ ինքը ուղղակի սիրահարված էր այդ արվեստին, գրականության պակաս կար, եւ ձայնագրությունները դժվար էր գտնել: Այսօր, ըստ նրա, իսկական ջազ լսողներն են պակասում, իսկ ձայներիզները կան՝ ինչքան ուզես:
«Մեզանում դեռ չկա ջազ լսելու կուլտուրան: Ջազ ակումբ են գալիս իրենց ցույց տալու համար. հեռախոսով են խոսում, բարձր ծամում են ու համբուրվում ջազային երաժշտության ներքո»,- ասում է ավանդական ջազ կատարող «Chiko & Friends» քառյակի հիմնադիրը՝ Չիկոն, եւ բացատրում, որ այս պատճառով ինքը հիմա ակումբներում չի նվագում:
Այսօր Հայաստանում ամենատարբեր ոճերի եւ ուղղությունների ջազային խմբերից առանձնանում է Armenian Navy Band-ը, որն իր երաժշտության ավանգարդ ֆոլկ մոտեցմամբ հայտնի է լայն հասարակության շրջանում եւ որը 2006-ին BBC-ի «World Music Award» մրցույթում հաղթեց «Հանդիսատեսի համակրանքը» անվանակարգում: Navy Band-ի շեփորահար Տիգրան Սաչյանն էլ ասում է, որ իրենք խմբի հիմնադիր Արթո Թունջբոյաջյանի անձնական երաժշտությունն ու ոճն են նվագում, որը կոմերցիոն մաս ունի: Ըստ նրա` «երաժշտության մեջ կարեւորը երաժշտությունն է»: «Դժվար է գտնել սահմանագիծը՝ երաժշտությունը ջազ եւ ոչ ջազ դարձնող, բայց օրինակ` Վահագն Հայրապետյանի տրիոյից դասական ակումբային ջազի սիգարի հոտն է գալիս»,- նշում է դուդուկահար Նորայրը:
Իր հերթին «Katuner» յոթյակի հիմնադիր, դաշնակահար Վահագն Հայրապետյանը ջազային այլ ընկալումների մասին է խոսում: Նա նշում է, որ «ջազ» ասելով՝ պատկերացնում է սեւամորթներին եւ ընդհանրապես չի ընդունում «հայկական ջազ» հասկացությունը: Երեւանում ջազ երաժշտության նորաձեւ լինելու եւ պահանջարկի մասին պատմում է երաժշտական սկավառակների խանութի վաճառողուհի Արմինեն, ով նշում է, որ «ջազ կատարողներին եւ ձայնասկավառակ ունեցող հայ կատարողներին հարցնում են այնքան, որքան հիփ-հոփ աստղերի ձայներիզները, իսկ հիփ-հոփ հիմա շատ են լսում»: «Մենք գտնում ենք, որ տիպիկ ջազ լսողը միջին տարիքի տղամարդ է` բարձրագույն կրթությամբ ու աշխատանքով: Այդ պատճառով մենք բարդ ջազային գործեր եթեր չենք տալիս: Մեր եթերում հնչում է նաեւ հայկական ջազ, իհարկե, այն խմբերինը, ովքեր ձայնագրություններ ունեն»,- ասում է Երեւանում ամենաթանկ գովազդների ռադիոկայանի՝ «Ռադիո ջազի» տնօրեն Արտյոմ Այվազյանը:
14-ամյա շեփորահար Վահանին երեկոներին հաճախ կարելի է տեսնել «Առագաստ» սրճարանի հետեւի այգում: Նրան դեռ երկար տարիներ հասանելի չի լինի սրճարան մուտք գործելը, մի ամբողջ կարողություն է անհրաժեշտ դրա համար: Բայց նա այգում ժամերով լուռ նստում է ու ուշադրությունը կենտրոնացնում` որսալու իր սիրած երաժշտության ամեն մի թրթիռը: «Հիմա ջազը Երեւանի հարուստների համար է, բայց իրականում իրենց խելքի բանը չէ: Ես համոզված եմ, որ տարիներ հետո ես եմ այնտեղ նվագելու ու այդ ժամանակ ինձ լսելու կկանչեմ մեր հարեւան արեւածաղիկ վաճառող տատիկին: Լավ երաժշտությունը բոլորին դուր է գալիս, ինքն էլ կհավանի»,- ասում է Վահանը:
Շուշան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
www. a1plus.am
Լուս.` PHOTOLURE-ի